Ինչ են գուժում փուչիկները

21/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հենց վերջինիս հետ կապված իրադարձությունների ֆոնին մեր տնտեսական-քաղաքական կյանք մուտք գործեց հերթական թեւավոր խոսքը՝ փուչիկը։

Հիշեցնենք, որ հեղինակը դարձյալ Ռոբերտ Քոչարյանն էր։ «Հակակրիմինալ շարժման փուչիկը պայթեց»,- ասաց հանրապետության նախագահը՝ ակնարկելով, որ այդ շարժման մասնակիցները փորձում էին ԱԺ-ում պաշտպանել կրիմինալի վառ ներկայացուցչին։

Իսկ Հ. Հակոբյանի պատմությունը ջրի երես է դուրս բերում այն խայտառակությունը, որը մեր իշխանավորները կոչում են «տնտեսական քաղաքականություն»։ Օրինակ, դրամի արժեքավորման արդյունքում տուժած արտահանողներին չինովնիկներն իրենց բարձունքից խորհուրդ են տալիս կատարելագործվել, դառնալ առավել մրցունակ եւ այլն։ Հետո խոսում են ստվերի կրճատման անհրաժեշտության մասին, կոռուպցիայի դեմ պայքարի, գերշահույթների եւ այլն։ Սակայն իրականում այլ բան են անում։

Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ տնտեսվարողը չի կարող շուկայում մեկ օր իսկ գոյատեւել, եթե հետեւի բոլոր օրենքներին, վճարի հարկերը, որովհետեւ նրա մրցակիցները կհայտնվեն շատ ավելի շահեկան վիճակում։ Իսկ ի՞նչ է անում պետությունը։ Ցույց է տալիս, որ պայքարում է ստվերի դեմ՝ կրպակների կամ տոնավաճառների աշխատողներին նեղելով, իսկ իրականում ոչինչ էլ չի անում։

Բնավ ոչ այն պատճառով, որ չի կարողանում կամ միջոցներ չունի։ «Խեղճ» միջազգային կազմակերպություններն էլ խորհուրդներ են տալիս, գրանտներ տրամադրում, օգնում օրենսդրական բացերը լրացնել։ Ու մեկը չի ասում՝ չե՞ք հասկանում, չենք ուզում ստվերը վերացնել եւ վերջ։

Իսկ ինչո՞ւ չեն ուզում։ Դրա համար 2 պատճառ կա։ Նախ` ստվերային գումարները բազմաթիվ խողովակներով հոսում են դեպի իշխանության ամենավերին շերտերի գրպանները։ Այսինքն, իրենք իրենց դժվար թե վատություն անեն։ Երկրորդ պատճառը պակաս կարեւոր չէ։ Իշխանությունը աչք է փակում տնտեսվարող սուբյեկտի անօրինականությունների վրա, սակայն ոչ մի դեպքում դրանց մասին չի մոռանում, այլ խնամքով գրանցում է մի որեւէ տեղ։ Եվ եթե նրանցից որեւէ մեկը «չարություն անի»՝ չհնազանդվի, քննադատի կամ հակաճառի, դատախազության կամ այլ կառույցների «պայծառ ուղեղները» հաշված ժամերի ընթացքում կբացահայտեն նրանց՝ տարիներ շարունակ գործած անօրինականությունները։ «Թալանեք, բայց մեր զգոն հայացքի ներքո»,- ահա այսպիսի կարծր տրամաբանություն ունի մեր երկրի տնտեսական քաղաքականությունը։

Եվս մի բան կա, որ հարցերի տեղիք է տալիս։ Համաձայն Դատախազության ներկայացրած միջնորդագրի, Հակոբ Հակոբյանը հարկերից խուսափել է՝ բյուջեին հասցնելով մոտ 271 միլիոն դրամի վնաս (կես միլիոն դոլարի չափ)։ Այսինքն, Հ. Հակոբյանը խաբել է պետությանը, թաքցրել է եկամուտները։

Հետաքրքիր է՝ Հակոբ Հակոբյանի արա՞ծն է ավելի մեծ կրիմինալ, թե՞ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը տալիս են ռուսներին, իսկ հետո ողջ ժողովրդին խաբում են՝ թե այդպիսի բան չկա։ Ինչպես նշված էր թերթերից մեկում, այս օրերին Հայաստանում գտնվող ռուս խորհրդարանականների մոտ կան փաստաթղթեր, որոնցում ուղղակի նշված է, որ 2006թ. մարտի 31-ին ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ կնքված պայմանագրով ռուսական ընկերությանն են հանձնվելու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ու Իրան-Հայաստան գազամուղի 40 կիլոմետրանոց հատվածը։ Եվ դրանք պետք է փոխանցվեն մինչեւ 2007թ. հունվարի 1-ը։ 5-րդ բլոկն արդեն տվել են։ Մենք փորձեցինք «ՀայՌուսգազարդից» ճշտել՝ արդյո՞ք գազամուղը ռուսներին հանձնելն արդեն կատարված փաստ է, սակայն այս ընկերությունից մեզ պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող ասել, քանի որ իրենք բանակցությունների կողմ չեն եղել, «Գազպրոմի» հետ բանակցել է կառավարությունը։ Սակայն բոլորն էլ հիշում են, որ Ռ. Քոչարյանը ռուսների հետ «համաձայնության էր գալիս» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի մասնակցությամբ։ Այլապես ի՞նչ է ստացվում, կառավարությունն ու «Գազպրոմը» որոշում են գազամուղը տալ «ՀայՌուսգազարդին», իսկ այս ընկերությունում իրենց մատուցված նվերի մասին ոչինչ չգիտե՞ն։ «Միգուցե եւ գիտենք, սակայն մեկնաբանություններ տալ չենք կարող։ Մեկնաբանությունների համար դիմեք կառավարությանը»,- պատասխանեցին «ՀայՌուսգազարդից»։

Իսկ կառավարության ղեկավարը՝ Անդրանիկ Մարգարյանը, այս օրերին գտնվում է Ֆրանսիայում եւ նրանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։

Ինչեւէ, մինչեւ հունվարի 1-ն ամեն ինչ պարզ կդառնա։ Եվ եթե պարզվի, որ գազամուղը տալիս են ռուսներին, ապա ստացվում է՝ մի շարք պաշտոնատար անձինք հանցագործություն են կատարել՝ մոլորության մեջ գցելով ողջ ազգաբնակչությանը։ Հետաքրքիր է՝ գլխավոր դատախազը կձերբակալի՞ իշխանության վերին օղակներում կանգնածներին, թե՞ ժողովրդին խաբելը մեր երկրում քրեական պատասխանատվության չի ենթարկվում։