Թուրքերը բոյկոտում են ֆրանսիական օծանելիքը

22/10/2006

Թուրքիայի սպառողների միությունը հայտարարել է, թե ֆրանսիական արտադրանքի բոյկոտի իրենց հաջորդ թիրախը կոսմետիկա արտադրող խոշորագույն «Լ՚Օրեալ» ընկերությունն է: Կոչ է արվել արդեն մյուս շաբաթից չգնել «Լ՚Օրեալի» արտադրանքը, որն իր մեջ պարունակում է «Քաշարել», «Գարնիե», «Ջորջիո Արմանի», «Լանքոմ», «Մեյբիլին» եւ այլ աշխարհահռչակ ապրանքանիշները: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի սպառողական գլխավոր կազմակերպությունն օրերս որոշել է ամեն շաբաթ հրապարակել ֆրանսիական մի ընկերության անուն կամ ապրանքանիշ եւ բոյկոտել այն: Անցած շաբաթ ֆրանսիական «Տոտալ» նավթային ընկերության դեմ հայտարարված բոյկոտի հետեւանքով Թուրքիայում այդ ընկերության գազաբենզալցակայաններում սպառումը նվազել է 30 տոկոսով: Ֆրանսիական արտադրանքի բոյկոտով թուրքական սպառողական կազմակերպությունները բողոքում են Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման դեմ: