Վագրը կատաղել է

25/10/2006

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների` 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 12.5%։ Իսկ ամսվա կտրվածքով աճն ավելի տպավորիչ է՝ սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ՝ 26.3% է։ Ըստ վիճակագիրների, սեպտեմբերը բարեհաջող է եղել նաեւ արդյունաբերության համար՝ օգոստոսի նկատմամբ գրանցվել է 4.2% աճ։ Սակայն նախորդ տարվա 9 ամիսներին այս տարվա ցուցանիշը զիջում է դեռ 1.6%-ով։ Ինչպես միշտ, 12.5% աճի մեջ ռեկորդակիրը շինարարության ոլորտն է՝ 39.6%։ Ծառայություններն աճել են 22%-ով, իսկ ահա գյուղատնտեսությունը նախորդ տարվա համեմատ ոչ աճել է, ոչ նվազել։ Իսկ ամենափայլունն արտաքին առեւտրի ցուցանիշներն են, որոնք ամենից շատ էին քննադատության ենթարկվում։ Այսպես, օգոստոսի համեմատ սեպտեմբերին ներմուծումն ավելացել է 5.3%-ով, իսկ արտահանումը պարզապես թռիչք է ապրել՝ 41.9%-անոց աճ։ Ամսվա կտրվածքով այս տարի մենք այսպիսի աճ չենք ունեցել։ Ցավոք, ԱՎԾ տվյալները նախնական են եւ ոչ ամբողջական, այլապես կճշտեինք՝ ռուս-վրացական հարաբերությունների արդյունքում սրված տրանսպորտային խնդիրների, դրամի արժեքավորման եւ արդյունաբերության աննշան աճի պայմաններում մեր հանրապետությունը ի՞նչ է արտադրել եւ ո՞ւր է արտահանել։ Բնակչության եկամուտներն աճել են 19.8%-ով, իսկ գործազրկությունը կրճատվել է 2.9%-ով։ Վերջում անդրադառնանք գնաճին։ Վիճակագիրներն արձանագրում են, որ սեպտեմբերին գներն իջել են 0.3%-ով (օգոստոսի նկատմամբ)։ Ահա այսպես, տնտեսությունն աճում է, գները՝ իջնում, գործազրկությունը նվազում է, մարդիկ շատ փող են ստանում, եւ կյանքը Հայաստանում ուրախ է ու երջանիկ։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ընդդիմությունը բողոքելու տեղ չի ունենա, գյուղացիներն էլ կարիք չեն ունենա հերթ կանգնել՝ մի քանի կիլոգրամ կարտոֆիլի սերմացու ստանալու համար։