Աշնանային զորակոչից 7 հոգի այլընտրանքային աշխատանքային ծառայության են
անցել Վարդենիսի «Տուն-ինտերնատ» ՓԲԸ-ում՝ հոգեբուժարանում:
«Տուն-ինտերնատի» տնօրինությունն ու զինվորները առանձնապես հաշտ
հարաբերությունների մեջ չեն:
«Բանն այն է,- պատմում է ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը,- որ նրանք
հրաժարվում են օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելուց,
այն է՝ սանիտարական աշխատանքներից»: Զինվորների համար նախատեսված են
տարբեր սանիտարական աշխատանքներ, որոնցից առաջնայինը ինտերնատի հիվանդների
սանիտարական խնամքն է, ինչից էլ հենց հրաժարվել են զինվորները: Պրն
Խաչատրյանի հավաստմամբ՝ զինվորների հանդեպ վերաբերմունքը պատշաճության
սահմաններում է եղել: «Նրանք, պատկերացրեք, զուգարան մաքրելուց չեն
հրաժարվել, հրաժարվում էին հիվանդներին զուգարան ուղեկցելուց, հիվանդի
սպիտակեղենը փոխելուց, ու այդ ամենը պատճառաբանում էին այսպես՝ մեր
հավատքը թույլ չի տալիս նման գործեր անել»: Զինվորների եւ նրանց ծնողների
հետ երկար բացատրական աշխատանք տանելուց հետո տնօրինությունը դիմել է
Վարդենիսի զինկոմիսարիատ: «Վարդենիսի զինկոմը նույնպես եկավ ու ավելի քան
երկու ժամ բացատրական աշխատանք տարավ զինվորների հետ, սակայն՝ էլի
անարդյունք»,- ասում է Ս. Խաչատրյանը: Դրանից հետո զինկոմը դիմել է
Գեղարքունիքի զինվորական ոստիկանություն: Նրանց բացատրական աշխատանքներն
էլ ազդեցություն չեն ունեցել: Զինվորական ոստիկանությունը բացատրագրեր է
վերցրել զինվորներից: Այս ամենը տեղի է ունեցել Ամանորի նախօրեին: «Նոր
տարուն, թեեւ ես իրավունք չունեի, բայց զինվորներին թույլ տվեցի գնալ
տուն՝ մտածելով, որ գուցե հարազատները կկարողանան ազդել նրանց վրա՝ փոխել
որոշումը, սակայն դա էլ արդյունք չտվեց: Մի քանի օր առաջ մենք նորից
բացատրագիր ենք վերցրել նրանցից, նրանք շարունակում են հրաժարվել իրենց
պարտականությունները կատարելուց»,- տեղեկացրեց Ս. Խաչատրյանը: Զինվորների
գործն այժմ գտնվում է Զինդատախազությունում: Մինչ Զինդատախազությունը
կորոշի՝ ինչ պատժամիջոց կիրառել, նրանք կմնան Վարդենիսի
«Տուն-ինտերնատում»: Սամվել Խաչատրյանի կարծիքով՝ այդ զինվորները
սովորական «սիմուլյանտներ» են. «Պատկերացրեք, քանի զինվոր կարող է կրոնի
քողի տակ թաքնվելով՝ հրաժարվել իր պարտականություններից, եւ դա ինչ վտանգ
է մեր բանակի համար»: Ընդ որում, Ս. Խաչատրյանի հավաստմամբ, այդ
զինվորներից ոչ բոլորն են իրականում տարված այդ հավատքով. «Մենք
ուսումնասիրել ենք եւ պարզել, որ նրանք եղբայրներ են ունեցել, ովքեր
նորմալ ծառայել են. ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս է լինում, որ ընտանիքի մի
անդամը հավատացյալ է լինում, մյուսը՝ ոչ: Այդ յոթից մեկ-երկուսն են,
կարծում եմ, նորմալ հավատացյալ»: Զինվորները նաեւ կրոնական քարոզչություն
են փորձել իրականացնել «Տուն-ինտերնատում»:
Այլընտրանքային զինծառայողներ կան նաեւ Սյունիքի մարզային
նյարդահոգեբուժական դիսպանսերում: Նրանց ծառայության հետ կապված
տնօրինությունը որեւէ դժգոհություն չուներ: «Մենք աշխատում ենք ծանր
սանիտարական աշխատանքներ առայժմ նրանց չառաջարկել,- պարզաբանեց դիսպանսերի
տնօրեն Արարատ Վարդանյանը,- ի վերջո նրանք 18 տարեկան են ընդամենը, իսկ
այսպիսի հիվանդների հետ գործ ունենալը հեշտ չի»: Տնօրենը զինվորներին
նախապես զգուշացրել է նաեւ կրոնական քարոզչություն չիրականացնել եւ առայժմ
նման դեպք չի արձանագրել: Ավելին՝ «Զինվորներն իրենք մի օր եկան ինձ մոտ
ու խնդրեցին զգուշացնել աշխատողներին, որ իրենց կրոնական հարցեր չտան»: