Ֆրանսահայ դիզայներ ու մոդելյոր Կարին Արաբյանը մոդայի մեծ աշխարհում իր ուրույն ու հաստատուն տեղն է զբաղեցնում: Նրա ստեղծած կոշիկները, պայուսակները, զարդերն ու այլ աքսեսուարները շատ պոպուլյար են ու հաջողությամբ վաճառվում են աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում` Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում… Վերջերս նա իր «Կարին Արաբյան» բրենդի հետ ծանոթացրեց նաեւ Մոսկվայի կանանց:
Կարին Արաբյանի նախնիները նույնպես նորաձեւությամբ են զբաղվել, նրա պապը կոշիկ է կարել, իսկ հայրը` պատվերով կոստյումներ: Կարինը մի քանի տարի սովորելով հեղինակավոր մոդայի բարձրագույն դպրոցում ու համագործակցելով «Սվարովսկի» ու «Շանել» նորաձեւության տների հետ` որոշել է իր սեփական բրենդը ստեղծել եւ ոչ միայն աքսեսուարներ արտադրել, այլ` իր խոսքերով ասած` «կնոջը ոտքից գլուխ հագցնել»: Երեւան այցելելով, Կարին Արաբյանը հանդիսատեսին ներկայացրեց իր նոր հավաքածուն, որի գլխավոր լեյտմոտիվն ազատ, վստահ կանացիությունն էր:
Նրա ստեղծած աքսեսուարները հարմարավետ են ու միաժամանակ` էլեգանտ։ Կ. Արաբյանի պայուսակները նրբագեղ են ու բավականին տարողունակ, քանի որ հասցեագրված են ժամանակակից կանանց, իսկ ժամանակակից կնոջ պայուսակը մեծ պիտի լինի: Կնոջն ավելի լայն անձնական տարածություն է պետք, բացի կոսմետիկայից` պայուսակում տարբեր տեսակի փաստաթղթեր պետք է տեղավորվեն: Ըստ Կ. Արաբյանի` մեծ աքսեսուարներն ագրեսիվ չեն եւ շատ լավ ընդգծում են կնոջ ազատությունն ու նրբագեղությունը: Համենայնդեպս, փոփ-աստղ Մադոննան մեծ հաճույքով է գնում Կարին Արաբյանի զարդերը…
– Զարդերը, որոնք մենք կրում ենք, կարող են ուղղակիորեն ազդել մեր տրամադրության վրա: Հնարավո՞ր է, որ ճիշտ ընտրված ու անձնավորված զարդը մարդուն ազատի որոշակի բարդույթներից:
– Դուք ուզում եք զարդերին հրաշագործություն ու մագիա փոխանցել: Չգիտեմ, գուցե այդպես էլ է լինում: Բայց ինձ համար ավելի կարեւոր է, որ մարդը կարողանա զարդերի միջոցով ինքն իրեն նոր իմիջ հաղորդել, նոր պատկերով հանդես գալ:
– Իսկ հնարավո՞ր է մի ողջ երկրի իմիջը փոխել:
– Իմ մեծ երազանքներից մեկը Հայաստանի պատկերը փոխելն է: Ես աշխատելով «լյուքս» կատեգորիայում` շատ եմ ուզում Հայաստանը կապել «լյուքս» հասկացողության ու կրեատիվ մոտեցման հետ: Շատ բաների հետ կարող ենք Հայաստանը կապել, բայց ոչ «լյուքսի» հետ: Ուզում եմ, որ աշխարհը տեսնի, որ Հայաստանը զարգացած տնտեսություն եւ «լյուքս» արտադրանք կարող է ունենալ: Դրա համար Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի, եւ երկրի պատկերը հնարավոր է փոխել: Բնականաբար, ես միայնակ դա անել չեմ կարող, բայց շատ եմ ուզում դրան նպաստել: Հայաստանը կարող է լավ զարգացած ինֆրաստրուկտուրա ունենալ, ապրանքներ արտադրել` առաջին փուլից սկսած, վերջին փուլով վերջացրած: «Լյուքս» արտադրանքը զարգացած ու կայացած երկրի խորհրդանիշն է: Եվ երբ ունես այդպիսի արտադրանք, բոլորը քեզ ուրիշ հայացքով են նայում, երկրի պատկերն ավելի լուրջ, վստահելի ու կրեատիվ է դառնում: Պատկերը, տպավորությունը շատ կարեւոր են:
– Հնարավո՞ր է, որ սկսեք հայ դիզայների հետ համագործակցել:
– Ես վաղուց եմ համագործակցում: Շատ եմ հավանում դիզայներ Նուռի ինքնատիպ աշխատանքները, շուտով, երեւի, համատեղ բիժուտերիա կամ բիժուտերիայի որոշ դետալներ կարտադրենք: Նուռը շատ մեծ պրոֆեսիոնալ է ու օրիգինալ գործեր է ստեղծում, նա բարձր կարգի դիզայներ է: Նորաձեւության մեջ մի քանի կատեգորիա գոյություն ունի, իսկ Նուռն ամենաբարձր կատեգորիայի զարդեր է անում: Ընդհանրապես Հայաստանը երեք հիմնական նյութ է խորհրդանշում` փայտը, քարը եւ մետաղը, ավելի կոնկրետ` արծաթը: Ես արդեն մի կոլեկցիա ստեղծել եմ, որն ամբողջովին հայկական մոտիվներով եմ արել եւ հենց այդ երեք նյութերն եմ օգտագործել: Այդ կոլեկցիան հայ ձեռագործության վարպետների հետ եմ արել, զարդերի էսքիզներն ինքս եմ արել, բայց իրերը Հայաստանում են պատրաստվել: Այդ հավաքածուն արդեն վաճառվում է Ֆրանսիայում: Բայց ամբողջ կոլեկցիան չեմ դրել վաճառքի, մի քանի գործ կա, որոնք ուզում եմ ինձ պահել, քանի որ նրանք շատ հարազատ են ինձ: Այդ հավաքածուի մեջ կոշիկի, պայուսակի ու ապարանջանի մի կոմպլեկտ կար, որն իմ պատվերով պատրաստել էին Երեւանի Վերնիսաժի վարպետները, եւ այդ կոպլեկտը գնեց Մադոննան: Այն շատ գեղեցիկ էր, պատրաստված էր փայտից, արծաթից եւ ագաթից:
– Չե՞ք ուզում խորհրդավոր օբսիդիանն օգտագործել։
– Հաջորդ կոլեկցիան ոսկուց, փայտից եւ օբսիդիանից է լինելու:
– Ֆրանսիայում Հայաստանի տարի է հայտարարված, չեք կարծո՞ւմ, որ կազմակերպվող միջոցառումները Հայաստանի պատկերը փոխելու համար լավ հնարավորություններ են բացում:
– Բազմաթիվ միջոցառումներ են լինելու, ես ինքս երկու նախագիծ եմ անելու: Մարտ ամսին Փարիզի բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում, որին աջակցում է շատ խոշոր եւ ազդեցիկ pret-a-porter միջազգային մոդայի ֆեդերացիան, ես մի դեֆիլե եմ կազմակերպելու: Բոլոր ցուցադրվող հագուստներն ու զարդերը, որոնք, ինչպես ասացի` փայտից, օբսիդիանից ու ոսկուց են լինելու, պատրաստված կլինեն հայկական նյութից եւ ստեղծված կլինեն Հայաստանում: Եթե ոչ ամբողջական նմուշներն, ապա` գոնե դետալներն արված կլինեն հայ վարպետների կողմից: Դա առաջին դեպքը կլինի, երբ «Պատրաստված է Հայաստանում» պիտակը լուրջ ներկայացված կլինի բարձր նորաձեւության շաբաթում: Հուսով եմ, որ դա լավ գովազդ կլինի Հայաստանի համար: Իսկ իմ երկրորդ նախագիծը դիզայներական աշխատանքների հետ է կապված: Ապրիլ ամսին Մարսելի Մոդայի թանգարանում կբացվի հայ վարպետների աշխատանքների ցուցահանդեսը, որը կտեւի վեց ամիս: Այդ ցուցադրության մասին մանրամասներ ասել չեմ կարող, այն հիմա նախապատրաստական փուլում է: Ասեմ, որ Մարսելի թանգարանն ինձ «քարտ բլանշ» է տվել, ասել է` ինչ ուզում ես, արա: Ես էլ ուզում եմ այնպես ներկայացնել Հայաստանը, որ շատերը զարմանան: Տեսնեն, թե ինչ բարձրաճաշակ ու մոդեռն գործեր են արվում Հայաստանում: Մարսելի Նորաձեւության թանգարանի տնօրենն ինձ հետ Երեւան էր եկել, ես նրան հրավիրել էի իմ հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Ազգային պատկերասրահում: Ֆրանսիական նորաձեւության մասին պատմող չորս շատ ազդեցիկ` «Մարի Քլեր», «Էլ», «Էքսպրես» եւ «Լե մոնդ» ամսագրերի լրագրողների էի հրավիրել: Ճիշտ է, նրանք եկել էին իմ ցուցադրության մասին գրելու համար, բայց որոշեցին պատմել նաեւ Հայաստանի կյանքի մասին: Բնականաբար, նրանք շատ բան տեսնել ու հասկանալ չհասցրին, բայց եղան Գառնիում, Գեղարդում ու Սեւանում: Շատ եմ ուզում, որ ֆրանսիացիները ծանոթանան Հայաստանի հետ:
– Գոյություն ունի՞ «մոդայի զոհ» հասկացողությունը:
– Իհարկե, զոհեր կան: Եվ շատ-շատ կան: Աղջիկները պատրաստ են ընդհանրապես ուտելուց հրաժարվել, միայն թե կարողանան իրենց հավանած զգեստը կրել: Շատ երիտասարդներ ուզում են նիհար ու բարակ մանեկենուհիների նմանվել` չհասկանալով, որ մանեկենուհին դա մասնագիտություն է, եւ բոլոր չեն կարող նման արտաքին ունենալ:
– Զբոսնելով Երեւանով ու տեսնելով հայ կանանց ոճը, ինչպիսի՞ տպավորություն եք կազմել:
– Հայաստանում շատ բան սոցիալական վիճակի հետ է կապված: Յուրաքանչյուր կին իր սոցիալական շերտի պատկանելությունն է կրում: Կան կանայք, ովքեր շատ ցանկանալով իրենց հագուստի մեջ ընդգծել սեփական հարստությունը՝ թանկ հագուստ են նախընտրում, ինչի արդյունքում կորցնում են իրենց ինդիվիդուալությունը: «Զոհ» հասկացողությունն ավելի շուտ կարելի է այստեղ կիրառել, քանի որ ինչ ուզում ես` կարող ես հագնել, բայց պետք է անհատականություն մնաս, այլ ոչ թե ջանքեր գործադրես` ուրիշներին նմանվելու համար:
– Շատերի համար էժանագին թուրքական ու չինական հագուստը հաճախ նորույթների միակ աղբյուրն են…
– Հասկանում եմ, որ սոցիալական վիճակը շատերին ստիպում է տոնավաճառներից հագուստ գնել: Ես նրանց կշտամբելու իրավունք չունեմ, լավ հասկանում եմ, որ իմ արտադրանքը Հայաստանում վաճառել դեռ չեմ կարող, այն բավականին թանկ է: Բայց ուզում եմ ասել, որ չինական արտադրանքը շատ տարբեր է լինում: Ապրանքներ կան, որոնք չինական չեն, այլ` պարզապես Չինաստանում են արտադրված: Չինաստանն ու Թուրքիան «չիպ»` միլիոնավոր տիրաժներ ունեցող արտադրանքի հետ մեկտեղ ավելի բարձր կատեգորիայի արտադրություն եւս ունեն: Օրինակ, Մարկ Ժակոբսն ու Պրադան իրենց հագուստներն ու աքսեսուարներն ամբողջությամբ Չինաստանում են պատրաստում: Կոշիկների ամենահայտնի դիզայներ Մարկ Ժակոբսը եւ կաշին, եւ ներբանները Չինաստանից է բերում, իրար է միացնում Իտալիայում ու որպես իտալական կոշիկ է վաճառում: Իսկ Կարլ Լագերֆելդի շապիկները կարվում են Ռումինիայում: Այնպես որ, Չինաստանը թերագնահատել պետք չէ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:
– Ես նորաձեւության «ոստիկան» չեմ, որ այսպես հագնվելու կամ այնպես չհագնվելու խորհուրդ տամ: Լավ կլինի, որ հայ կանայք ավելի պարզ հագնվեն: Արեւելյան ազգերի նման հայերը շատ են սիրում փայլուն ու զարդարված հագուստ կրել, մինչդեռ ավելի գնահատելի ու գեղեցիկ է պարզությունը: Հայ կանանց համար պետք է շատ դեֆիլեներ կազմակերպվեն, նորաձեւության նորույթները ներկայացվեն, այդ բոլորը լայնացնում են մարդկանց մտահորիզոնը: Ընդ որում, թանկարժեք հագուստի ետեւից ընկնել պետք չէ, պետք է կարողանալ նկատել, որ թանկի կողքին կան շատ հետաքրքիր ու ոչ թանկ ապրանքներ: Հիմա ես, օրինակ, ֆիննական պարզ մի շապիկ եմ հագել, որի մեջ ինձ շատ հարմարավետ եմ զգում: Այն նորաձեւ, հարմար ու ոչ շատ թանկ է: Եթե Ֆրանսիայում կարելի է այս կերպ հագնվել, ինչո՞ւ չի կարելի նույնը անել Հայաստանում: Լավ որակն ու միջին գինը համադրելի են:
– Կանացի մոդան հիմնականում տղամարդիկ են ստեղծում, որոնք կնոջը հագցնում են իրենց պատկերացումների համաձայն: Չի՞ հասունացել արդյոք այդ մենաշնորհը խախտելու ժամանակը:
– Իրոք, բարձր մոդան այսօր տղամարդիկ են անում, որոնցից շատերը չափազանց էքստրավագանտ հագուստներ են ստեղծում: Բայց մոդայի ասպարեզում հաստատուն ծրագիր ունեցող շատ կանայք կան, եւ հենց նրանք էլ կոմերցիոն տեսակետից ավելի հաջողակ են: Փաստ է, որ ամենալավ վաճառվող հագուստի հեղինակները կանայք են: Աշխարհում մոտ տասը «haute couture» նորաձեւության տներ կան, որոնք կարող են իրենց թույլ տալ` չսպասել հագուստի վաճառքից ստացած եկամուտներին: Նրանք միայն պատկեր` իմիջ են ստեղծում: «Շանելի» կամ «Վալենտինոյի» եկամուտները ոչ թե հագուստի, այլ աքսեսուարների վաճառքից են գոյանում:
– Ինչպիսի՞ն է իդեալական կնոջ ձեր պատկերացումը:
– Կինն առաջին հերթին պետք է վստահ լինի: Նա չպիտի հագուստ ընտրի` տղամարդուն դուր գալու համար, այլ պետք է առաջին հերթին` հագուստի մեջ ինքն իրեն լավ զգա: Կնոջ վստահությունը ոչ մի դեպքում չի բացառում կանացիությունը: Ընդհակառակը` ընդգծում է այն: Ազատ, վստահ կինն, օրինակ, կարճ կիսաշրջազգեստներ երբեք չի հագնի, քանի որ դրանք շատ անհարմար են ու կաշկանդում են ազատ շարժումները: Չի հագնի նաեւ այնպիսի բարձրակրունկ կոշիկներ, որոնց վրա ճոճվելով կքայլի: Կանացի ու սեքսուալ լինելու համար պետք չէ նման կերպ հագնվել: Համոզված եմ, որ մինի-շրջազգեստ հագնող կինն ուզում է ասել` ես պատրաստ եմ սեքսի, բայց հոգու խորքում իրեն սեքսուալ չի զգում: