Ամուսնու՝ Հմայակ Սարգսյանի հետ 40 տարի են ապրել: Ամուսինը Իրկուտսկ քաղաքում էր ծառայում, երբ նրանք ծանոթացան: «Բնիկ բերձորցի է, բայց եղբայրը Բաքվում էր ապրում, եւ մենք այնտեղ ապրեցինք մինչեւ 1988-ի հայերի հանդեպ կատարված հայտնի դեպքերը: Հունվարի 19-ին, երբ հայերի հալածանքները սկսվեցին, ամուսնուս եւ երեխաներիս ճանապարհեցի Հայաստան, իսկ ես միառժամանակ մնացի այնտեղ: Հայկական բոլոր ջարդերն իմ կաշվի վրա եմ զգացել, քանի որ իմ ազգանունն ամուսնուս ազգանունն էր, եւ տան փաստաթղթերը նույնպես ամուսնուս անունով էին: Մեր տունն էլ են վառել, պատուհանները ջարդել, լավ է, որ ժամանակին երկաթյա ցանցեր սարքեց ամուսինս, որոնք փրկեցին ինձ սպանվելուց»,- պատմում է ազգությամբ ռուս տիկին Լիդիան:
Նա Բաքվում համալսարանում էր աշխատում, իսկ ամուսինը տաքսու վարորդ էր: Պատմում է, որ ընտանիքը Բերձոր բերելուց որոշ ժամանակ անց մահանում է ամուսինը: 70-ամյա տիկին Լիդիան այժմ իր տղայի հետ է ապրում, իսկ աղջիկը մոտակա գյուղում ուսուցչուհի է: Տղան նկարիչ է, բայց կոմունալ բաժնում է հիմա աշխատում, քանի որ ռուսական կրթություն ունի, եւ համապատասխան աշխատանք չկա: «Ես հավաքարար եմ աշխատում, 20 հազար դրամ եմ ստանում, թոշակս էլ չի հերիքում, բայց դե ի՞նչ անենք: Ամուսինս մեզ թողեց, բայց ասաց, որ Հայաստանից չգնանք, հատկապես՝ Բերձորից: Տղաս ամուսնացած է, երկու երեխա ունի, բայց նրանք հիմա Գորիսի շրջանի Տեղ գյուղում են ապրում, քանի որ մեր տունը վթարային է, իսկ մեզ տուն են խոստացել, տեսնենք… Նրա կինը շատ է ուզում այստեղ ապրել»,- ասում է տիկին Լիդիան:
Չնայած կյանքի դժվարություններին, տիկին Լիդիան գոհ է, որ Բերձորում է ապրում. «Ինձ այստեղ բոլորը հարգում են, բոլորն անցնում են ու ինձ բարեւում են ռուսերեն լեզվով, քանի որ գիտեն, որ ռուս եմ, ինձ համար շատ հաճելի է: Իսկ ժամանակ առ ժամանակ այստեղ բնակվող ռուսների հետ եմ շփվում»,- ասում է նա:
Իսկ 53-ամյա Վեներա Յավրումյանն իր ընտանիքով 1989թ. Բաքվից տեղափոխվել են Եղեգնաձոր, որտեղ ապրել են մինչեւ 1994թ.: Ապա լսում են, որ Բերձորում վերաբնակեցում է իրականացվում։ «Կարող եք գնալ այնտեղ, ձեզ ամեն ինչով կապահովեն»,- ասում էին նրանց:
«1994թ. մայիսի 13-ին եկանք այստեղ, ու մինչ օրս ոչնչով չեն ապահովել, տունս քանդված է, 5 երեխա ունեմ, տղաս բանակում է, երկու աղջիկներս ամուսնացած են, երեխաներ ունեն: Մեր տանը ես եմ աշխատում: Գիշերօթիկ դպրոցում հավաքարար եմ, իսկ ամուսինս բենզալցակայանում պահակ է: Երկուսս միասին 35 հազար դրամ ենք ստանում, որով պահում ենք մեր երկու անչափահաս երեխաներին: 1997 թվից մինչ օրս ամեն տարի դիմում եմ գրում տան հարցով, բայց անարդյունք: Տան տանիքը ծակ է, անձրեւը ներս է թափվում, իսկ տան հետեւի պատը փլված է… Իմ ամենաառաջնային պրոբլեմը տունն է: Տուն է պետք, երեխեքիս հավաքեմ ու նորմալ ապրենք»,- ասում է նա:
Բերձորի բնակիչների հետ զրույցի ժամանակ շատերը ցավով էին նշում այն մասին, որ մարդիկ թողնում են շրջանը ու տեղափոխվում այլ բնակավայրեր: Իսկ պատճառները տարբեր են: Ինչպես վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներում են գրում, պատճառը նաեւ վարչակազմի ղեկավարի ոչ պատշաճ վերաբերմունքն է շրջանի բնակիչների խնդիրների նկատմամբ: Իսկ վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանը պատճառաբանում է, որ սոցիալական պայմաններն ու մարդկանց ծուլությունն է հիմնական պատճառը:
Իրական պատճառները փորձեցինք պարզել նաեւ ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանից: «Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի դեմ տարբեր ԶԼՄ-ներում հնչած մեղադրանքները որակում եմ որպես անձնական մեղադրանքներ: Շրջանից մարդկանց հեռանալը ամենեւին էլ կապված չէ վարչակազմի ղեկավարի վերաբերմունքի հետ: Պատճառը թերեւս այն է, որ տարիներ առաջ վերաբնակեցումն իրականացվել է ոչ ճիշտ ձեւով, ինչպես ընդունված է աշխարհում, եւ դրա հետեւանքով էլ մարդիկ այնտեղ այսօր սոցիալական մի շարք խնդիրներ ունեն: Կա նաեւ որոշակի խավ, որը հույսը դրել է միայն բարեգործություններից օգտվելու վրա եւ չի ցանկանում ինչ-որ բան ստեղծել, չնայած որ շրջանում կան նաեւ այնպիսիները, ովքեր, բացի այն բանից, որ սեփական ուժերով տուն են կառուցել կամ վերանորոգել, այլեւ բիզնես են դրել, գործ են անում: Ներկայումս կառավարության կողմից մշակվում է Քաշաթաղի շրջանի զարգացման ծրագիրը: Մենք պետք է ունեցածը կարողանանք պահպանել ու ձգտել չդադարեցնել վերաբնակեցման ծրագիրը»,- մեզ հետ զրույցում ասաց պրն Նաջարյանը:
Ի դեպ, նշենք, որ Քաշաթաղի հարցը պետք է քննարկվեր նաեւ ԼՂՀ Անվտանգության խորհրդում: