Հետախուզվում է պատգամավորի որդին

25/10/2006

Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում տեղակայված «ՀայՌուսգազարդ» ընկերության գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած միջադեպին մասնակցած խմբի անդամներից եւս 7 հոգու մեղադրանք է առաջադրվել: Նրանք կալանավորվել են: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանական արարք զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Դեպքից հետո ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով 72 ժամ անց ազատ արձակվեց, սակայն Հովտաշատում ծեծկռտուքին մասնակցած Հակոբյանի թիկնազորի ղեկավար Լ. Բարսեղյանի, գազալիցքավորման կետերի աշխատակիցներ Դ. Ներսիսյանի եւ Խ. Հայրապետյանի նկատմամբ, ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց կալանավորել են: Ավելի ուշ կալանավորվել են «Գովասան» ընկերության տնօրեն, Հ. Հակոբյանի քենակալ` Արմենակ Վարդանյանը, Բաբկեն Սերոբյանը, Վարազդատ Եղիազարյանը, Արթուր Սիմոնյանը: Հոկտեմբերի 20-ից հետախուզման մեջ է Հ. Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, ում եւս մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանական արարք կատարելու հատկանիշներով: