Օրհներգի համար ամենակոռեկտ որոշումը

25/10/2006

Հայաստանի օրհներգի ընտրության համար ստեղծված հանձնաժողովը երկարատեւ ու բուռն քննարկումներից հետո կայացրել է իր որոշումը. եզրափակիչ փուլ անցած հինգ տարբերակներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել։ Լավագույն երաժշտություն է համարվել Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությունը, սակայն Արամ Խաչատրյանի երաժշտության համար գրված տեքստերի (որոնք կազմել են 85 ներկայացված հայտերի մեծամասնությունը) ոչ մի տարբերակ հաղթող չի ճանաչվել։ Հանձնաժողովի այս որոշումը կարելի է որպես ծայրաստիճան կոռեկտություն որակել, քանի որ այն ոչ թե որոշում է, այլ՝ սպասողական վիճակի երկարաձգում՝ միտված կրքերի հանդարտացմանն ու ներկայացված չորս տարբերակների հեղինակներին հավասար վիճակում թողնելուն։ Հանձնաժողովի որոշումը կայացվել է մեծ ուշացումով, քանի որ որոշումն ընդունելու վերջնական ժամկետը պետք է լրանար Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։

Եթե Հայաստանի կառավարությունը, այնուհետեւ Ազգային ժողովը հաստատի հանձնաժողովի որոշումը, ապա հետագայում նոր մրցույթ է կազմակերպվելու եւ նոր հանձնաժողով է ստեղծվելու, քանի որ առանց խոսքերի օրհներգ լինել չի կարող։ Օրհներգը վաղ թե ուշ պետք է տեքստ ունենա, իսկ հիմա մեզ ժամանակավոր՝ միջանկյալ օրհներգ է առաջարկվում։ Նման իրավիճակում հայտնվել էր նաեւ Ռուսաստանը, որի օրհներգը նույնպես երկար ժամանակ խոսքեր չուներ։

Հնարավոր է, որ մրցութային սկզբունքների համաձայն՝ լավագույն տարբերակի համար նախատեսված 700 հազար դրամ գումարը փոխանցվի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին։

Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ մրցույթի առաջին փուլում, մրցութային հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ձայնը տվել էր հենց Տ. Մանսուրյանի երաժշտությանը: Ա. Խաչատրյանի երաժշտությունը որպես օրհներգ ընդունելու հանձնաժողովի առաջարկը պետք է քննարկվի Ազգային ժողովում, որտեղ ՀՅԴ-ն արդեն օրինագիծ է ներկայացրել գործող օրհներգն ուժի մեջ թողնելու համար: