Շատ հաճախ որեւէ օտար քաղաք հավանում կամ չես հավանում հազարավոր մանրուքներ հաշվի առնելով։ Քաղաքի ճարտարապետությունը, մշակույթը, գիշերային կյանքը, սրճարանները, երթեւեկությունը, փողոցների կեղտոտ կամ մաքուր լինելը քաղաքի ընդհանուր պատկերն են ուրվագծում։
Սակայն որեւէ քաղաք միայն դրանով չես սիրում։ Որքան էլ մենք հիանանք այս կամ այն շենքի ճարտարապետությամբ, միեւնույն է, որեւէ քաղաքի մասին կարծիք ենք կազմում նաեւ այն մարդկանց միջոցով, ովքեր ապրում են այդ քաղաքում: Այս ամենից հետո ենք մենք ի վերջո հասկանում՝ ուզո՞ւմ ենք արդյոք եւս մեկ անգամ լինել այդ քաղաքում:
Ամերիկացի Բրենդընի հիշողության մեջ Երեւանը գուցե կմնար որպես ժամանակավոր աշխատավայր (նա աշխատում է ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատանը), եթե Արագած լեռան վրա պատահած այս դեպքը չլիներ:
«Այս ամռանը՝ օգոստոսին, մենք որոշել էինք փոքրիկ արշավ կազմակերպել դեպի Արագած լեռ։ Ուզում էինք սկզբում նվաճել Արագածի հարավային բարձունքը, ապա բարձրանալ արեւմտյան գագաթը»,- պատմում է ՀՀ Ամերիկյան դեսպանատան Տարածաշրջանային անվտանգության սպա Պիտեր Ֆորդը, ով արշավի էր դուրս եկել իր երկու աշխատակիցների՝ ծովային հետեւակայինների հետ (որոնցից մեկն էլ Բրենդընն էր)։ Արեւմտյան բարձունքից իջնելիս ամերիկացի լեռնագնացներից մեկը՝ Բրենդընը, կորցնում է իր դրամապանակը։ 1 ժամ որոնումներից հետո ամերիկացիները հասկանում են, որ դրամապանակն ընկել է մի այնպիսի տեղ, որտեղ հասնել այլեւս հնարավոր չէ։ Դրամապանակի մեջ Բրենդընի փաստաթղթերն ու 43 հազար դրամ էին։ «Մենք համոզված էինք, որ դրամապանակը չի գտնվի, որովհետեւ ենթադրում էինք, որ լեռան այդ հատվածը ոչ ոք չի համարձակվի բարձրանալ։ Շատ զարմացանք, երբ որոշ ժամանակ անց մեզ զանգահարեցին ու ասացին, որ դրամապանակը գտնվել է»։ Իսկ գտել էր այն մի փոքրիկ տղա՝ Արամիկը։ «Նախ` չէինք կարողանում հավատալ, որ փոքրիկ տղան կարող է այդքան բարձր մագլցել։ Երեխան ձեռք չէր տվել այդ փողին, գումարն ամբողջովին տեղում էր ու անգամ դրա դիմաց դրամական պարգեւ չէր պահանջում։ Ընդ որում, հետո մենք իմացանք, որ երեխան որբ է»,- ոգեւորված պատմում էր Պիտեր Ֆորդը։ Իբրեւ շնորհակալություն՝ ԱՄՆ դեսպանատունը տղային հատուկ «մեդալյոն» ու ԱՄՆ-ի եւ Հայաստանի դրոշներով կրծքանշան նվիրեց։ Պիտեր Ֆորդի հավաստմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դռները միշտ բաց են տղայի համար, քանզի նա արդեն իրենց ընկերն է։ «Մենք հույս ունենք, որ օրերից մի օր նա կդառնա ՀՀ նախագահը կամ էլ ՀՀ-ի դեսպանը ԱՄՆ-ում»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Պ. Ֆորդը։ Սակայն Արամը դեռ երազում է ալպինիստի կարիերայի եւ Արարատը նվաճելու մասին։
Ո՞վ է հերոս Արամիկը
Արամ Ներսիսյանը «ՍՕՍ-Մանկական գյուղեր»-ի սան է։ Սա մի կառույց է, որ խնամում է ծնողազուրկ կամ ծնողական խնամքից զուրկ երեխաներին։ «Ի տարբերություն այլ խնամատարական կազմակերպությունների՝ մենք այն իրականացնում ենք ընտանեկան պայմաններում եւ երկարաժամկետ։ Այսինքն՝ երեխան մինչեւ 22-23 տարեկան խնամքի տակ է, որոշ դեպքերում` մինչեւ 25-26 տարեկանը։ Երեխան ստանում է նոր տուն եւ ընտանիք»,- ասում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը։ Առաջին գյուղը Կոտայքի մարզում է ստեղծվել, որտեղ կա 13 ընտանեկան տուն, եւ երեխաների հետ աշխատում են ՍՕՍ մայր-դաստիարակները։ Վերջիններս փորձում են երեխաներին փոխանցել այն ջերմությունն ու սերը, որն անհրաժեշտ է երեխային ընտանիքում։ Այս կառույցը գործում է փուլային սկզբունքով։ Որոշ ժամանակ անց երեխան գյուղից տեղափոխվում է Երեւան եւ այստեղ 3-4 տարի ապրում է Երիտասարդական տներում, որից հետո տեղափոխվում է կամ իր ժառանգած տունը (ասենք` բարեկամներից, կամ ծնողներից), կամ էլ տուն է վարձակալում։ Տան վարձագումարի կեսը հոգում է վերոնշյալ կառույցը։ «Երբ մենք իմացանք Արամիկի այս արարքի մասին, շատ ուրախացանք,- ասում է Ա. Քոչարյանը: – Ուրախանում ենք, որ այսպիսի երեխաներ ենք մենք կարողանում դաստիարակել՝ ազնիվ ու արդար»։
Արամ Ներսիսյանը սովորում է թիվ 82 դպրոցի 2-րդ դասարանում։ Սիրում է զբաղվել լեռնագնացությամբ։ Կնքահոր՝ Արայիկի հետ 2 տարեկանից լեռներ է բարձրանում։ Այս տարի նա արդեն երկու անգամ բարձրացել է Արագածի հարավային գագաթը, մեկական անգամ բարձրացել է Աժդահակ, Հատիս եւ Արա լեռները։ Սեպտեմբերի 21-ին հերթական արշավի օրն էր, որոշել էր նվաճել Արագածի արեւմտյան բարձունքը։ «Արագածի արեւմտյանի եւ հարավայինի արանքում շատ վատ եղանակ էր։ Վերեւից շատ մարդիկ էին իջնում ու խորհուրդ տվեցին չգնալ վերեւ։ Բայց ես ու Արամը որոշեցինք բարձրանալ,- պատմում է կնքահայր Արայիկը: -Արամն առջեւից էր գնում։ Շատ քարքարոտ տեղեր էին ու դժվար էր այդտեղ որեւիցե բան գտնել, հատկապես, որ մեզանից առաջ մոտ 15 պրոֆեսիոնալ լեռնագնացներ էին իջել այդտեղից։ Փաստորեն, այդքան մարդ չէր նկատել այդ դրամապանակը, միայն Արամին հաջողվեց իր սուր աչքերով գտնել այն»։ Արամիկն իր սխրանքների մասին խոսել չի սիրում։ Միակ բանը, որ շատ համեստաբար ասաց, հետեւյալն էր. «Հենց այդ հատվածում, որտեղ դրամապանակն էր, իմ ոտքը սայթաքեց, եւ ես ընկա։ Եթե չընկնեի, երեւի չէի նկատի»։