Սովետական Միության բազմակի չեմպիոն, Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոն, 49-ամյա Տատյանա Սիմաշովան 25 տարի առաջ Հայաստանի թեթեւ ատլետիկայի բնագավառում զգացվող մասնագետների սղության պատճառով, Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի հրավերով հրավիրվել է Հայաստան: «Ծնվել, մեծացել եմ Ռուսաստանում, ավարտել եմ տեղի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիան: Եկել եմ Հայաստան 1981թ. դեկտեմբերի 11-ին` արդեն որպես պատրաստի եւ կայացած մարզիկ: 1982 թվականից հինգ տարի շարունակ աշխատել եմ Հայաստանի հավաքականի կազմում: Մարզիչը, որի հրավերով եկել եմ Հայաստան, «Սպարտակի» կազմից էր, իսկ ես «Դինամոյից» էի: Ես այն կարգի չեմպիոն էի, ով հանդգնել էր «Դինամոյից» տեղափոխվել «Սպարտակ»: Դրա համար մեկուկես տարի Ռուսաստանից` «Դինամոյի» ղեկավարությունն իմ փաստաթղթերը չէր ուղարկում՝ համոզված լինելով, որ կվերադառնամ»,- պատմում է Տ. Սիմաշովան: Նա Հայաստանի մարզաշխարհում ունի իր մեծ ավանդը. հայկական դրոշի ներքո մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների` կարողանալով համատեղել մարզիկի եւ մարզիչի մասնագիտությունները: Նրա վաստակած մեդալների թիվը հասնում է 100-ի, որոնցից մի քանիսին արժանացել է հաշմանդամ վիճակում: Նրա ռեկորդը թեթեւ ատլետիկայի` սկավառակի նետում մարզաձեւում 67-86 մ է, իսկ գնդակի հրում մարզաձեւում` 3կգ գնդակով 18 մետր է: Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետեւանքով Սիմաշովայի ողնաշարի վրա երկու ճողվածք է գոյացել, որի պատճառով նա դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ: «Ես քայլ առ քայլ ոտքուձեռքից ընկա: Երեք ամիս միայն անկողնում անցկացրեցի, իսկ չորսուկես տարի դատապարտված էի կորսետ (ամրագոտի) կրել: Այդ վիճակում Քիշնեւում այնպիսի ռեկորդ տարա, որ երբեւիցե որեւէ մեկը չէր տարել: Ուկրաինացիներն անգամ ինձ մեղադրեցին, թե առողջ մարզիկը հաշմանդամների հետ է հանդես գալիս: Մինչեւ ցույց չտվեցի փաստաթղթերս, նրանք չհամոզվեցին, որ հաշմանդամ եմ»,- հիշում է հաշմանդամ չեմպիոնուհին: «Երբ ինձ առաջին անգամ փորձեցին ուղղահայաց վիճակում պահել, 30 վայրկյան դիմացա, որից հետո աչքերիս առջեւ սեւացավ: Սարսափելի ցավոտ միջոցներով բժիշկներին հաջողվեց ինձ ոտքի կանգնեցնել, սակայն փոքր-ինչ անզգույշ շարժման դեպքում տապալվում էի գետնին ու այնպիսի սուր ցավեր էի ունենում, որ միայն թմրադեղերն էին օգնում: Չգիտես ինչու, բոլորին թվացել էր, թե ես լքել եմ Հայաստանը: Երբ հաշմանդամ դարձա, սկզբնական շրջանում տարին մեկ անգամ ինձ հիշում ու երբեմն այցելում էին, հետո միայն զանգում էին, որից հետո առհավետ անհայտացան ոչ միայն այցելությունները, այլեւ զանգերը: Երբ բոլորովին մեկուսացած էի, զգացի, որ մարդ միայն այն ժամանակ է պետք շրջապատին, երբ նրա կարիքը զգում են, երբ նրանից ինչ-որ բան դեռեւս կարելի է քամել, իսկ երբ քեզ քամում են, մի կողմ են նետում: Շատ բժիշկներ կանխատեսել էին, որ ես այլեւս ոտքի չեմ կանգնի: Սակայն ես «չհանձնվեցի»: Լինելով նաեւ բուժական մարմնամարզության եւ մերսման մասնագետ, ես սկսեցի անընդհատ մարզվել: Ու ոտքի կանգնեցի: Մարդը կարող է հայտնվել ցանկացած իրավիճակում: Փառք Աստծո, ես արդեն ինքնուրույն մարդ եմ ու հանել եմ «կորսետս»,- առանձնակի հպարտությամբ ասում է Տ. Սիմաշովան: Նա 1991 թվականից մինչ օրս համագործակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող «Վերածնունդ» կազմակերպության հետ, իսկ 1995-96թթ. անց է կացրել նաեւ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում` ձեռք բերելով կարուձեւ մասնագիտությունը: Տ. Սիմաշովան առաջին մարդն է Հայաստանում, ով հաշմանդամների համար կազմակերպել է մրցութային խաղեր: 1996թ., 17 տարվա ընդմիջումից հետո, Տ. Սիմաշովան նորից մասնակցում է Հայաստանում կազմակերպված մարզական ցուցադրական ելույթների, որտեղ հաղթում է անգամ մասնակից տղամարդկանց, որից հետո 8 տարի նորից լքում է մարզաշխարհը: Այնուհետեւ ընդունելով Հայաստանի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանի առաջարկը` 2004թ. Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում է Հարավսլավիայում տեղի ունեցած Եվրոպայի գավաթին: «47 տարեկանում, ծխախոտը` ձախ ձեռքիս, անձրեւանոցը` աջ, գնացի, հաղթեցի ու վերադարձա»,- կատակով ասում է մարզիկը: Եվրոպայից հետո, 2005թ. գարնանը նա մասնակցում է նաեւ հայ կանանց հավաքականի` Իրանում անցկացված միջազգային մրցումներին եւ գրավում է երրորդ տեղը: Այդ տարի մասնակցում է նաեւ Ստամբուլում տեղի ունեցած Եվրոպայի գավաթի առաջնությանը ու արժանանում բրոնզե մեդալի: Նա այժմ աշխատում է Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի թիվ մեկ սպորտային դպրոցում: Տ. Սիմաշովան 1984 թվականից բնակվում է Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի իրեն հատկացված մեկ սենյականոց բնակարանում, որը մինչ օրս սեփականաշնորհված չէ: Երեւանի սպինալների եւ այլ հաշմանդամների «Լույսի շող» բարեգործական հիմնադրամը նամակ է հղել «Հայաստան» մարզական միության (ՄՄՀԿ, նախկին «Սպարտակի» իրավահաջորդը) նախագահ Ռազմիկ Ստեփանյանին` Սիմաշովայի բնակարանը սեփականաշնորհելու համար միջնորդագիր հատկացնելու խնդրանքով: Հիմնադրամի նախագահ Իշխանուհի Հարությունյանի ասելով, 1994 թվականից ընթանում է պետական ծառայողական բնակարանների սեփականաշնորհման գործընթացը. Սիմաշովային այդ մասին դիտավորյալ չեն տեղեկացրել, իսկ նա կարող է վտարվել այդ բնակարանից: Կազմակերպության նամակին մինչ օրս ընթացք չի տրվել: «Հայաստան» ՄՄՀԿ-ի նախագահը նշեց, որ իրենք սեփականաշնորհող պետական մարմին չեն, եւ որեւէ ցանկություն չունեն Տ. Սիմաշովային իր զբաղեցրած բնակարանից վտարել: Ռ. Ստեփանյանն ասաց, որ իրենց միությունը շահագրգռված է Տ. Սիմաշովայի բնակարանի խնդրի լուծման հարցում, եւ բոլոր հնարավոր տարբերակներով կաջակցի այդ գործին: Իսկ «Լույսի շող» հիմնադրամի նախագահն էլ իր հերթին հավաստիացնում է, որ չի հավատում Ռ. Ստեփանյանի խոսքերին: «Նա միայն պետք է իր համաձայնության տակ մակագրի, դրանով բոլոր հարցերը կլուծվեն»,- ասում է Ի. Հարությունյանը: