Հայտնի է, որ երկրի նկատմամբ աշխարհի ուշադրությունը գրավելու ամենաազդեցիկ միջոցներն են սպորտն ու մշակույթը: Յուրաքանչյուր պետություն իր ազգային ներուժով փորձում է ներկայանալ միջազգային հանրությանը, ընդ որում, ազգային արժեքները դրսեւորվում են մշակութային տարբեր փառատոներում, իսկ ուժային պոտենցիալը՝ օլիմպիական մրցույթներում: Եվ հաղթանակի դեպքում կտրուկ փոխվում է տվյալ պետության հանդեպ քաղաքական, տնտեսական եւ մշակութային մոտեցումը:
1991 թ. Հայաստանի ալպինիստների եւ ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Ալպինիստների ազգային ֆեդերացիան: Սովետական տարիներին նույնպես եղել է Ալպինիստների ֆեդերացիա, որն ընդգրկված է եղել Սպորտկոմիտեի կազմում: Անկախությունից հետո գրեթե բոլոր սպորտաձեւերի ֆեդերացիաները դարձան անկախ հասարակական կազմակերպություններ, որոնք գործում են իրենց կանոնադրությամբ՝ համագործակցելով Սպորտկոմիտեի եւ այլ սպորտային կառույցների հետ: Ալպինիստների ազգային ֆեդերացիայի խնդիրը Հայաստանում ալպինիզմի զարգացումն է, ավելին, դրանում կարող է լուրջ մասնակցություն ունենալ նաեւ սփյուռքը: Ֆեդերացիայի անդամների թիվը մոտ 200-ի է հասնում, որոնց մի մասը պասիվ անդամներ են, այսինքն՝ նրանք, ովքեր ակտիվ սպորտով չեն զբաղվում, իսկ պրոֆեսիոնալները 50-ն են: 80-ականներին ալպինիզմը մեծ զարգացում ուներ Հայաստանում, Սպորտկոմիտեի կազմում ստեղծվեց ակումբ, եւ ալպինիստները մասնակցեցին միութենական նշանակության լուրջ միջոցառումների, մրցումների: Մինչդեռ անկախության տարիներին, ինչպեսեւ շատ սպորտաձեւեր, դատապարտվեցին անուշադրության, ալպինիզմ մարզաձեւը զրկվեց պետական ֆինանսավորումից: 14 տարի է, ինչ Ալպինիստների ֆեդերացիան պետության կողմից չի ֆինանսավորվում: Ֆեդերացիան գոյատեւում է ոչ թե հովանավորների, այլ անդամների՝ ֆանատների, նվիրյալների շնորհիվ: Այս մարզաձեւը, պետական ֆինանսավորում չունենալու դեպքում, հետզհետե վերանում է, եւ, եթե այս անտարբերությունը շարունակվի՝ 10 տարի անց Հայաստանը կզրկվի աշխարհում մեծ հարգանք վայելող ալպինիզմ մարզաձեւից:
Հարցիս, թե մեր ալպինիստները մասնագիտական ի՞նչ դպրոց են անցել, Ալպինիստների ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանը պատասխանեց. «Ալպինիզմի սովետական դպրոցը, որը հոյակապ մտածված եւ արդյունավետ դպրոց էր: Աշխարհում նմանատիպ համակարգ չկար, այդ շրջանում շատ բարձրակարգ ալպինիստներ, հրահանգիչներ կայացան, բայց 90-ականներին շատերը տարբեր պատճառներով մեկնեցին Հայաստանից, քանի որ այս սպորտով լրջորեն զբաղվելու հնարավորություն չունեին: Մի մասը տեղափոխվեց փրկարար համակարգ, մի մասը, սպորտաձեւը մասնագիտություն դարձնելով՝ տնտեսական տարբեր համակարգերում արդյունաբերական ալպինիզմով է զբաղվում: Այն սերունդը, որն ալպինիզմի բնագավառում բարձր պատրաստվածություն ունի, սերնդափոխության ժամանակ թողեց ակտիվ սպորտը: Սերնդափոխություն չի լինում, նոր կադրեր չեն պատրաստվում, քանի որ, ֆինանսավորման բացակայության պատճառով՝ խմբեր, ակումբներ, սեկցիաներ չկան»: Ալպինիստ Կարո Պապյանն ասում է, որ ինքը բռնցքամարտիկ է, բայց արդեն քանի տարի զբաղվում է պրոֆեսիոնալ ալպինիզմով: «Հայկ Տոնոյանի պես նվիրյալների շնորհիվ այսօր Հայաստանում ալպինիզմը գոյատեւում է,- ասում է նա,- այսինքն, սպորտաձեւն իրականում պահպանվում է անհատ անձանց շնորհիվ, որոնք իրենց ունեցած ալպինիստական գիտությունը փոխանցում են էքստրեմը սիրողներին, նրանց, ովքեր ալպինիզմը կենսակերպ են դարձրել, ովքեր ալպինիզմն ընդունում են որպես մասնագիտություն եւ կյանքի ընթացքում ձգտում են այն կատարելագործել, բարձունքներ նվաճել: Բայց եթե ուզում ենք նվաճումների հասնել, պետք է ալպինիզմը կարեւորենք պետական մակարդակով, նաեւ՝ մտածելակերպով լուրջ վերաբերվենք: Ի վերջո, ալպինիզմի միջոցով մենք կարող ենք աշխարհին լուրջ հայտ ներկայացնել»:
Դեպի Էվերեստ
Ալպինիստների ֆեդերացիան նախաձեռնում է արշավախումբ կազմակերպել աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելու նպատակով: Թեեւ ալպինիստները դեռ վաղուց փորձում էին հայ հասարակությանը նվեր մատուցել Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ՝ Էվերեստի գագաթը հաղթահարելու վերելքով, այդուհանդերձ, ֆինանսավորման բացակայության պատճառով այդ լավ գաղափարը չիրականացավ: Ֆեդերացիայի նախագահն ասում է. «Եթե նայենք, թե վերելքն ինչ է տալու մեզ, ապա դա մեր երկրի իմիջը, հեղինակությունը բարձրացնելու լավագույն միջոց է: Այլ սպորտաձեւերով կարելի է մուտք գործել շուկա, ինչպես, օրինակ, ֆուտբոլը այլեւս կոմերցիոն սպորտաձեւ է: Այսօր, չգիտես ինչու, մարդիկ հպարտանում են ռեստորաններով ու հյուրանոցներով, բայց դա արժեք չէ, որով կարելի է ներկայանալ միջազգային հանրությանը: Բոլոր ազգերի համար Էվերեստը համարվում է սպորտային նվաճում, Էվերեստի վերելքը հաղթահարելը համարժեք է օլիմպիական խաղերի հաղթանակին: Աշխարհում դա համարվում է բարձրակարգ նվաճում, որովհետեւ աշխարհը հաղթող պետությանը սկսում է լուրջ վերաբերվել, անգամ՝ քաղաքական դաշտում են ձեռքբերումներ լինում: Էվերեստի բարձունքը հաղթահարելու ժամանակ գագաթին դրվում է տվյալ պետության դրոշը, հետեւաբար աշխարհն ինչ-որ չափանիշներով տվյալ պետությանը հաղթող է ճանաչում: Մեր երկիրն անպայման պետք է այդ նվաճումն ունենա, քանի որ դրա միջոցով մենք արտաքին քաղաքականության մեջ նույնպես լուրջ ձեռքբերումներ կարձանագրենք: Դա նաեւ կնպաստի Հայաստանի ալպինիզմի զարգացմանը, քանի որ մեր մենթալիտետը թույլ չի տալիս այս մարզաձեւին լուրջ վերաբերվել: Չմոռանանք, որ շախմատը զարգացավ Տիգրան Պետրոսյանի նվաճումով, մարմնամարզությունը՝ Ալբերտ Ազարյանի, բռնցքամարտը՝ Ենգիբարյանի, այսինքն՝ նվաճում է պետք, որպեսզի մարզասերները հետագայում առաջնորդվեն այդ հաղթանակի զգացումով: Սպորտը, որպես կանոն, կայանում է հաղթանակների արդյունքում»: Էվերեստի գագաթը հաղթահարելու գործընթացը բազմաբնույթ է՝ տեխնիկական, կազմակերպչական եւ սպորտային պատրաստվածությունն ապահովելու համար ֆինանսական հնարավորություններ են անհրաժեշտ՝ համապատասխան սպորտային պարագաներ, գույք (թթվածնային սարքավորում, բարձրակարգ սպորտային հագուստ, վրաններ, պարաններ) ձեռքբերելու համար:
Հ. Տոնոյանի հավաստմամբ՝ այսօր կան հայ ալպինիստներ, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածություն՝ Էվերեստը նվաճելու համար: Վրաստանում գտնվող մեր հայրենակից Լեւ Սարկիսովը նույնպես կհրավիրվի խումբ: Էվերեստը հաղթահարելու նախաձեռնության խմբի կազմում են Հայկ Տոնոյանը, Կարո Պապյանը, Ալեքսանդր Մայիլյանը, Ալեքսանդր Աղաբաբյանը, Գրիգոր Տատուրյանը, Իգոր Խալաթյանը: Ի դեպ, նշենք, որ ալպինիստ Լեւ Սարկիսովն արդեն եղել է Էվերեստի գագաթում, եւ նրա անունն ընդգրկված է Գինեսի գրքում: Էվերեստը գտնվում է Հիմալայան լեռներում, Նեպալի եւ Չինաստանի տարածքում, աշխարհի ամենաբարձր գագաթն է՝ 8.848 մետր բարձրությամբ: Էվերեստ գնալու ճանապարհ կա եւ՛ Չինաստանի, եւ՛ Նեպալի կողմից: Հայ ալպինիստները կփորձեն մուտք գործել Չինաստանի տարածքից, քանի որ ֆինանսական տեսանկյունից առավել մատչելի է: Էվերեստ բարձրանալու գործողությունը կատարվում է այն դեպքում, երբ տվյալ պետության իշխանությանը թույլտվություն է տրվում համապատասխան միջազգային կառույցների կողմից: Նշենք, որ խմբում ընդգրկված ալպինիստները մեծ փորձ ունեն, վերջիններս եղել են Պամիրի լեռներում, Տյան-Շանի լեռներում, Ալյասկայի շրջանում, նրանք մինչեւ 7.500 մ բարձրություն հաղթահարելու փորձ ունեն: Եթե ալպինիստների այս գաղափարը հովանավորների ուշադրությանն արժանանա, ապա խումբը կմեկնի ապրիլ-մայիս ամիսներին, քանի որ լեռնագագաթ բարձրանալու բնակլիմայական պայմաններն այդ ամիսներին են հարմար ալպինիզմի համար: Ընդ որում, Էվերեստի արշավը տեւում է երկու ամիս:
Գովազդի լավագույն հնարավորություն
2000թ. տվյալներով՝ Էվերեստի գագաթ բարձրացել են 1000 հոգի, ընդ որում, առաջին անգամ բարձունքը հաղթահարվել է 1953 թվին: Ըստ վիճակագրության, Էվերեստի գագաթ բարձրացող յուրաքանչյուր հինգերորդ մարդ զոհվում է, այսինքն՝ այն բարդություններով առլեցուն բարձունք է: Եվ, չնայած դրան, աշխարհի շատ երկրներ եւ մասնավոր բիզնես ընկերություններ շահագրգռված են լինում գումարներ ներդնել՝ իրենց երկրի դրոշը կամ ընկերության խորհրդանշող դրոշն այնտեղ հասցնելու համար: Ալպինիզմը լավագույն հնարավորությունն է երկիր կամ ապրանքանիշ գովազդելու համար, քանզի այդ մարզաձեւին, հատկապես՝ Էվերեստի հաղթահարմանը, հետեւում են աշխարհի բոլոր հեռուստաընկերություններից: Հարցիս, թե որքան գումար արժե Էվերեստ բարձրանալը հայ ալպինիստների համար, Հ. Տոնոյանը պատասխանեց. «Չինաստանի տարածքից մուտք անելով՝ յուրաքանչյուր ալպինիստի համար կծախսվի մոտավորապես 15.000 դոլար: Իսկ Նեպալի տարածքից՝ 30.000 դոլար, քանի որ այնտեղից թույլտվություն ստանալն ավելի մեծ գումարներ է պահանջում»: Ինչեւէ, հուսանք, որ հանրապետության մեծահարուստ սպորտասերները կամ պետական այրերը հայ ալպինիստների գաղափարը անարձագանք չեն թողնի: