«Կինն իր էությամբ կախարդ է»

22/10/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երկվորյակ եղբայրներ Գեւորգ ու Վարդան Թարլոյանների համար մոդան միշտ կյանքի ամենաբաղձալի ու գեղեցիկ նպատակն է եղել: Այլ կերպ լինել չէր կարող: Դեռեւս մանկուց նրանք սիրել են նկարել հեքիաթային կանանց ու երբեւէ չտեսնված ու չհորինված զգեստներ ստեղծել:

Հիմա նրանք ճանաչված ու վստահ դիզայներներ են: Եվ Երեւան են ժամանել իրենց նոր հեղինակային հավաքածուով: Ավելի ճիշտ՝ միանգամից մի քանի կոլեկցիաների բեմադրությամբ: Երեւանյան հանդիսատեսին առաջին անգամ էր ներկայացվում «Թարլոյան» բրենդի այս նոր կոլեկցիան, որը վերջերս ցուցադրվել էր Փարիզում: Այդ հավաքածուն կնոջ անկրկնելիության ու կախարդանքի գովքն էր` ֆանտասմագորիկ լուսային էֆեկտների ու երաժշտության ուղեկցությամբ:

Յուրաքանչյուր մոդել ոտք էր դնում ծխակույտերով ողողված աստիճաններին, եւ կարծես պայթում էր երկինքը, թրթռում էին լուսարձակներն ու թնդում էր դասական երաժշտությունը: Վհուկային դիմահարդարումով, ոճավորված ու գզգզված սանրվածքներով ֆրանսուհի եւ հայ մոդելները դառնում էին թատերայնացված ներկայացման մասնակիցը: «Ինկվիզիցիա» եւ «Փախուստ» կոչվող հավաքածուները միավորվել էին մեկ այլ թեմայի շուրջ: Եվ այդ թեման Շեքսպիրն էր ու Էլիզաբեթ թագուհու շքեղությանը ձգտող դարաշրջանը: «Սա միստիցիզմն է, որն ուզում ենք Շեքսպիրով ու ինկվիզիցիայով ներկայացնել: Կինն իր էությամբ միստիկ էակ է: Նա կախարդ է,- ասաց Վարդան Թարլոյանն ու ավելացրեց,- Կրոնական հարցեր ու կնոջը պատժելու, խարույկ բարձրացնելու խնդիրներ մեր առաջ չենք դնում:

Մենք միայն այդ դարաշրջանի էսթետիկան ենք օգտագործում»: Իսկ այդ էսթետիկան իր ազդեցիկ ու ֆանտաստիկ իրագործումը ստացել էր «Քրիստիան Դիոր» Մոդայի տան մասնագետների կողմից արված մակիյաժում: Կախարդների, վհուկների ու անիրական էակների թեման Թարլոյան եղբայրները տեղադրել են նաեւ զգեստների գործվածքի վրա` ամենաազդեցիկ զգեստներից մեկի վրա դաջելով մի հատված Բրեյգելի նկարներից:

Մինչ ճանաչում ձեռք բերելը Գեւորգ ու Վարդան Թարլոյանները երկար ճանապարհ են անցել, որը համառություն ու համբերություն է պահանջել եղբայրներից: Երեւանի Մանկավարժական ինստիտուտի դիզայնի բաժինն ավարտելուց հետո նրանք Հոլանդիա են մեկնել, որտեղ չհրապարակելով իրենց անունը, զգեստներ են նախագծել մի հոլանդացի մոդելյորի համար, իսկ հոլանդացին մեծ պատրաստակամությամբ իր անունն է տվել հայ տղաների ստեղծած հագուստին:

Իրավիճակի նման դասավորվածությամբ չբավարարվելով, Գեւորգն ու Վարդանը մեկնում են Բելգիա, որտեղ թեեւ հագուստի դիզայնով զբաղվել չեն կարողանում, բայց նկարազարդում ու ձեւավորում են տոնական բացիկները: Մեծ մոդայի աշխարհի մեջ սուզվելու համար նրանց Փարիզն էր հարկավոր: Եվ նրանք Փարիզ եկան ու նորաձեւության մեջ առկա ծայրաստիճան մրցակցության պայմաններում սկսեցին իրենց տեղը փնտրել: Երեք տարի «Էս մոդ» մոդայի բարձրագույն դպրոցում ուսանելուց հետո նրանք սկսեցին հայտնի Մոդայի տներից աշխատելու հրավերներ ստանալ: Գեւորգ Թարլոյանն ասում է, որ իրենք աշխատել են համարյա բոլոր հայտնի մոդելյորների հետ` «Գալիանոյի, Քրիստիան Լակրուայի, Պակո Ռաբաննի, Քրիստիան Դիորի…

«Հայտնի Նորաձության տների հետ աշխատելը սկզբից շատ հաճելի է ու լավ դպրոց է համարվում, բայց ժամանակի հետ հասկանում ես, որ կարող ես սեփական անհատականությունը կորցնել ու անընդհատ հարմարվել ընդունված ոճին: Մենք 1998 թվականին որոշեցինք դուրս գալ շատ հայտնի տներից ու սեփական անվան տակ ցուցադրվել»,- պատմում է Վարդան Թարլոյանը: Իսկ Գեւորգ Թարլոյանը նշում է, որ հնարավորությունները շատ են, պարզապես ֆինանսներ են պետք, քանի որ նորաձեւության արեւի տակ սեփական տեղը գտնելուց հետո ամենակարեւոր հարցը` այդ տեղը պահպանել կարողանալն է: Պետք է տարին առնվազն երկու կոլեկցիա պատրաստել, պետք է բազմաթիվ մարդկանց համախմբված աշխատանքն ապահովել: Հայ դիզայներները շատ նպատակասլաց են ու պատրաստ են աշխատել: «Մեզ ավելի հեշտ է, քան ուրիշ դիզայներներին, քանի որ մենք, երկու ձեռքի փոխարեն, չորս ձեռք ունենք: Հիմա Փարիզում մենք բավականին համբավ ունենք: Բայց ամենակարեւորը համարում եմ այն, որ մենք երկուսս էլ շատ նպատակաուղղված ենք, լավ գիտենք` ի՞նչ ենք ուզում: Մեր խնդիրները հիմնականում դրամի հետ են կապված, բայց դա արդեն մեզանից չի կախված»:

Նշենք, որ Թարլոյան եղբայրները դարձել են առաջին օտարազգիները, ովքեր Փարիզում իրենց անվան տակ սեփական դեֆիլե են ունեցել: Հիմա հերթը սեփական Նորաձեւության Տուն ստեղծելուն է հասել: Հետո արդեն «Թարլոյան» անվանումը կրող օծանելիքներ, պայուսակներ, կոշիկներ եւ այլ աքսեսուարներ կլինեն: Իմանալով Թարլոյան եղբայրների համառությունն ու աշխատասիրությունը, դրանում կասկածել պետք չէ: Միայն ցանկություն է պետք, եւ Թարլոյանների երազանքներն իրականություն կդառնան:

«Մենք Փարիզն արդեն նվաճել ենք, մնում է ավելի հեռուները նվաճենք»,- մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Թարլոյանը: Ափսոս, որ չբացատրեց` թե հեռուները որտե՞ղ են: Սակայն հաճախ լինելով Հայաստանում ու լավ իմանալով հայ կանանց ոճը, նա խորհուրդ տվեց. «Հայ կանանց հագուկապն էլեգանտ է, բայց նրանց շարժուձեւն ազատ չէ: Հայ կանանց վստահություն ու ազատություն է պետք: Հագուստը պետք է կերպար ստեղծի: Ազատ կերպար ընտրելով, կինն ավելի է ներշնչվում ու դրական էմոցիաներ է արձակում»:

Փարիզը մոդայի հայրենիքն է, այդպես եղել է ու այդպես էլ լինելու է: Ֆրանսիայի նման հզոր մոդայի ինդուստրիա ունեցող երկրներ չկան, ինչպես ասաց Վարդան Թարլոյանը` նույնիսկ Ֆրանսիայի հարեւան երկրները, օրինակ` Գերմանիան, մոդայի մշակույթ չունի: Եվ հայտնի դառնալու համար յուրաքանչյուր մոդելյորի անպայման պետք է Փարիզում հայտնվել եւ խստապահանջ փարիզյան մոդային նոր ուղղություններ առաջարկել կարողանալ: Թարլոյան եղբայրներին դա հաջողվել է: Հիմա նրանք որպես փարիզյան հմայքն ու մրցակցությունը զգացած հայեր են Հայաստան վերադառնում: Եվ նրանց շատ բուռն ընդունելություն էր սպասվում:

Թարլոյանները նշում են, որ հայ լինելն իրենց շատ է օգնում, քանի որ Հայաստանն ու հայ ընկերները նրանց ներշնչանքի աղբյուրն են: «Շատ կարեւոր է, որ մոդայի ցուցադրությունները Հայաստանում հաճախ լինեն: Ոչ թե մեկ կամ երկու անգամ լինեն, այլ շարունակվեն»,- ասաց Վարդան Թարլոյանը: Դատելով Թարլոյան եղբայրների ցուցադրության ջերմ ու կրքոտ ընդունելությունից, կարելի է վստահ լինել` մենք նորաձեւության կարիք ունենք: Այն նորաձեւության, որը տոնի, թատրոնի ու դիմակահանդեսի է նման եւ որը մեզ է հասնում հենց Փարիզից: Բայց որը կարող ենք նաեւ Հայաստանում ստեղծել: Քայլ առ քայլ: