ՀՀ կառավարությունը մեկ տարի առաջ որոշել էր Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել։ Այն պետք է տեղադրված լիներ Պուշկինի 3 հասցեում գտնվող շենքի դիմացի պուրակում։ Մրցույթներ են անցկացվել, որոշվել է այդ նպատակով հատկացնել 70 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն այս ամենը, Հրանտ Մաթեւոսյանի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով, թղթաբանություն է, եւ իրականում ոչինչ էլ չի արվել։ Կցկտուր բացատրություններ են հնչել, թե իբր 70 հազար դոլարի հնարավորություն այժմ պետությունը չունի եւ այլն։ Հրանտ Մաթեւոսյանի հետնորդները նույնպես կարծում են, որ 70 հազարը մեծ գումար է, հուշաքարի տեղադրման համար շատ ավելի փոքր գումարն էլ է բավական։ Խնդիրը սակայն այլ բանում է։ Պուրակին կից կառուցվում է «էլիտար» շենք, որի սեփականատերը Սամվել Մայրապետյանն է։ Իսկ այդ շենքն ունի մի մեծ պրոբլեմ՝ ավտոկանգառ չկա։ Կառուցողները որոշել են այդ հարցը լուծել՝ ստորգետնյա կանգառ սարքելով Պուշկինի 3 շենքի տակ։ Բնակիչները, պարզ է, դժգոհ են, որ շենքի տակը փորելու են եւ հիմքերը խարխլելու։ Սակայն, ըստ Դ. Մաթեւոսյանի, Մայրապետյանն ու քաղաքապետարանի չինովնիկները, Հ. Մաթեւոսյանի անունը շահարկելով, համոզում են բնակիչներին, որ շինարարության ավարտից հետո պուրակը կվերականգնեն, նորից ծառեր կտնկեն եւ իրենց միջոցներով կկառուցեն Հ. Մաթեւոսյանի հուշաքարը։ Ստացվում է՝ կառավարությունը որոշում է, գումար է հատկացնում, հետո այդ գումարի տրամադրումը ձգձգվում է ու ներկայացվում՝ որպես կառուցապատողների կողմից բարի կամքի դրսեւորում։ Հրանտ Մաթեւոսյանի ժառանգները, բնականաբար, դեմ են այս ամենին եւ նշում են, որ իրենց այդպիսի «մեծահոգություն» պետք չէ, իսկ հուշաքարի ծախսերն ինքնուրույն կհոգան։ Դ. Մաթեւոսյանը նշեց նաեւ իրենց ընտանիքի եւ քաղաքապետարանի միջեւ առկա այլ խնդիրների մասին։ Մասնավորապես, թե ինչպես է
Հ. Մաթեւոսյանի անվան մշակույթի կենտրոն կառուցելու համար Կոզեռն թաղամասում հող հատկացվել, հետո որոշումը չեղյալ ճանաչվել, քանի որ «պարզվել» է, որ այն պատկանում է ուրիշին։ Տարածքի տեղը փոխել են, սակայն պատմությունը կրկնվել է։ Պատմությունը շատ խճճված է, եւ ինչպես նշեց Դ. Մաթեւոսյանը՝ քաղաքապետի եւ այլոց յուրատեսակ վարքագծի արդյունքում այն վեր է ածվել կատարյալ ֆարսի։ Մենք այդ ամենին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։