«Մեղավորներին» փնտրելիս

25/10/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Սեպտեմբերի սկզբին «ԱրմենՏել» ընկերությունը դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ֆիքսված հեռախոսակապի համար սովորական բաժանորդների ամսական վարձը 1100 դրամից դարձնել 3000 դրամ, կրճատել անվճար եւ նվազագույն սակագնով տրամադրված րոպեների քանակը, ինտերնետի 1 րոպեի վարձը 1 դրամից՝ 2,4 դրամ դարձնել եւ այլն: Ու թեեւ անցյալ շաբաթ հանձնաժողովն «ԱրմենՏելի» հայտը չբավարարեց, այնուամենայնիվ չի բացառվում, որ այն որոշակի փոփոխություններով բավարարվի այս տարի, եւ 2007թ. հունվարից ՀՀ բնակչությունն ունենա հեռախոսակապի նոր սակագներ: Արդեն մոտ երկու ամիս է` ՀՀ ֆիքսված հեռախոսակապի մոնոպոլիստի այս առաջարկը հանրությանը հուզող թեմաներից մեկն է դարձել: Եվ բնական է` այս կապակցությամբ մեղադրվում է միայն «ԱրմենՏելը»: Սակայն, մեզ հետ զրույցում ընկերության պաշտոնյաներից մեկը հավաստիացրեց, որ «ԱրմենՏելի» հայտն ամենեւին էլ ընկերության ղեկավարության «սրտով չէ»: «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիոս Ֆետսիսն, ըստ մեր զրուցակցի, ի սկզբանե դեմ է եղել սակագների բարձրացմանը: «Հայտը ներկայացվել է ՀՀ կառավարության միջամտությամբ»,- ասաց ընկերության պաշտոնյան: Նա իր ասածը բացատրում է նրանով, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի «ԱրմենՏելը» վաճառվի ռուսական կողմին: Սակայն հայտնի է, որ ռուսներն ընկերության 90% բաժնետոմսերի դիմաց ավելի քիչ գումար են առաջարկում, քան արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT) կոնսորցիումը: Ուստի կառավարությունն ուզում է մի «գնդակով երկու նապաստակ որսալ». այն է` «ԱրմենՏելը» ռուսական կողմի համար դարձնել առավել գրավիչ, իսկ հունական «ՕՏԵ»-ին համոզել ընկերությունը վաճառել հենց ռուսներին, այլ ոչ թե արաբներին: Այսպիսով, գոհ կմնան եւ՛ ռուսները, եւ՛ հույները, եւ՛ Հայաստանի կառավարությունը, իսկ նրանց «գոհացնողը» կլինի բնակչությունը:

Սակայն «ԱրմենՏելից» հերքեցին, որ կառավարության «մատը խառն է» հեռախոսակապի սակագների բարձրացման առաջարկի մեջ: Ընկերության լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ հայտը հանձնաժողովին ներկայացվել է «ԱրմենՏելի» ղեկավարության համաձայնությամբ, եւ այստեղ «կառավարությունը կապ չունի»: Ինչեւէ, պարզ է, որ առկա է կառավարություն-«ԱրմենՏել» լուրջ հակասություն, որը պետք է ինչ-որ կերպ լուծում ստանա, ինչն էլ փոխադարձ զիջումներ է պահանջում: Այս պարագայում մի կողմը պետք է «պարզաճակատ» դուրս գա հասարակության առջեւ, իսկ մյուս կողմը հարվածը վերցնի իր վրա: Վերջինիս դերում այժմ «ԱրմենՏելն» է, քանզի «ՕՏԵ»-ին, կարծես թե, այլեւս չի հետաքրքրում հանրային կարծիքը. նա արդեն պատրաստել է իր «ճամպրուկները»: