Պետք է էթիկայով լուսաբանել հաշմանդամության պրոբլեմները

22/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Արդեն 4-րդ տարին է, ինչ մենք կազմակերպում ենք տարբերակված ուսուցում լրատվամիջոցների հետ»,- նշեց Սոցապ նախարարության հանրային կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն` ասելով, որ սեմինարի յուրահատկությունն այն է, որ սեմինարավարներն իրենք հաշմանդամություն ունեցող երիտասարդներ են: «Նրանք ոչ թե թղթային, գրքային ճշմարտություններ են ձեզ ասում, այլ այն, ինչ իրենք են զգում, ձեզ օգնում են օգտագործել այն տերմինները, որոնք հենց իրենք կուզենային, որ դուք` որպես լրագրողներ, հասարակության անդամներ` օգտագործեիք իրենց հետ շփվելիս եւ նյութեր պատրաստելիս»,- ասաց նա: Նրա կարծիքով` լրատվամիջոցներն այն խողովակն են, որի միջոցով հաշմանդամների խնդիրները պետք է հասցնել հանրությանը: «Հույսի կամուրջ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանի հավաստմամբ` հաշմանդամ մարդկանց վերաբերյալ տասնամյակներ շարունակ հասարակության մեջ ձեւավորված ստերեոտիպերը դեռեւս անփոփոխ են, ավելին` դրանք ներկայումս վերարտադրվում են: «Շատ կարեւոր է լուսաբանման էթիկան, հաշմանդամ մարդու մասին խոսելու բառապաշարը, կարեւոր է, թե մեր հոդվածի առաջին պլանում մա՞րդն է որպես անհատ, թե՞ հաշմանդամությունը: Այսինքն` նյութը կառուցում ենք կոնկրետ պրոբլեմի՞ վրա, թե՞ անձի»,- ասաց Ս. Թադեւոսյանը: ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտոնական թիվը 115.000 է, սակայն այս թիվը չի արտացոլում իրական պատկերը: «Այլ երկրների քաղաքացի հաշմանդամություն ունեցող մարդը նույն կերպ է վերապրում խնդիրն, ինչ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդը, եւ հասարակությունն էլ նույն վերաբերմունքն ունի խնդրի նկատմամբ, ինչպես հայ հասարակությունը»,- ասաց կազմակերպության նախագահը: Սեմինարի ընթացքում մանրամասնորեն ներկայացրին հաշմանդամության սոցիալական մոդելի, հաշմանդամության թեմայի լուսաբանման եւ այլ խնդիրների նրբությունները: