Ո՞ր ռաունդում քեզ նոկաուտ անեմ

25/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Երբ դուրս եմ գալիս ռինգ ու մրցակցիս տեսնում եմ՝ ինքս ինձ ասում եմ՝ սրա՞ պատճառով եմ այսքան չարչարվել ու քաշ գցել։ Ու ուզում եմ «մուռս հանեմ», – մի առիթով ասել էր IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը։

Ամեն մենամարտից առաջ նա ստիպված է լինում 7-8 կգ նիհարել։ Իսկ ինչպե՞ս է նա դա անում. նախ, շատ քիչ է ուտում, այնքան, որ էներգիա ունենա մարզումների համար: Ապա ամեն օր մի քանի հաստ հագուստ հագած՝ մարզվում է, իսկ վերջին օրն արդեն տաք հագուստներով մտնում է շոգեբաղնիք: Ասում է, որ առհասարակ ինքը շոգեբաղնիք գնալ չի սիրում, բայց քաշ գցելու համար ստիպված է նաեւ դրանից օգտվել: Եվ հետո իր այդ «չարչարանքների» մուռը հանում է մրցակցից…

Նրան առաջին անգամ տեսնողների մեջ հարց է առաջանում՝ այս փոքր մարմնի մեջ որտեղի՞ց այսքան ուժ, որից այդքան սարսափում են անգամ չեմպիոնները։

Վախթանգն այս օրերին իր ապագա կնոջ՝ Օլյայի հետ գտնվում է Հայաստանում։ Գլեն Դոների հետ իր վերջին մենամարտից անմիջապես հետո եկել է հայրենիք։ Բնականաբար, չէինք կարող առիթը բաց թողնել եւ չզրուցել մի մարդու հետ, որի շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը ուրախության ու հպարտության աննկարագրելի զգացումներ են ապրում։

– Վախթանգ, նախ շնորհավորենք քեզ՝ Գլեն Դոների նկատմամբ տարած վերջին հաղթանակիդ առիթով, եւ զրույցը սկսենք հենց այդ մարտից, որի 5-րդ ռաունդում մրցավարը մարտը կանգնեցրեց եւ արձանագրեց, որ Դոների ծնոտը կոտրվել է գլխով հարվածի արդյունքում։ Արձանագրվեց ոչ թե «տեխնիկական նոկաուտ», այլ քեզ հաղթանակ շնորհեցին տեխնիկական որոշմամբ։ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ պատրաստվում ես բողոքարկել այդ որոշումը։

– Այո։ Նախ ասեմ, որ գլխով հարված չի եղել, ես նրան հարվածել եմ ձեռքով։ Իմ գործակալի հետ մենք բողոքարկել ենք այդ վճիռը, եւ, իմ տվյալներով, մեկ շաբաթվա ընթացքում «տեխնիկական որոշման» փոխարեն կարձանագրեն տեխնիկական նոկաուտ, այսինքն` այն, ինչ իրականում եղել է։

– Իսկ ինչպե՞ս պատահեց, որ ոչ ոք չտեսավ քո «գլխի հարվածը», բացի մրցավարից։

– Չեմ կարող ասել։ Մրցավարն ինքն էլ իրականում այդպիսի բան չի տեսել։ Նա պարզապես հավատացել է Դոներին եւ նրա մարզիչին (որը Դոների հայրն է)։ Շատ հնարավոր է, որ սխալ որոշում կայացնելու համար այս մրցավարին 1 տարով որակազրկեն։

– Վերջին մենամարտից առաջ դու հայտարարել էիր, որ կսպասես եւս մեկ ամիս, եւ եթե այդ ընթացքում մյուս վարկածների չեմպիոններից ոչ ոք չհամաձայնի մենամարտել, կբարձրանաս հաջորդ քաշային կարգ։

– Այո, այդ որոշումը դեռ ուժի մեջ է։ Արդեն 10-15 օր անցել է, բայց դեռ ոչ մեկից արձագանք չկա։ Նշեմ, որ քիչ թե շատ հնարավոր է WBO-ի չեմպիոն արգենտինացի Օմար Նարվաեսի հետ մենամարտը։ Ամեն դեպքում ես նրան մարտահրավեր նետել եմ, եւ արդեն ամեն ինչ կախված է նրանից։

– Ժամանակին դու մարտահրավեր էիր նետել Խորխե Արսեին։ Սակայն WBC-ի այդ քաշային կարգում աշխարհի չեմպիոնը թայլանդցի Պոսագլեկ Վոնգոնխկամն է։ Նրա հետ մենամարտ հնարավոր չէ՞։

– Աշխարհի չեմպիոնը նա է, բայց նա նույնպես խուսափում է։ Ընդհանրապես, նրա մենեջերներն աշխատում են Վոնգոնխկամի համար այնպիսի «հարմար» մրցակիցներ ընտրել, որ ավելորդ պրոբլեմներ չլինեն։

– Եթե տեղափոխվես հաջորդ քաշային կարգ, զրկվելո՞ւ ես այս քաշի տիտղոսներից։

– Այո։ Սակայն ես հնարավորություն եմ ունենալու միանգամից մենամարտել չեմպիոնների հետ։ Եվ կարծում եմ՝ առանց տիտղոսի երկար չեմ մնա։

– Ընդհանրապես, մարտից առաջ բռնցքամարտիկները միմյանց նկատմամբ ռեպլիկներ են անում, սպառնում, փորձում են վախեցնել… Ինչպե՞ս ես վերաբերվում այդ ամենին։

– Ըմբռնումով, որովհետեւ այդ ամենը պարզապես շոու է։ Օրինակ, վերջին մրցակիցս՝ Գլեն Դոները, կշռվելու ժամանակ նույնպես «մեծ-մեծ» խոսում էր, թե՝ տես քեզ ինչ եմ անելու ռինգում։

– Իսկ դու ի՞նչ պատասխանեցիր։

– Ասացի՝ դու ինձ ասա՝ ո՞ր ռաունդում ես ուզում, որ քեզ նոկաուտ անեմ։

– Իսկ մրցամարտից հետո նորմալ հարաբերություննե՞ր են լինում։

– Ընդհանրապես այո, բայց այս մեկին մարտից հետո անգամ չտեսա, որովհետեւ միանգամից տարել էին հիվանդանոց։

– Ժամանակին դու ձեռնոց էիր նետել Խորխե Արսեին, սակայն նա այժմ տեղափոխվել է հաջորդ քաշային կարգ։ Երբ դու էլ քաշդ փոխես, նրան կհանդիպե՞ս ռինգում։

– Կհանդիպեմ, եթե, իհարկե, նորից չփախչի։

– Վերջին անգամ երբ եկել էիր Հայաստան, համալսարանականները քեզ մի քանի հաստափոր գրքեր նվիրեցին։ Հասցրե՞լ ես կարդալ։

– Ճիշտն ասած` դեռ ոչ։ Ժամանակ չի լինում։ Այ, երբ բռնցքամարտիկի կարիերան ավարտեմ, այն ժամանակ անպայման կկարդամ։

– Դեռ քանի՞ տարի ես նոկաուտ անելու մրցակիցներիդ։

– Դեռ 6-7 տարի ինձ կարող եք ռինգում տեսնել։ Հետո կսկսեմ զբաղվել պրոմոութերությամբ։

– Իսկ քո ապագան որտե՞ղ ես տեսնում՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտասահմանում։

– Այդ հարցին միանշանակ պատասխանելը դժվար է։ Տեսեք՝ ես Ավստրալիայի քաղաքացի եմ, մենամարտերն անց եմ կացնում ԱՄՆ-ում, բայց վերջին մենամարտից անմիջապես հետո գոտիներս վերցրել ու եկել եմ Հայաստան։ Իմ աշխատանքը դրսում է, այստեղ անհնար կլիներ նմանատիպ հաջողությունների հասնել։ Բայց առանց Հայաստանի էլ չեմ կարող։ Բացի այդ, այստեղի հետ էլ կապված ծրագրեր ունեմ, ուզում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում զարգացնել։ Հնարավոր է, մոտ ապագայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կազմակերպվի Երեւանի Մարզահամերգային համալիրում, որը կհեռարձակվի Show Time-ով: Մի խոսքով՝ տարվա կեսն այստեղ կլինեմ, կեսը` դրսում։