Գլխավոր մրցանակ՝ հայուհու դերի համար

25/10/2006

Օրերս Հռոմի միջազգային կինոփառատոնում լավագույն կանացի դերակատարման համար գլխավոր մրցանակի՝ ոսկեփայլ Մարկոս Ավրելիոսի արձանիկի է արժանացել դերասանուհի Արիան Ասկարիդը, որը Ռոբեր Գեդիկյանի «Վերադարձ դեպի Հայաստան» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն։ Այդ ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, մարդու ինքնության, ազգային արմատներին վերադառնալու ու այդ վերադարձի շնորհիվ հարստանալու մասին է։ Ֆիլմը Հայաստանում է նկարահանվել եւ ներկայացնում է մեր երկրի ոչ վաղ անցյալի մտահոգիչ եւ միաժամանակ գեղեցիկ կյանքը։ Իսկ Արիան Ասկարիդի կատարումն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով ու նրբությամբ։ «Ես պատկերում եմ մի կնոջ, որը մանրուքների ու հուշերի շնորհիվ հասկանում է՝ ի՞նչ է երջանկությունը»,- ասել է Ա. Ասկարիդը, ով նաեւ «Վերադարձ դեպի Հայաստան» ֆիլմի սցենարի համահեղինակն է։

Փառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել ռուս ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Զոհ պատկերելով» կինոնկարը։ Ֆիլմի հերոսը 30-ամյա մոսկվացի մի մարդ է, ով գումար է վաստակում ճանապարհային վթարներում ու դատական էքսպերիմենտներում զոհի դեր կատարելով։ Սակայն նրա կյանքը լիովին փոխվում է, երբ նրան այցի է գալիս հանգուցյալ հոր ուրվականը ու Համլետի հոր նման պատմում է իր մահվան գաղտնիքը։ Ճակատագրից փախչելու անհնարինության թեման ու կատակերգական դրվագներն առկա են նաեւ Ռոբեր Գեդիկյանի ֆիլմում։ Հռոմի կինոփառատոնն առաջին անգամ է անցկացվում, ու փառատոնի կազմակերպիչները նորամուծություն են կիրառում. պրոֆեսիոնալ ժյուրիի փոխարեն լավագույն ֆիլմերն ընտրում է հանդիսատեսը։ Մրցանակների ճակատագիրը որոշում էր 50 հոգանոց «ժողովրդական ժյուրին», որը գլխավորում էր հայտնի իտալացի կինոռեժիսոր Էտորե Սկոլան։ Հռոմի փառատոնն, ի տարբերություն Վենետիկի ու Կաննի փառատոների, փորձում է զերծ մնալ վեհաշուք մոտեցումից ու ավելի «ժողովրդական» ֆիլմերն է գնահատում։ Ինչպես ասում են կազմակերպիչները՝ «Սա փառատոն չէ, այլ կինոյի տոն է»։ Այդ մոտեցումը բացառում է այլ փառատոներում ընդունված քաղաքական կոռեկտության սկզբունքը, հանդիսատեսը «լավագույն ֆիլմ» է համարում այն ֆիլմը, որն իրեն ավելի շատ է դուր եկել։