2000թ. ֆրանսահայ հայտնի մի գործարարի հետ մեր աշխատակիցներից մեկը Ֆրանսիայում այցելեց աշխարհահռչակ հայազգի նկարիչ Ժանսեմի արվեստանոց: Վարպետը նոր էր սկսել ջարդի թեմաներով իր նկարների շարքը: Սփյուռքահայ գործարարը Ժանսեմին հարցրեց, թե արդյո՞ք իր այդ նկարները հայոց ցեղասպանության մասին են պատմում: Նկարիչը, սակայն, չհամաձայնեց, ասելով, որ ինքն առհասարակ բոլոր ազգերի, ժողովուրդների նկատմամբ տեղի ունեցած ջարդերի, մարդկային բռնությունների մասին է նկարել: Այս հանդիպումից մի քանի տարի անց ՀՀ իշխանությունների աջակցությամբ Ժանսեմի այդ նկարները հայտնվեցին Հայոց ցեղասպանության թանգարանում՝ որպես Հայոց ցեղասպանության մասին պատմող կտավներ: Իսկ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն իրավացիորեն նկատեց, որ «Ժխտողականության դեմ օրենքը պետք է ընդունվեր բոլոր հանցագործությունների, ոչ թե միայն հայերի դեմ գործածի համար, քանի որ հակառակ դեպքում դա տարօրինակ տպավորություն է թողնում»: Ամենեւին կասկածի տակ չդնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, այնուամենայնիվ, մի քանի հարցեր անպատասխան են մնում: Ինչո՞ւ այս օրենքը ֆրանսիացիները չընդունեցին 2001թ., երբ դատապարտում էին հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ այդ օրենքն ընդունվեց Բուլղարիայի եւ Ռումինիայի՝ Եվրամիությանն անդամակցելուց բառացիորեն հաշված օրեր անց, երբ Եվրամիության առջեւ արդեն բաց էին դեպի Սեւ ծովը դարպասները: Եվ ինչո՞ւ այս օրենքը (որն, ի դեպ, դեռ չի հաստատվել Սենատի եւ նախագահ Շիրակի կողմից) ֆրանսիական պառլամենտն ընդունեց իրենց նախագահական, ապա խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ (հիշեցնենք, որ Ֆրանսիայում բնակվում է բավականին մեծ հայկական համայնք, որն ընտրությունների ժամանակ պոտենցիալ էլեկտորատ է):