Չեն ուզում հրավիրել

22/10/2006

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիա Ֆինլին նախօրեին կրկին մտահոգություն է հնչեցրել Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ-ի առաքելության կողմից մոնիտորինգի ենթարկելու հարցի կապակցությամբ: Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, ըստ Ֆինլիի, որեւէ պաշտոնյա իրեն չի ասել, թե իշխանությունները մտադիր չեն հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդների. «Պարզապես ասացին, որ կառավարությունը սպասում է հայտարարությանը, թե կոնկրետ ե՞րբ են անցկացվելու ընտրությունները»: Միաժամանակ ԵԱԿՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է նաեւ, թե հայաստանյան պաշտոնյաներից մեկը, որի անունը նա գերադասել է չհայտնել, իր հետ ոչ պաշտոնական զրույցի ընթացքում ակնարկել է, թե «գուցե իշխանությունները չցանկանան հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդների»: «Մենք կհորդորենք կառավարությանը, որպեսզի հրավիրեն ԵԱՀԿ-ի դիտորդներին եւ՛ երկարաժամկետ, եւ՛ կարճաժամկետ առաքելություն իրականացնելու համար»,- ասել է նա` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի իշխանությունները նախապես ուղարկեն հրավերը: ԵԱՀԿ-ն, ըստ դեսպան Ֆինլիի, չի կարող դիտորդական առաքելություն իրականացնել առանց հրավերի: «Դուք պետք է ճնշում գործադրեք ձեր կառավարության նկատմամբ, որպեսզի ընտրությունների օրը որոշելուց եւ դրա մասին հայտարարելուց հետո անմիջապես հրավերն ուղարկեն»,- դիմելով լրագրողներին` ասել է նա: Չորեքշաբթի օրն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Ջուլիա Ֆինլին դժգոհություն էր հնչեցրել այն կապակցությամբ, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել իրեն: Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե նախագահի ժամանակացույցը «լրացած էր»: «Ես գերադասում եմ մտածել, որ նրա ժամանակացույցը իսկապես ծանրաբեռնված էր»,- ասել է դեսպան Ֆինլին: Նախագահ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի` սրան առնչվող հարցմանն ի պատասխան` ասել է. «Չեմ ցանկանում մեկնաբանել»: