Բալետային եւս մեկ սերունդ է կորչում

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բալետն այն հազվադեպ մասնագիտություններից է, որը պահանջում է կյանքից
վանել այն ամենը, ինչ բալետին չի վերաբերում։ Տղաներն ու աղջիկներն
ուսումնարան են գալիս, անցնում բավական մեծ մրցակցության միջով (մեր
պարարվեստի ուսումնարանում այս տարի 150 դիմորդ է եղել, որոնցից ընտրվել
են 17 ամենաշնորհալիները), լավ իմանալով, ինչ տաժանակիր աշխատանք է
իրենցից պահանջվում։
«Ծանոթությունը» բալետում ոչ մի նշանակություն չունի, կարեւորը
ունակություններն են եւ հանգամանքների բախտավոր զուգադիպությունը։ Հաշվի է
առնվում կազմվածքը՝ զերծ գիրանալու հատկությունից, քայլը՝ սահուն, թեթեւ,
թռիչքը՝ որքան բարձր, այնքան լավ, եւ երաժշտական լսողությունը։
Դիմացկունությունը եւ աշխատասիրությունը պարտադիր են, եթե երեխաներն
իհարկե ուզում են որոշակի մասնագիտական բարձունքների հասնել։ «Ամեն օր
երկու ժամ միայն դասական բալետի դաս են ունենում,- ասում է պարարվեստի
ուսումնարանի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը,- նաեւ՝
շաբաթական երկու անգամ երկու ժամանոց զուգապարի եւ ժողովրդական պարի
դասեր, հետո՝ փորձեր։ Ամեն օր ամենաքիչը 6 ժամ պետք է պարապել»։ Շատ բան է
պետք զոհաբերել գեղեցկության, բեմին եւ ծափահարություններին հասնելու
համար։ Հանուն ինչի՞ են պետք այդ զոհերը, եթե ուսանողները ուսումից հետո
համոզված չեն, որ աշխատանք կունենան։ Պետությունը՝ սովորեցնելով բալետ
պարել, պետք է որոշակի երաշխիքներ ունենա, որ ուսումն իզուր չի եղել։
Խորհրդային տարիներին ուսումնարանն ավարտելուց հետո յուրաքանչյուր բալետի
դերասան պարտադիր երկու տարի պետք է աշխատեր Օպերայի եւ բալետի ազգային
թատրոնում, դրանով իսկ՝ ոչ միայն ցույց տալով, թե ինչի է ընդունակ, այլ
նաեւ՝ իր պարտքը վերադարձնելով պետությանը, որն իր ուսման համար գումար է
ծախսել։ Հիմա այդպես չէ, քանի որ պետությանը բալերոնները պետք են որպես
զինվորներ։ Պատմում է Հ. Դիվանյանը. «Տղաներն ուսումնարանն ավարտում են 18
տարեկանում եւ միանգամից բանակ են զորակոչվում։ Ամբողջ աշխարհը մեզ վրա
ծիծաղում է՝ ինչպե՞ս կարելի է բալետի դերասանին տանել բանակ։ Չենք ասում՝
բոլորին ազատել, գոնե ամենալավերին։ Մենք ունենք 3 դերասան, որոնց Սերժ
Սարգսյանն իրավունք է տվել մեղմ ծառայություն անցնել։ Նրանք առավոտյան
գնում են զորամաս, զորամասից հետո՝ Սպայի տուն, որտեղ պարում են
«Սարդարապատ» համույթում։ Էլի գոհ ենք, բայց միեւնույն է, Սպայի տանը
նրանք բալետով չեն զբաղվում»։ Բալերոնը դժվար թե լավ զինվոր դառնա, սակայն
մի բան հաստատ է՝ բանակից հետո լավ բալերոն չի համարվի։ Ցուրտ ու մութ
90-ականներին, երբ ոչ ուսումնարանն էր կարգին աշխատում, ոչ էլ՝ Օպերայի
թատրոնը, շատերը հեռացան, քանի որ բալետում անպետք լինելը կործանիչ է
դերասանի համար, չէ՞ որ նա ուրիշ բան անել չի կարող՝ միայն պարել։
Արդյունքում բալետային մի ողջ սերունդ կորավ։

Աշխատե՞լ, թե՞ մեկնել

Ովքեր մնացին, սկսեցին աշխատել Օպերայի եւ բալետի թատրոնում՝ ստանալով
15.000 դրամ։ Այսօրվա առավելագույն աշխատավարձը 30.0000 դրամ է, իսկ
թատրոնի խաղացանկում 4 բալետային ներկայացում կա՝ «Ժիզելը», «Կարմենը»,
«Գայանեն» եւ մեկ գործողությամբ «Լորկիանան», վերականգնման փուլում է նաեւ
«Դոն Քիշոտը»։ Մոտավորապես ամեն շաբաթ մեկ բալետային ներկայացում է
ցուցադրվում: Ուսումնարանն ամեն տարի շրջանավարտներ է տալիս, այս տարի
բալետի դերասանի որակավորում կստանան 3 տղա եւ 7 աղջիկ։ Նրանց ճակատագիրը
հսկելը եւ շտկելը ուսումնարանի պարուսույցների գործը չէ։ «Մենք կադրեր ենք
միայն պատրաստում։ Եթե մենք պրակտիկա չանցկացնենք բեմում, թատրոնում ոչ մի
ներկայացում էլ չի լինի, որովհետեւ կազմ չկա»,- ասաց Հ. Դիվանյանը, որը 35
տարի պարել է թատրոնի բեմում եւ այժմ աշխատում է որպես փորձավար։ «Որքան
մարդ ավարտել է ուսումնարանը, բոլորն ընդունվել են թատրոն: Համարյա
բոլորը, եթե, իհարկե, չեն մեկնել երկրից»,- ասաց Օպերայի եւ բալետի
ազգային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Բալետային կազմում այսօր կա
մոտ 70 դերասան: Կ. Հովհաննիսյանի կարծիքով՝ դա նույնիսկ քիչ է: «Եթե
ուզենանք, օրինակ, «Սպարտակ» բեմադրել, մեզ պետք կլինի 150 պարող»,- ասաց
նա: Թատրոնը եւ ուսումնարանը «համարյա միասին են աշխատում» եւ համարյա
առանձին:

Սպասե՞լ, թե՞ օգտագործել

Բալետի դերասանի կյանքը շատ կարճ է՝ 35 տարեկանում նա պետք է պատրաստ լինի
թոշակի անցնել, խրոնիկական հիվանդությունների մի ողջ փունջ ձեռք բերած։
«20 տարի է բալետի դերասանի կյանքը,- ասում է Հ. Դիվանյանը։ -Բալետը
երիտասարդների գործ է։ Եվ երիտասարդներն այդ 20 տարին ուզում են
օգտագործել, այլ ոչ թե՝ նստել ու սպասել, թե երբ են բեմ դուրս գալու»։
Օգտագործել այս դեպքում նշանակում է՝ արտասահման մեկնել որեւէ մրցույթի
մասնակցելու նպատակով, մնալ այնտեղ ու աշխատել։ Դերասաններ կան, ովքեր
արդեն 7 տարի Եվրոպայում են աշխատում ու չեն փոխել իրենց
քաղաքացիությունը, հույս ունենալով, որ կվերադառնան։ Այնտեղ նրանք պետք
են, եւ իրենց էլ է պետք փորձ հավաքել։ Այստեղ նրանց սպասում էին ցածր
աշխատավարձից բացի, անգործության տարիներ, երբ պետք է փորձեին տեղավորվել
մեր թատրոնի սակավաներկայացում խաղացանկում։ Մենք չենք կարող օգտագործել,
թողնենք, որ օգտագործեն ուրիշները. սա է մեր մշակութային
քաղաքականությունը։ Իսկ ամեն մարդ անկրկնելի է, առավելեւս՝ դերասանը։
Միջազգային մրցույթների դափնեկիրներ Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանն
ու Արման Գրիգորյանն այժմ Շվեյցարիայում են աշխատում, սակայն պատրաստ են
Հայաստանի դրոշի տակ ելույթ ունենալ։ Արձակուրդը Երեւանում անցկացրած
երկու դերասանները՝ «Ժիզել» եւ «Կարմեն» պարելով, տոն բերեցին թատրոն, որը
վաղուց կիսադատարկ էր (հույս ունենք, որ պատճառը 5000 դրամ արժողություն
ունեցող տոմսերն էին միայն, այլ ոչ՝ նվազ հետաքրքրությունը բալետի
հանդեպ)։ Երիտասարդները դեռ ուզում են հարազատ բեմում պարել։ Նրանց ոչ ոք
չէր հրավիրել, իրենք էին որոշել գալ։
Լավ բալետային դերասաններ ունենք, սակայն ամուր բալետային խումբ՝ ոչ։
Հանդգնենք բալետը համեմատել ֆուտբոլի հետ։ Կան ակումբային թիմեր, եւ կա
ազգային հավաքական։ Ինչո՞ւ է պետք խզել կապերը, մտածելով՝ հեռացան, եկեք
մոռանանք, եթե մի օր պետք կլինի ելույթ ունենալ հավաքականով։ Որքան շատ եւ
տարբեր ոճերի բալետային ներկայացումներ տեսնեն մեր լեգեոներներն, այնքան
հարուստ ու գունեղ ներկապնակ կստեղծվի հավաքականի կազմում։
Մարզիչ-պարուսույց էլ կարելի է հրավիրել, եթե սեփական ուժերով լավ
ներկայացում անել չի ստացվում։ Դա պակաս հայրենասիրություն չէ, եթե
մտածում ենք, որ հայկական բալետն ապագա ունի։ Եվ եթե չենք ուզում կորցնել
բալետային եւս մեկ սերունդ: