«168 Ժամի» նախորդ համարներից մեկում նշել էինք, որ շինանյութեր արտադրող ֆրանսիական հայտնի «Lafarge» ընկերությունների խումբը, որն աշխարհում առաջինն է ցեմենտի արտադրությամբ, ցանկանում է գնել ցեմենտ արտադրող հայաստանյան երկու ընկերությունները` Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող «Արարատ ցեմենտի գործարան» ՓԲԸ-ն եւ Միխայիլ Բաղդասարովի «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ն: Մեր աղբյուրների համաձայն, «Lafarge»-ն արդեն բանակցություններ է վարում հայաստանցի գործարարների հետ:
Մեզ հետ զրույցում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ասաց, որ «Lafarge»-ի ներկայացուցիչներն իրոք եկել եւ առաջարկել են իրենց վաճառել «Արարատ ցեմենտի գործարանը»: «Սակայն, ընդհանրապես այդ հարցը չի քննարկվել, քանզի մենք մտադրություն չունենք գործարանը վաճառել»,- նշեց Ս. Առուստամյանը` կտրականապես բացառելով իրենց գործարանի վաճառքը:
Իսկ «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը մեզ պատասխանեց, որ այս առնչությամբ այժմ միանշանակ ոչինչ ասել չի կարող, քանի որ դա առեւտրային գաղտնիք է: Նա նշեց, որ «Lafarge»-ը ցանկություն ունի ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, Վրաստանում, Ղազախստանում եւ ընդհանրապես ԱՊՀ ողջ տարածքում: Մ. Բաղդասարովի հավաստմամբ, «Միկա-Ցեմենտը» շատ պոտենցիալ գնորդներ ունի, որոնց բոլորի հետ իրենք բանակցություններ են վարում: «Մենք ոչ ոքի ոչինչ չենք խոստացել, իսկ բանակցությունների արդյունքները երբ որ պարզ լինեն, կհայտարարենք»,- ասաց «Միկա Լիմիտեդի» ղեկավարը:
Մեր աղբյուրները նաեւ նշում են, որ «Lafarge»-ի պայմաններից մեկն էլ այն է, որ եթե երկու գործարանները միաժամանակ չհամաձայնեն վաճառել, ապա դրանցից միայն մեկի համաձայնությունը չի կարող իրենց համար կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնել: Նշենք, որ «Lafarge» ընկերությունը հիմնադրվել է 1833թ.: Նրա ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 16 մլրդ եվրո: Ընկերությունն ունի 80.000 աշխատող աշխարհի 76 երկրներում: «Lafarge»-ի ցեմենտի արտադրության գերակշիռ մասը բաժին է ընկնում Արեւմտյան Եվրոպայի երկրներին: