Աննախադեպ նախադեպ

21/10/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Մի լրագրող, հիմա չեմ հիշում որ թերթում, «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնի մասին հոդվածում գրել էր «աննախադեպ կինոփառատոն» արտահայտությունը, ինքն էլ երեւի չնկատելով, որ երրորդ միջազգային փառատոնի նախադեպն առաջինն ու երկրորդն էին։ Բայց սա ամենայն հավանականությամբ ոչ թե թյուրըմբռնման հարց է, այլ քրեագիտական տերմինի արհեստական ներմուծման։

Նույն պատճառով հեռուստատեսային գովազդի հաղորդավարն ամեն օր գոռում է «աննախադեպ շահումներ» արտահայտությունը, ինչից կարող ես ենթադրել, թե մարդիկ (երկրի խեղճ քաղաքացիները) լվացքի մեքենա մի անգամ արդեն շահել են, հիմա էլ ավտոմեքենա են շահելու։

Հետո պարի ինչ-որ անսամբլի ղեկավար է ասում՝ աննախադեպ։ Ասում է. «Փարիզում աննախադեպ հաջողություն ունեցավ մեր պարի անսամբլը»։ Սա էլ նշանակում է, թե ամեն օր կամ գոնե շաբաթը մեկ Փարիզում պարելու եւ հաջողություն ունենալու հնարավորություն չկա։ Ինչպիսի՜ անարդարություն։

Մի խոսքով՝ մեր կյանքում նախադեպ ասվածը նշանակում է երջանիկ մի բան, որը կարող էր պատահած լինել, բայց չի պատահել բախտի չար քմահաճույքով։

Եվ հիմա, երբ աննախադեպ հարձակում է եղել գեներալ Սուրեն Աբրահամյանի դեմ, եւ գեներալն էլ աննախադեպ հայտարարություն անելով՝ կասկածանքի սլաքն ուղղել է դեպի վարչապետը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը փորձում է հասարակական կարծիքը վանել կառավարության ղեկավարից՝ նույն նախադեպի միջոցով։ Ասում է՝ մարդն էսքան տարի աշխատել է, ու նման նախադեպ դեռ չի եղել, որ իր հակառակորդների նկատմամբ բռնություն կիրառած լինի։

Օգտվելով քրեագիտական բառապաշարի մեկ այլ՝ անմեղության կանխավարկած եզրից, ամենեւին չեմ ուզում կասկածել կամ մտքովս անգամ չեմ անցկացնում, թե վարչապետը կարող էր նման բան թույլ տալ իրեն։ Անմեղության կանխավարկածից տվյալ դեպքում օգտվում եմ բարոյական նկատառումներով։ Այն ինձ համար իրավաբանական կատեգորիա չէ, որովհետեւ ոչ ոք այդպես էլ չի բացահայտելու գեներալի վրա կատարված հարձակումն ու, բնականաբար, ոչ մի քննության թել չի տանելու դեպի իշխանական կառույցներ։ Սա իսկապես նախադեպ չունի։

Առավել հետաքրքիր է վերլուծել Տիգրան Թորոսյանի պաշտպանական մարտավարության ենթագիտակցական կողմը։ (Նախորդ հոդվածում խոսել ենք «բժիշկների աշխատավարձերը վճարել» եւ «չվճարված աշխատավարձերի հարցը լուծել» արտահայտությունների մասին՝ ցույց տալով, որ հեռուստատեսության խոսնակն ակամա խոստովանում է չվճարման փաստը): Հիմա նույն ձեւով ԱԺ նախագահը խոստովանում է իշխանության քրեական բնույթը։ Նա չի ասում, թե Անդրանիկ Մարգարյանն այնպիսի արժեքների կրող է, որ իրեն երբեք թույլ չէր տա ստորաբար հաշվեհարդար տեսնել իր հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տված գեներալի նկատմամբ։ Այլ ասում է, թե Անդրանիկ Մարգարյանն արդեն վեց տարի վարչապետ աշխատելով` նման նախադեպ թույլ չի տվել։

Սրանից կարելի է եզրակացնել, որ՝

ա) կարող էր թույլ տալ, թույլ չի տվել,

բ) կարող էր թույլ տալ եւ շարունակել ղեկավարել կառավարությունը։

Որովհետեւ գործող վարչապետին մեր երկրում ոչ ոք չի կարող ասել՝ աչքիդ վերեւն ունք կա, քանի դեռ չի փոխվել քաղաքական իրավիճակը, կամ քանի դեռ վերեւներում որոշում չի կայացվել մեկին «մատաղ» անել հանուն PR-ի։

Որովհետեւ մեր երկրում նախադեպն անգամ աննախադեպ է։ Հեռու պետք չէ գնալ։ Նույն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մեկ այլ իրադարձություն՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեպքը, ցույց է տալիս, որ մեզ ղեկավարում են մի քանի հատոր քրեական գործ տարողությամբ կենսագրություն ունեցող մարդիկ։ Ու բավական է, որ նրանցից մեկն անզգույշ շարժում անի, եւ գլխավոր դատախազը խորհրդարան կգա աննախադեպ հոդվածներով։

Ամերիկյան «քրայմ» ֆիլմեր արտադրողները վաղուց պիտի սնանկացած լինեին, եթե ամերիկացի հետախույզները կարողանային այս արագությամբ բացահայտել հանցագործությունները։ Կամ գուցե բացահայտո՞ւմ են, եւ արտադրողներն են մեզ գցում թյուրիմացության մեջ, որ ֆիլմը երկար ու հետաքրքիր լինի։ «Քրայմ» ֆիլմերի առանցքային տեսարաններից է «բոսի» եւ շարքային հետախույզի լեզվակռիվը։ «Բոսն» ուզում է մեկ ամսում հավաքված փաստերի անպետքությունը գցել շարքայինի վրա, սա էլ մատնացույց է անում հետախուզության մյուս կառույցներին՝ ակնարկելով դրանց ապաշնորհությունը։ Հետո երկուսն էլ գնում են տարբեր բարերում մի բաժակ վիսկի խմելու ու մտածելու գործի բացահայտման նոր ձեւեր։

Ափսոս, որ կինոն հազարամյակների պատմություն չունի, թե չէ արհամարհաբար ասելու էինք՝ մեր կինոն որ կար, Հոլիվուդի տեղը ավազի հանք էր։ Ափսոս, որ մեր պետությունը գոնե հարյուրամյակների պատմություն չունի, թե չէ ասելու էինք՝ մենք որ հանցագործություն էինք բացահայտում, ամերիկացիք հանցանք գործել չգիտեին։ Ափսոս, որ քրեագիտությունը հայերը չեն հորինել, թե չէ նախադեպն ամենաաննախադեպն էր լինելու, ինչպես լվացքի մեքենան, ինչպես պատգամավորի մանդատը եւ ինչպես սերմացուն, որը, հասկանում եք, կարտոլի ինչն է։