«Դեռ մի կարգին ժամանակ էլ չի անցել այն օրից, երբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, թե չի գնալու երրորդ անգամ առաջադրման, երբ Ղարաբաղի իշխանական շրջանակում ծավալվել է մի գործողություն, որի նպատակը թերեւս Ղուկասյանի երրորդ առաջադրման համար հող նախապատրաստելն է»,- գրում է «Լրագիրը»: Վերջինիս հայտնի է դարձել, որ ԼՂՀ Ոստիկանության պետ Արմեն Իսագուլովի հրամանով Լեռնային Ղարաբաղի ոստիկանները սոցիոլոգիական հարցում են անցկացնում ԼՂՀ բնակչության եւ մասնավորապես վարչական հաստատությունների աշխատակիցների շրջանում, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում: Հարցման նպատակն է` պարզել, թե բնակչությունն ինչպես է վերաբերվում Արկադի Ղուկասյանի երրորդ անգամ անընդմեջ առաջադրմանը: «Այդ փաստը տարօրինակ է առնվազն երկու առումով: Նախ, որ իրավապահներն իրենց բուն գործը թողած զբաղվում են հասարակագիտական աշխատանքով, եւ երկրորդ, որ ԼՂՀ ոստիկանապետը նախաձեռնում է հարցում մի թեմայի հետ կապված, որի կապակցությամբ մի քանի օր առաջ կարծես թե հստակ բացատրություն է տվել անձամբ ԼՂՀ նախագահը՝ ասելով, թե սկզբունքորեն չի գնալու երրորդ անընդմեջ առաջադրման, եթե նույնիսկ օրենքով իրեն ընձեռվի այդ հնարավորությունը: Ուրեմն` կամ ԼՂՀ ոստիկանապետը կասկածում է ԼՂՀ նախագահի սկզբունքայնությանը, կամ ԼՂՀ նախագահը տեղյակ չէ ԼՂՀ ոստիկանապետի գործողությունից, ինչը նշանակում է, որ չի տիրապետում երկրի իրավիճակին, կամ էլ տիրապետում է եւ ցանկանում է շարունակել այդ տիրապետությունը, եւ փոշմանել է իր արած հայտարարությունից ու այժմ հասարակական պահանջի տեսքով է ցանկանում ներկայացնել իր հավանական առաջադրումը»,- նշում է կայքը՝ ավելացնելով, թե տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ վերջին շրջանում Ղարաբաղի բյուջետային հաստատություններում անցանկալի աշխատակիցների «զտումներ» են կատարվում: