Անվանի մտավորականների, քաղաքական ու հասարակական գործիչների խումբը (այդ թվում՝ դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, գրող Պերճ Զեյթունցյանը, գիտնական Վահան Տատրյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, Հայկ Քոթանջյանը, Արտյոմ Տարասովը եւ այլք) հանդես է եկել Հայոց Եղեռնից փրկված մարդկանց ժառանգների կողմից լիազոր ներկայացուցչական մարմիններ՝ Ազգային խորհուրդ, Ազգային ժողով, հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ։ Շուրջ 30 հայտնի հայեր ստորագրել են նման մարմիններ հիմնելու անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթի տակ: Հայոց Եղեռնը վերապրողների ժառանգները նախատեսում են առաջին համագումարն անցկացնել դեկտեմբերի սկզբին Փարիզում, որտեղ նախաձեռնող խումբը ժամանակավոր Ազգային խորհուրդ կընտրի։ Հետագայում Ազգային ժողովը պատգամավորական ընտրություններ կանցկացնի աշխարհի հայաշատ վայրերում։ Նախաձեռնող խմբի նպատակն է համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը, հայկական պետականության ամրապնդումն ու համաշխարհային մակարդակի վրա հայերի շահերի ու իրավունքների պաշտպանությունը։