«Բիթլզ» խմբի մենակատար Պոլ Մըքքարթնիի նախկին կինը՝ Հիֆըր Միլսը ամուսնալուծության գործընթացի ժամանակ հայտնել է, որ Պոլը հոգեկան եւ ֆիզիկական ճնշում է գործադրել իր վրա։ Ըստ նախկին տիկնոջ՝ Պոլը ծեծում էր, փորձում էր խեղդել, եւ նույնիսկ մեկ անգամ կոտրված ապակե բաժակով կտրատել է իրեն։ «Նա ինձ ստիպեց երեխայիս կրծքով չկերակրել: Նա ինձ չի թողել ժամանակին կատարել անհրաժեշտ վիրահատությունը, նա ինձ միշտ անվանում էր «անշնորհակալ շան քած», նա չի կատարել իր նախաամուսնական խոստումը, համաձայն որի՝ պետք է դադարեր թմրանյութեր օգտագործել»,- ասել է նախկին տիկին Մըքքարթնին։ Ըստ նրա՝ Մըքքարթնին չի օգնել իրեն կենցաղային այնպիսի հարցերում, որոնք ինքը ֆիզիկապես չի կարողացել անել։ (Ավտովթարից հետո Միլսը ծնկից ներքեւ կորցրել է ոտքի մի հատվածը, եւ հիմա հաշմանդամ է)։
Բայց Մըքքարթնին հերքել է նրա բոլոր մեղադրանքները։ Պոլն ու Հիֆըրը բաժանվեցին 4 տարվա ամուսնությունից հետո։ Նրանց դուստրը՝ Բեատրիսը, 2 տարեկան է։ Պոլ Մըքքարթնին ամուսնալուծվելու պահանջ ներկայացրեց այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը գրեց, թե անցյալում Միլսը նկարահանվել է պոռնոֆիլմերում եւ եղել է մարմնավաճառուհի։ Այդ հոդվածներն, իհարկե, զարդարված էին համապատասխան լուսանկարներով։ Պոլը Միլսին առաջարկեց 50 միլիոն դոլար եւ «խաղաղ» ամուսնալուծություն։ Սակայն նախկին մանեկենուհին հրաժարվեց այդ գումարից եւ դատի տվեց լեգենդար երաժշտին՝ պահանջելով կիսել ամբողջ կարողությունը, որը կազմում է մոտ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ։