Ռուս-վրացական միջպետական ճգնաժամը կանխատեսելի հետեւանքների հետ մեկտեղ հանգեցրել է նաեւ անկանխատեսելի հետեւանքների: Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում եւ Պետերբուրգում, հայտնվել են մի խումբ երիտասարդ մարդիկ` բաճկոններին «Ես վրացի եմ» մակագրությամբ: «Սա բողոքի նշան է վրացիներին ճնշելու դեմ»,- ասում են միանգամայն սլավոնական արտաքին ունեցող մարդիկ: Նույն Պետերբուրգում մի քանի երիտասարդներ որոշել են իրենց ազգանունների վերջավորությունները պաշտոնապես փոխել ավանդական վրացական ազգանունների վերջավորություններով` «շվիլի» եւ «ձե»` նույնպես ի նշան բողոքի կամ ի պաշտպանություն Վրաստանի: Իսկ թերեւս ամենաաղմկահարույց իրադարձությունը դարձավ հանրահայտ դերասան Ստանիսլավ Սադալսկու ցանկությունը` օգտվել նախագահ Սահակաշվիլու առաջարկից եւ դառնալ Վրաստանի քաղաքացի: Այս տեղեկությունը հաստատեց ՌԴ Վրաստանի դեսպանատան հյուպատոս Զուրաբ Պատարաձեն: «Ստանիսլավ Սադալսկին որոշել է պաշտոնական դիմում ներկայացնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի դժվարին պահին աջակցի վրաց ժողովրդին: Մենք պաշտոնապես ուսումնասիրում ենք այդ դիմումը, ինչպես մնացած բոլոր դիմումները, եւ սովորականի նման այն ուղարկում ենք Թբիլիսիի ուսումնասիրմանը»:
Սակայն ճգնաժամն ավելի շատ պրոզայիկ, քան ռոմանտիկ երեւույթների հանգեցրեց: Վրացական կողմը ջանում է պարզել, թե ի վերջո քանի՞ վրացի է օրինական կամ ոչ այնքան օրինական ճանապարհով ստիպված եղել դառնալ այն երկրների քաղաքացի, որոնք Ռուսաստանի հետ ավելի լոյալ հարաբերություններ ունեն, կամ էլ հենց Ռուսաստանի քաղաքացի են:
Սկսել են երեւան գալ նաեւ Մոսկվայի կիրառած բեռնարգելքի հետեւանքները: Թանկացել են հացն ու աղը: Ընդհանուր առմամբ, մի շաբաթվա մեջ սննդամթերքը թանկացել է 1,2%-ով: Մասնագետների կանխատեսումները հուսադրող չեն. գները բարձրանալու են այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանից կատարվող ներկրումների լիարժեք այլընտրանք չի գտնվել: Ռուսաստանի փոխարեն նշվում են առաջին հերթին Ուկրաինան, Ղազախստանը, տարածաշրջանային հարեւանները` Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը: Այդ փոխարինումը դեռեւս տեղի չի ունեցել, եւ հայտնի չէ, թե երբ եւ ինչպես դա տեղի կունենա, կամ տեղի կունենա՞ ընդհանրապես: Մանրածախ առեւտրով զբաղվող խոշոր ընկերությունները վնասներ են կրում: Մասնավորապես, վրացական շուկայի մանրածախ առեւտրի առաջատարներից մեկի` «Պոպուլի» ընկերության տեսականին ավելի քան 7000 անուն է պարունակում, դրա 30-35%-ը բաժին էր ընկնում դեպի Ռուսաստան արտահանմանը: Այժմ «Պոպուլիի» ցանցում որոշ մթերքների դեֆիցիտ կա: Կասկած չկա, որ այդ դեֆիցիտը կվերացվի թեկուզեւ այլ երկրներից ներմուծման շնորհիվ: Կասկած կա գների հարցում, թե ի՞նչ գնով է իրականացվելու այլընտրանքային ներմուծումը: Իսկ որ ռուսական ապրանքները շուտ չեն վերադառնա Վրաստան, նույնպես անվիճելի է. միջնորդների միջոցով դրանք ներմուծելը շահավետ չէ, իսկ միջպետական ճգնաժամի հաղթահարման նշաններ չեն երեւում:
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ֆիննական Լախտի քաղաքում տեղի ունեցած գագաթաժողովին պատասխանելով ռուս-վրացական սրված հարաբերությունների մասին հարցին, ասաց, որ Ռուսաստանը չէ դրանում մեղավոր: Վրաստանի անջատողական տարածքներին կոչ անելով համատեղ ապրել միասնական պետության կազմում` Ռուսաստանի նախագահը միաժամանակ նշեց, որ Վրաստանի իշխանությունը ձգտում է տարածքային ամբողջականությունը վերականգնել ուժային ճանապարհով, եւ կոչ արեց միջազգային հանրությանը` Աբխազիայում եւ Հարավային Օսիայում թույլ չտալ նոր արյունահեղություն:
Պուտինի այդ խոսքը բավական եղավ, որ Թբիլիսին կրկին բորբոքվի: Արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին Պուտինին մեղադրեց փաստերի դիտավորյալ խեղաթյուրման մեջ եւ հայտարարեց, որ հզոր տերության ղեկավարից չէր սպասում, թե նա կարող է եվրոպական առաջնորդների մտավոր ունակությունները վիրավորել: Իսկ նախագահ Սահակաշվիլին Ռուսաստանի նախագահի ելույթը համեմատեց ՌԴ նախկին ՊՆ Պավել Գրաչովի` Աբխազիայի մասին արած հայտարարությունների հետ: «Ես հիշեցի գեներալ Գրաչովի հայտարարությունը, թե վրացիները ներկել են իրենք իրենց ինքնաթիռները եւ իրենք են ռմբակոծում Աբխազիայում իրենց քաղաքները, իսկ մենք այդտեղ գործ չունենք,- ասաց նա: Սակայն հիմա արդեն 1993թ. չէ, այլ 2006-ն է: Մեր երկրում նախկին Շեւարդնաձեն չէ, այլ Սահակաշվիլին է եւ լրիվ այլ Վրաստան է: Հիմա արդեն Եվրոպան էլ է այլ, որն իր գագաթաժողովի գլխավոր հարցը դարձրեց Վրաստանի եւ նրա` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը, այն դեպքում, երբ առաջ Եվրոպան չգիտեր անգամ, թե որտեղ է գտնվում Վրաստանը»:
Սահակաշվիլին բազմիցս ասել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է հանդիպելու Պուտինի հետ: Հնարավոր է` այդ հանդիպումը կայանա ԱՊՀ երկրների ղեկավարների` Աստանա տեղափոխված գագաթաժողովի ժամանակ: Սակայն կարող է եւ չկայանալ, կամ էլ կրկին անարդյունավետ լինել: Այդ պատճառով էլ Վրաստանի ղեկավարը ժամանակ առ ժամանակ «հիշում է» միջազգային հանրությանը, որը, ինչպես կանխատեսում էին փորձագետներից շատերը, Վրաստանի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման չի գնա` ԱՄՆ-ը` կորեական եւ իրանական հիմնախնդիրների լուծման հարցում Մոսկվայից որոշակի կախման մեջ լինելու, Եվրոպան` ռուսական էներգակիրներից հսկայական կախում ունենալու պատճառով: