Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ստացված հայցով առաջին որոշումն, ամենայն հավանականությամը, կկայացնի մինչեւ տարեվերջ: Դա կարող է լինել «Ա1+» հեռուստաընկերության հայցը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Հայաստանից ստացված ու վարույթ ընդունված շուրջ երկու հարյուր հայցերից 33-ի գրավոր դատաքննությունը (Եվրոդատարան – հայցվոր – կառավարություն հարցուպատասխանների, առարկություններ ներկայացնելու փուլը) գրեթե ավարտվել է, եւ հիմա սպասում են դատարանի որոշումներին` այդ թվում նաեւ «Ա1+» հեռուստաընկերության հայցադիմումի վերաբերյալ: Հեռուստաընկերությունը նույն խնդրի վերաբերյալ երկու հայցադիմում է ներկայացրել: Առաջին հայցով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գեւորգ Կոստանյանը, դատաքննության ողջ գործընթացը սպառվել է, այնպես որ՝ չի բացառվում, որ որոշումը կայացվի մինչեւ 2006թ. ավարտը:
«Ազատության» փոխանցմամբ, Վրաստանից եւ Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված գործերի վերաբերյալ որոշումներ արդեն կայացվել են: