Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ SEMI EXPO CIS միջազգային կոնֆերանսը՝ նվիրված Ռուսաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանը, ստրատեգիական համագործակցության զարգացմանն ու Ռուսաստանում կիսահաղորդչային տեխնոլոգիաների տարբեր կիրառումների կոմերցիալիզացմանը: Կոնֆերանսի ընթացքում «Սինոփսիսի» ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ ՄԷՏԻ-ի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Յուրի Ալեքսանդրովիչ Չապլիգինը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին «Սինոփսիս»-ՄԷՏԻ Համագործակցության համաձայնագիրը, որը կապահովի «Սինոփսիսի» գործիքային միջոցների եւ «Սինոփսիս Արմենիայի» կողմից մշակված դասընթացների վրա հիմնված բարձրակարգ կրթություն միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: «Չարլզ Բեբիջի քոմփյութերային լսարանը մի նոր մակարդակ է «Սինոփսիսի» եւ ՄԷՏԻ-ի համագործակցության մեջ: Այս համագործակցության միջոցով մենք կդառնանք ուժեղ ներդրողներ Ռուսաստանի էլեկտրոնիկայի բնագավառի ապագա ճարտարագետների կրթության ոլորտում»,-ասել է Ռիչ Գոլդմանը:
Ինչպես նշեց ՄԷՏԻ-ի ռեկտոր Յուրի Ալեքսանդրովիչ Չապլիգինը՝ «Այս համագործակցությունը «Սինոփսիսի» հետ հաստատում է մեր համալսարանի առաջատար դերը Ռուսաստանի ճարտարագիտական կրթության մեջ: Մենք ակնկալում ենք «Սինոփսիսի» եւ «Սինոփսիս Արմենիայի» հետ երկար համագործակցություն ռուսական ճարտարագետների ապագա սերնդի կրթման գործում»: «Այս համաձայնագրի ստորագրումը նոր էտապ է Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեջ, երբ Հայաստանը դոնոր է դառնում Ռուսաստանի համար կրթական ծրագրերի տրամադրմամբ եւ «Սինոփսիս»-ՄԷՏԻ կրթական կենտրոնի հիմնադրմամբ: Այս համատեղ կրթական ծրագիրը կնպաստի «Սինոփսիս Արմենիայի» հաջողված փորձի տարածմանը տարածաշրջանում»,- փաստել է Հովիկ Մուսայելյանը: