Նախորդ շաբաթ միջուկային զենքի չտարածման, Իրանի եւ այլ հարցերի մասին Մոսկվայում Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ բանակցությունների ավարտից հետո, երբ բարձրախոսներն արդեն անջատված են եղել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Իսրայելի նախագահ Մոշե Կացավի հետ կապված պատմությանը: Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահին այդ երկրի իրավապահ մարմինները մեղադրում են նախագահի աշխատակազմի 10 աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ անելու համար, ու թեեւ Մ. Կացավը հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները, սակայն ոստիկանները գտնում են, որ նախագահին մեղադրելու համար բավական հիմքեր կան: Ինչեւէ, BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահի հետ կապվածի վերաբերյալ այդ երկրի վարչապետին Վ. Պուտինի ասած խոսքերը լսելի են եղել «Կոմերսանտ» թերթի՝ մոտակայքում գտնվող թղթակցին: Ըստ այդմ, Ռուսաստանի նախագահն Իսրայելի վարչապետին ասել է բառացիորեն հետեւյալը. «Բարեւներ փոխանցեք ձեր նախագահին: Շատ հզոր տղամարդ դուրս եկավ: Միանգամից 10 կնոջ…: Ես երբեք նրանից չէի սպասում: Նա մեզ բոլորիս զարմացրեց: Մենք բոլորս նրան նախանձում ենք»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վ. Պուտինն իրոք ասել է վերոնշյալ խոսքերը, սակայն, ըստ Դ. Պեսկովի, այդկերպ ՌԴ նախագահը պարզապես կատակել է: Ի դեպ, Վ. Պուտինն այդ խոսքերն ասել է ռուսերենով, եւ այն լսող լրագրողն այն տպավորությունը չի ստացել, թե Վ. Պուտինը կատակում է: