«Մենք մեր Ստամբուլը հայերին ենք վստահել, իսկ հայերն իրենց Երեւանը` մեզ»,- ասաց թուրք լուսանկարիչ Օսջան Յուրդալանը` ներկայացնելով «Մերհաբարեւ» հայ-թուրքական համատեղ ֆոտո նախագիծը: Այն սկիզբ է առել կես տարի առաջ` Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ:
Հինգ հայ լուսանկարիչներ մեկնել են Ստամբուլ, իսկ հինգ թուրք լուսանկարիչներ Երեւան են ժամանել: Երկու հարեւան երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ փակ սահմաններն էլ ավելի են խորացնում երկու պետությունների մեկուսացումը: Այդ պատճառով էլ երկխոսության համար անհրաժեշտ առաջին քայլն արվում է մշակույթի միջոցով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին հայ լուսանկարիչներ Ռուբեն Մանգասարյանը, Գերման Ավագյանը, Նելլի Շիշմանյանը, Անահիտ Հայրապետյանը եւ Կարեն Միրզոյանը: Թուրք լուսանկարիչներից ներկա էր միայն Օ. Յուրդալանը, ով ուշադրության կենտրոնում հայտնվելով` շատ էր հուզվել. «Ես զարմացած եմ մնացել հայերի վերաբերմունքից: Քաղաքում շատ հանգիստ էին ընդունում իմ թուրք լինելը, փողոցում հանգիստ կարող էի թուրքերեն խոսել, իսկ մարդկանց լուսանկարելիս` ասել, որ ես թուրք եմ: Ոչ մի անգամ նույնիսկ բացասական ռեակցիա չեմ նկատել: Մարդիկ շրջապատում էին ինձ ու ցանկանում զրուցել: Նույնիսկ իրենց տուն էին ինձ հրավիրում` թուրքական սուրճ խմելու»:
Թուրք լուսանկարիչը նշեց, որ Թուրքիայում այս նախագիծը համար առաջին լուրն է դարձել, ու բոլոր հեղինակավոր թերթերն առաջին էջում հայ-թուրքական լուսանկարչական ակցիայի մասին են պատմում:
Իսկ որպես երկու քաղաքների հիմնական տարբերություն` Օսջան Յուրդալանը նշեց, որ Երեւանն, ի տարբերություն Ստամբուլի, արվեստի քաղաք է. «Ամեն օր որեւէ մշակութային միջոցառում է տեղի ունենում` համերգ է լինում, ցուցահանդես է բացվում, կամ ֆիլմի պրեմիերա է տեղի ունենում: Ստամբուլում այդպես չէ»:
Ներկայացված լուսանկարները պատմական անցյալի հուշը չեն կրում ու երկու քաղաքների ամբողջական պատկերը ներկայացնելու չեն հավակնում: Ավելի շուտ, դրանք էքսպրոմտ-լուսանկարներ են, որոնք ծնվել են քաղաքների ու քաղաքաբնակների հետ շփումից: Ռուբեն Մանգասարյանն ասաց, որ սառը վավերագրությունը պահպանելու համար իրենք որոշել էին հրաժարվել գույնից ու բոլոր լուսանկարները սեւ-սպիտակ անել: Լուսանկարներում շատ են պատահական մարդկանց դեմքերը` քայլող, նվագող, լողավազանում լողացող, խանութներում ու շուկաներում գնումներ անող մարդիկ: «Մենք իրար չէինք կարող ասել` փակի՛ր աչքերդ ու այս մի բանը մի՛ տես: Համոզված եմ, որ երկու կողմերն էլ ունեն այնպիսի բաներ, որոնք չէին ցանկանա աշխարհին ցուցադրել»,- ասաց Նելլի Շիշմանյանը: Իրականում լուսանկարները վկայում են, որ երկու քաղաքներն ավելի շատ նմանություն ունեն, քան` տարբերություն: Կամ էլ այդպես է ստացվել, քանի որ մարդիկ ամեն տեղ նույնն են: Իսկ պատկերված երեխաների դեմքերին նայելով դժվար էր կռահել` նրանք հա՞յ են, թե՞ թուրք:
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Երեւանն ու Ստամբուլն իր հարազատ քաղաքները համարող երաժիշտ Արտո Թունչբոյաջյանը, ով ասաց. «Սիրում ենք կրկնել, որ այս աշխարհը բոլորինն է, մերն է, բայց ինքներս մեր առաջ ազնիվ չենք: Մեզ խանգարում է սուտը, այն սուտը, որը թույլ չի տալիս ներդաշնակ ապրել»:
Ցուցահանդեսը, որի խորագիրը հայերեն ու թուրքերեն «բարեւների» միաձուլումից է կազմվել, ցուցադրվելու է նաեւ Գյումրիում ու Ստամբուլում:
«Տարիներ պիտի անցնեին, որ մենք` հայ լուսանկարիչներս, որպես հայ, կարողանայինք Ստամբուլ գնալ ու քաղաքն ազատ լուսանկարել: Իսկ քանի՞ տարի պիտի անցնի, որ ես գնամ Ադրբեջան ու իմ հայրական Քերքեջ գյուղը կարողանամ լուսանկարել»,- ասաց Գերման Ավագյանը: