Որտե՞ղ է թաքնված շան գլուխը

22/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Հայրենի Ջավախք, մենք քեզ հետ ենք», «Վերջ դրե’ք վրացական սադրանքներին», «Ջավախքը չի՛ վաճառվում», «Նախիջեւան… պատմությունը կրկնվում է», «Ազատություն Վահագն Չախալյանին» եւ նմանօրինակ այլ պաստառներով երեկ մի խումբ երիտասարդներ Միքայել Նալբանդյանի արձանի հարեւանությամբ նստացույց էին սկսել:

Երիտասարդների շարքերում կային ջավախահայեր, «Հայ արիական միաբանության» երիտթեւի ներկայացուցիչներ: Սպասվում էր, որ շուտով նրանց կմիանան նաեւ Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր Ժամանակներ» կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչներ:

Ի դեպ, այս մասին երեկ մեծ խանդավառությամբ հաղորդում էին ռուսական լրատվական գործակալությունները: Իսկ կոնկրետ ի՞նչ էր այս երիտասարդների ուզածը, եւ ո՞վ է վերոնշյալ Վահագն Չախալյանը: Վերջինս Վրաստանի քաղաքացի է եւ «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամ է, ով հոկտեմբերի 11-ին ձերբակալվել է Հայաստանի սահմանն անօրինական ճանապարհով հատելու համար: Իսկ վերոնշյալ երիտասարդներն էլ պահանջում էին ազատ արձակել նրան: Երեկ մենք զրուցեցինք նստացույցի մասնակիցներից ոմանց հետ: Նրանցից մի քանիսը կարծիք էին հայտնում, թե Վ. Չախալյանին ձերբակալել են Ջավախքում հայերին ճնշելու համար, իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ են նրան ձերբակալել Հայաստանի համապատասխան մարմինները, դա էլ, ըստ երիտասարդներից մեկի, հավանաբար «հայ-վրացական դավադրության» արդյունք է: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ջավախահայերին ճնշելու գործում Վրաստանի իշխանություններին օգնելու համար ձերբակալել են Չախալյանին: Մյուսն էլ նշում էր, թե իրականում Չախալյանը շա՜տ էլ օրինական է հատել Հայաստանի սահմանը, ուղղակի սահմանի վրա, երբ նա ցույց է տվել իր անձնագիրը, սահմանապահներն այն չեն գրանցել: Սակայն այս փաստի ապացույց երիտասարդները չունեին: «Դե ինքն իր հինգ ընկերների հետ է եղել, բոլորն էլ ասում են, որ չեն գրանցել»,- նշում էին երիտասարդները: «Համ էլ էդ ե՞րբ են ՕՎԻՐ-ի պեչատ ստուգել, որ նրանից դա պահանջել են»,- ավելացրեց մյուսը: Նրանց հավաստմամբ՝ ամեն օր Հայաստան-Վրաստան սահմանը «այնպես, ինչպես Չախալյանն է հատել», հատում են հարյուրավոր ուսանողներ: «Դե թող նրանց բոլորին էլ ձերբակալեն կամ էլ Վահագնին ազատ արձակեն»,- ասում էին նստացույցի մասնակիցներից ոմանք, հավելելով, թե՝ ախր հայերը Հայաստան մտնելիս պետք է խոչընդոտներ չունենան: Ի դեպ, Վ. Չախալյանը ձերբակալությունից առաջ ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ինչպես մեզ փոխանցեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հոկտեմբերի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հիվանդանոցից հաղորդվել է, որ մարմնի տարբեր մասերում ստացված վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ 1982 թվականին ծնված Գուրգեն Շիրինյանը, 1981 թվականին ծնված Վահագն եւ 1990 թվականին ծնված Արմեն Չախալյանները: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույնը օրը ժամը 22:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 2/4 շենքի մոտ վիճաբանության ժամանակ Գուրգեն Շիրինյանին, Վահագն եւ Արմեն Չախալյաններին ծեծի են ենթարկել, բութ առարկայով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել անհայտ անձը: Վ. Չախալյանի ձերբակալությունը երիտասարդները կապում էին հոկտեմբերի 10-ի դեպքի եւ հոկտեմբերի 5-ին Ջավախքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների հետ: Նրանք հայտարարում են, թե «Միասնական Ջավախքն» այդ ընտրություններում իրականում ստացել է մոտ 70% ձայն, սակայն ընտրությունները կեղծվել են եւ իրենց օգտին «գրվել է» 30% ձայն, որովհետեւ վրացական իշխանությունները չեն ուզում, որ Ջավախքի ճակատագրով մտահոգ հայկական կառույցը լուրջ դերակատարություն ունենա Ջավախքում: Ի դեպ, մեր այն հարցին, թե եթե Վ. Չախալյանն այդքան խոչընդոտում էր ընտրություններ կեղծող վրացական իշխանությունների՝ Ջավախքի հանդեպ նենգամիտ քաղաքականության իրականացմանը, ապա պետք է, որ նրա ձերբակալությամբ շահագրգռված լինեին հենց Վրաստանի իշխանությունները, ինչո՞ւ նրանք իրենց տարածքում չեն ձերբակալել Վ. Չախալյանին եւ թողել են, որ նա սահմանն անցնի եւ հայտնվի այլ երկրում, երիտասարդները պատասխանեցին, թե նրան Ջավախքում «չեն կարա բան ասեն»: Իսկ երիտասարդներից մեկն էլ Վ. Չախալյանի զորությունը նկարագրելու համար, ոչ ավել, ոչ պակաս, ասաց, թե նա կարող էր այնպես անել, որ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթուղին չկառուցվի: Ինչեւէ, հիշեցնենք, որ օրերս «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը հայտարարել էր, թե Ջավախքի բոլոր հայկական ուժերը, բացի «Միասնական Ջավախքից», ՏԻՄ ընտրություններից առաջ համախմբվել են Վրաստանի նախագահի կուսակցության դրոշի տակ, իսկ «Միասնական Ջավախքն» ընտրության է գնացել ընդդիմադիր «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության հետ: Ըստ նրա, պարտված կողմը սկսել է բողոքել, պահանջել է վերանայել ընտրությունների արդյունքը եւ հանրահավաքի ժամանակ ծեծել է Ախալքալաքի ոստիկանապետին: Ըստ Շ. Թորոսյանի, Վրաստանի իշխանությունը, հատուկ ծառայությունը, չէին պատկերացնում, որ ազգային ուժերը Ջավախքում այդ ծավալի հաղթանակ կտանեն: «Եվ փաստորեն ձեւավորվել է այսօր բացառիկ բան Ջավախքի պատմության մեջ` որակյալ մեծամասնություն ունեցող Ազգային ուժերի բացառիկ լիազորություններ ունեցող սակրեբուլո»: Հաղթած ուժերն արդեն հայտարարել են, որ իրենց առաջին գործը լինելու է Վրաստանի հայաբնակ շրջաններում հայերենը պաշտոնական լեզու դարձնելու խնդրով Վրաստանի կենտրոնական իշխանությանը դիմելը: Նախատեսված է նաեւ ներկայացնել Ջավախքի ՏԻՄ լիազորությունների է՛լ ավելի բարձրացնելու եւ իշխանության ապակենտրոնացման պահանջ: Այդ դեպքում էլ ի՞նչ է «Միասնական Ջավախքի» ուզածը: «Մնում է մի հետեւություն, որ այս փոքրամասնություն կազմող ուժերը հրահրվում են հատուկ ծառայության կողմից, որպեսզի կարողանան Ջավախքում ապակայունացնել իրավիճակը: Եթե կարողանան հասնել նրան, որ չեղյալ համարեն ընտրությունները, ապա նոր ընտրություն նշանակեն, եւ իշխանություներն այնպիսի բալանս ապահովեն սակրեբուլոյում, որ որեւէ կողմը մեծամասնություն չունենա եւ երբեք լուրջ հարց չկարողանա քննարկել այդ սակրեբուլոն»,- եզրակացրել էր Շ. Թորոսյանը: Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար փորձեցինք տեղեկություններ ստանալ նաեւ ջավախահայության խնդիրներով զբաղվող հայաստանյան «Հզոր Հայրենիք» կուսակցությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ ի սկզբանե ազգային, հայրենասիրական ուժերը Ջավախքում որոշել են ՏԻՄ ընտրություններին մասնակցել մեկ բլոկով, որպեսզի ընտրվելիք սակրեբուլոյում ունենան «ազգությամբ եւ մտածելակերպով հայեր», ովքեր կարող են Ջավախքին հուզող հարցերը բարձրացնել եւ դնել Վրաստանի իշխանությունների առջեւ: «Սակայն «Միասնական Ջավախք» կազմակերպությունը չի փորձում համագործակցել այդ ուժերի հետ: Փորձում է գտնել այլ կուսակցություն, այլ ելքեր, որպեսզի ինքը սեփական ուժերով մասնակցի ընտրություններին: Փաստն այն է, որ իրենք ընտրութուններում, իրենց իսկ ասելով, պարտվել են»,- ասացին «Հզոր Հայրենիքից», հավելելով, թե չեն կարծում, որ պարտվել է ընդհանուր գաղափարը, որովհետեւ հաղթած թեկնածուներն անպայման «ջավախանպաստ գործողություններ են կատարելու»: «Հզոր Հայրենիքում» գտնում են, որ այս պատմության մեջ ավելի շատ անձնական նկրտումներն են առաջնային դարձել «Միասնական Ջավախքի» կողմից, քան թե ընդհանուր գաղափարը: Ի դեպ, նախօրեին «Միասնական Ջավախքի» անդամ Վ. Չախալյանին ազատ արձակելու պահանջով հանդես են եկել ՀՀ ԱԺ 15 պատգամավորներ:

Հ.Գ. Նշենք, որ «Վրաստանի իշխանությունների կողմից կեղծված» ընտրությունների արդյունքում Ջավախքում 32 հոգանոց սակրեբուլոյի 28-29 անդամները հայեր են: Համաձայնեք, հազիվ թե Վրաստանի իշխանություններն ընտրություններն այդ կերպ կեղծեին: Կարծում ենք՝ հարկ չկա նշելու, թե հայ-վրացական լարվածության հրահրումն ավելի շատ ո՞ր երկրին է ձեռնտու: