Չնայած սրան, մենք փորձեցինք հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Ղարաբաղի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Հիշեցնենք, որ այս օրերին Ղարաբաղում զբաղված են երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության քննարկմամբ: «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանը նշեց. «Այդ թեմայով բարձրացված աժիոտաժը կանխորոշել է նախագահի կողմից հրավիրված մամուլի ասուլիսը: Չէ՞ որ խաղաթղթերի վրա ԼՂՀ վարկանիշն էր: Ասուլիսում Ա. Ղուկասյանը միանշանակ հայտարարեց, որ երրորդ անգամ չի առաջադրվի, չնայած Սահմանադրությունը (կասկած չունեմ՝ այն անպայման կընդունվի) կտա նրան այդ իրավունքը: Ակնհայտ է ժողովրդավարության ուղու շարունակումը, ուղի, որը ԼՂՀ-ն ընտրել է 1999-ին: Եվ ժողովրդավարացման լոկոմոտիվը նախագահ Ա.Ղուկասյանն է հանդիսանում: Ես նաեւ գտնում եմ, որ եթե ԱՊՀ երկրների ղեկավարների մեծամասնությանը նման (երրորդ անգամ առաջադրվելու) հնարավորություն տրվեր, ապա նրանք իսկույն կօգտվեին դրանից: Եվ դեռ մեծ հարց է, թե ԱՊՀ նախագահներից ո՞վ է համարվում ժողովրդավարության իսկական հետեւորդը:
Այդ համատեքստում Արեւմտյան երկրները (ժողովրդավարության պատվարները) ճիշտ կանեին, որ բացականչեին. «Բոլորին, բոլորին, բոլորին: Ուշադրություն: Հավասարությունը դեպի ԼՂՀ»: Իսկ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ողջունում է նախագահի հայտարարությունը եւ գտնում, որ նրա կողմից քայլն արվել է ժամանակին, քանի որ «ԱԺ-ում Սահմանադրական քննարկումների ընթացքում Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, գլխավոր դատախազ Արմեն Զալինյանի խոսքերը կարող էին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ, եւ իզուր երկրի ժողովրդավարական իմիջը վտանգի տակ դրվեր»: Նա հույս հայտնեց, որ հետագա իրադարձությունները կզարգանան ժողովրդավարական գործընթացներով: «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը գտնում է, որ ճիշտ չէ մեկնաբանել հանրապետության նախագահի հայտարարությունը: «Նկատի ունեմ որոշ քաղաքական ուժերի կողմից նախագահի հայտարարության մեջ որեւէ ենթատեքստ տեսնելու եւ դրանից հեռուն գնացող ենթադրություններ անելու միտումը, ինչն արդեն իսկ արտահայտվել է: Կարող ենք մեր վերաբերմունքն արտահայտել նախագահի հայտարարության վերաբերյալ: Այս առումով նախագահի հայտարարությունը մեզ համար անսպասելի չէր, քանի որ ԼՂՀ պետական կյանքի ազատականացումը, ժողովրդավարացումը, մեր երկրում քաղաքացիական հասարակությանը հարիր ինստիտուտների կայացումը տեղի է ունեցել նախագահի նախաձեռնությամբ,- ասաց Վ.Աթանեսյանը:- Մենք միշտ էլ այն տեսակետն ենք արտահայտել, որ նախագահը չի կարող հակաօրինական, առավել եւս՝ հակասահմանադրական քայլի դիմել: Մեր խմբակցության կարծիքով, ամբողջ հետխորհրդային տարածքում, հատկապես՝ մեր տարածաշրջանում, սա եզակի նախադեպ է, երբ լիազորությունների ավարտից գրեթե մեկ տարի առաջ նախագահը հայտարարում է քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը փոխանցելու մտադրության եւ կամքի մասին»: Այս պահի կարեւորությունը, ըստ խմբակցության ղեկավարի, կայանում է նրանում, որ ԼՂՀ բոլոր քաղաքական ուժերը աջակցեն, որպեսզի նախագահ Ղուկասյանը կարողանա իրականացնել հոկտեմբերի 11-ի իր հայտարարությամբ նախանշված նպատակները: «Առաջին հերթին, որպեսզի առանց ներքաղաքական շահարկումների, համաժողովրդական քվեարկությամբ ընդունվի ԼՂՀ Սահմանադրությունը եւ, այնուհետեւ, կրկնում եմ, օրինական ճանապարհով ազատ, արդար ու թափանցիկ նախագահական ընտրություններով ընտրվի հանրապետության նոր ղեկավար: Այսօր որեւէ ենթադրություն անելու, առավել եւս՝ ռեյտինգ-հարցումներ, հատկապես այն մակարդակով, որ արվում է մեզանում, անցկացնելու անհրաժեշտություն մենք չենք տեսնում եւ գտնում ենք, որ Սահմանադրության ընդունումից հետո նախագահը՝ խորհրդակցելով քաղաքական ուժերի, հասարակության լայն շրջանակների հետ՝ ի դեմս կուսակցությունների եւ որոշ ազդեցիկ հասարակական ինստիտուտների, կընդունի վերջնական որոշում, եւ մեր հանրապետությունն առանց ցնցումների, քաղաքակիրթ ձեւով հնարավորություն կունենա ընտրել երկրի ղեկավարին»,- հավելեց Վ. Աթանեսյանը:
Իսկ «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը նշեց, թե առաջին տպավորությամբ Արկադի Ղուկասյանի հայտարարությունն ընկալել է միանգամայն դրական երանգներով, սակայն հետո այն վերլուծելով, եկել է այն եզրահանգման, որ «դա սոսկ դիվանագիտական խաղի շարունակությունն է»: «Նախ՝ Սահմանադրության նախագծում շարունակում է մնալ այն դրույթը, որ նրան հնարավորություն է ընձեռում երրորդ անգամ անընդմեջ պաշտոնավարել: Հետո էլ՝ նախագահի մերձավորագույն շրջապատի վարքագծում հայտարարությունից բխող փոփոխություններ չեմ նկատում: Ավելին՝ շարունակվում է նույն գործելակերպն արդեն քողարկված ձեւով: Առավել եւս, որ Ա.Ղուկասյանը շարունակում է ասել. «Եթե Սահմանադրությունը ինձ նման հնարավորություն տա…»: Այսինքն՝ իր համար դեռ տեղ թողնում է: Այնուամենայնիվ, գործող նախագահի հայտարարությունն ինքնին մեծ նվաճում եմ համարում, քանի որ 1999-ին ժողովրդավարական բարեփոխումների ուղեգծի հռչակումից հետո սա առաջին դեպքն է, երբ արցախյան հանրությունը երկրի բարձրագույն իշխանության վրա ներազդելու լծակներ գտավ»,- ասում է Գ. Բաղդասարյանը: