«Հայաստան» Հիմնադրամը նույնպես տուժում է

21/10/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Դոլարի արժեզրկումը խճճել է ոչ միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը, այլեւ սպառնում է խճճել Հայաստան-սփյուռք գործարար ու բարեկամական հարաբերությունները: Հիմնադրամի նախագահ Նաիրա Մելքումյանը երեկ հաստատեց, որ դոլարի անկումը բացասաբար է անդրադառնում առավելապես դոլարային մուտքեր ունեցող իրենց կառույցի գործունեության վրա:

«Հայաստանի շատ բարեգործական կազմակերպություններ ներկայում ժամանակավոր դադարեցրել են աշխատանքները,- ասաց տիկին Մելքումյանը: -Խոշոր բարեգործական շատ կազմակերպություններ կրճատել են իրենց ֆիզիկական ծավալները: Մենք էլ նման հարցի առաջ ենք կանգնած, բայց, կարծում եմ, այդ հարցը լուծվելու է Հոգաբարձուների խորհրդի կողմից»:

Տիկին Մելքումյանը չգիտի, թե այդ հարցն ինչպես է լուծվելու, բայց կարծում է, որ կլուծվի: Նա նաեւ մտածում է, որ Ղարաբաղի իշխանությունները «գիտակցում են խնդրի լրջությունը»: Բազմիցս է հնչել, թե Ղարաբաղի իշխանությունները դժգոհ են հիմնադրամի աշխատանքների տեմպից ու որակից: «Խնդրի լրջություն» ասելով` Ն.Մելքումյանը հավանաբար ուզում էր ասել, թե Ղարաբաղում իրենց ծրագրերը դանդաղում են, որովհետեւ դոլարի արժեզրկման պատճառով նվազում է հատկացված կամ նվիրաբերած գումարի դրամային արտահայտությունը, ինչն էլ իր հերթին ազդում է ծրագրերի ընթացքի վրա: Իսկ ծրագրերի բյուջեն այստեղ հաշվարկվում է դրամով: Այս հանգամանքը հավանաբար գիտակցում են տեղի իշխանությունները: Բայց գիտակցո՞ւմ են արդյոք բարերարները, որոնց նվիրաբերած գումարներն օր օրի արժեզրկվում են: Ինչ-որ ծրագրի համար անցած տարի հատկացրած, ասենք, 10.000 դոլարը, որն այն ժամանակ հավասար էր մոտ 4,7 մլն դրամի, մի քանի ամիս հետո դարձավ 4,5 մլն դրամ, 2006թ. ամռանը՝ 4 մլն, իսկ հիմա՝ 3,8 մլն դրամ: Պակասեց մոտ 1 մլն դրամով կամ մոտ 20 տոկոսով: Իսկ այդ հանգամանքը բնականաբար բացասաբար կազդի ծրագրերի ընթացքի վրա: Միգուցե հոգեբարձուները գիտակցե՞լ են, բայց չեն ուզում ըմբռնումով մոտենալ, որովհետեւ նրանք արդեն գիտակցել են մեկ ուրիշ բան՝ որ Հայաստանում դոլարի արժեզրկումը սպեկուլյացիայի արդյունք է, որ մի խումբ մարդիկ այդ գործընթացից իրենց բարեգործությունների հաշվին մեծ գումարներ են գրպանում, որ նվիրատվություն կատարելով՝ նրանք չեն ուզում իրենց խաբված ու «քցված» զգալ: Բայց տիկին Մելքումյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ բարերարներն ըմբռնումով կմոտենան այդ խնդրին: «Բոլոր մեր տեղական մարմինների եւ բարերարների հետ պայմանավորվել ենք, որ մենք այլեւս նրանց դոլարով որեւէ բան չենք ներկայացնում, մենք ներկայացնում ենք դրամով, նրանք նայում են օրվա փոխարժեքը` ԿԲ կայքում, եւ մեզ փոխանցում են ըստ այդ փոխարժեքի: Ասեմ, որ հիմնադրամի բարերարները եւ տեղական մարմինները պատրաստ են այդ խնդիրը լուծել: Այսինքն՝ այսօր մենք նրանց կողմից ունենք պատրաստակամություն, ունենք համաձայնություն, որ նրանք փոխանցելու են մեզ ոչ թե նախապես համաձայնեցված դոլարի չափով, այլ այն, ինչ իրականության մեջ մենք ստիպված ենք»,- տեղեկացրեց Նաիրա Մելքումյանը:

Նրա ասելով, 2006 թվականին տեղական մարմինների ժողովին որոշվել է, որ փոխարժեքի տատանումներից խուսափելու համար հիմնադրամի յուրաքանչյուր ծրագիր պետք է ունենա 5-10 տոկոսի պահեստային գումար: Սակայն մեր իրականությունն ապացուցեց, որ անցած մեկ տարվա ընթացքում դոլարն արժեզրկվել է 20 տոկոսի չափով: Բնականաբար, 5-10 տոկոսի պահեստային գումարն ամբողջությամբ չի կարողանա ծածկել արժեզրկման ընթացքում կորցրած ամբողջ գումարը: Մանավանդ, որ դոլարի արժեզրկման կամ, ինչպես մեր իշխանություններն են սիրում ասել, դրամի արժեւորման հետ միաժամանակ բարձրանում են նաեւ շինանյութի գները: Վիճվարչության տվյալներով, անցած տարվա համեմատ այս տարվա սեպտեմբերին շինարարական ապրանքները թանկացել են 8,4 տոկոսով: Այս ցուցանիշը մի փոքր կասկածելի է, այսինքն ցածր է, որովհետեւ նույն Վիճվարչության տվյալներով, հիմնական շինանյութ հանդիսացող ցեմենտը թանկացել է 38 տոկոսով, գաջը՝ 35 տոկոսով, լաքը՝ 26 տոկոսով, իսկ ծածկաթիթեղն ու ներկը՝ համապատասխանաբար՝ 5 եւ 7: Մասնագետները հավատացնում են, որ բարձրացել են նաեւ ներկրվող շինարարական մետաղների ու փայտանյութի գները: Մեր բարերարները հավանաբար գիտեն, որ գաջն ու ցեմենտը արտադրվում են Հայաստանում եւ այդքան շատ թանկանալու համար որեւէ օբյեկտիվ պատճառ չունեն: Իսկ մյուս երեք ապրանքները ներկրվում են եւ հենց այդ պատճառով պետք է էժանանային, որովհետեւ այստեղ վաճառվում են դրամով, իսկ ներկրվում են Հայաստանում ձեռք բերված էժան դոլարով: Չի բացառվում, որ բարերարները գիտակցել են նաեւ, որ Հայաստանում շինանյութի արտադրության ու ներկրման ոլորտները գտնվում են մենաշնորհային վիճակում եւ իրենց տերերին բերում են գեր-գեր շահույթներ: Որ այդ նույն մարդիկ ուղղակի գրպանում են իրենց հատկացրած գումարի մի մասը: Եվ դրա համար էլ հավանաբար հարկ չեն համարում ավելացնել իրենց բարեգործությունների դոլարային չափը, կամ ընդհանրապես՝ բարեգործություն անել: Տիկին Մելքումյանը վստահեցրեց, որ շինանյութի թանկացման պատճառով ծրագրերը չեն տուժի:

«Մենք ունենք նաեւ այս դիրքորոշումը, որ շինարարը, երբ կնքում է մեզ հետ պայմանագիր, ինքը ռիսկ է իր վրա վերցնում, որ կարող է ինչ-որ բան էժանանա եւ ինչ-որ բան թանկանա: Այսինքն՝ այդ առումով այդքան մեծ մտավախություն մենք չունենք: Միակ մտավախությունն, իհարկե, դոլարի փոխարժեքի հետ է կապված, որովհետեւ պատկերացրեք, եթե մենք տարեկան 15 միլիոն դոլար մուտք ունենք, ապա ինչքա՞ն դրամի տարբերություն է դա տալիս»:

Միանշանակ չի կարելի համաձայնել Ն. Մելքումյանի հետ, որովհետեւ շինարարը շինանյութի թանկացման պատճառով ստացած վնասն իր շահույթի հաշվին չի գրանցի, այլ դուրս կբերի իր աշխատանքի որակի հաշվից: Հիշեցնենք «Հայաստան» հիմնադրամի ծրագրով կառուցված եւ 2001թ. ավարտված Հյուսիս-հարավ մայրուղին, որի մի հատվածը հավանաբար բարձր որակ ունենալու պատճառով 2004թ. փլուզվել է:

Նշեցինք, որ Ղարաբաղի իշխանությունները դժգոհ են ծրագրերի իրականացման ոչ միայն տեմպից, այլեւ որակից: Սակայն տիկին Մելքումյանը համաձայն չէ նրանց հետ եւ չգիտի, թե ինչ մասնագետներ են գնահատել այդ աշխատանքները: Մանավանդ, որ միջազգային աուդիտորներն իրենց մոտ դրամային չարաշահումներ չեն հայտնաբերել: Իսկ եթե միջազգային աուդիտորները չարաշահումներ չեն հայտնաբերել, ուրեմն դրանք չկան: Իսկ մենք գոնե իրավունք ունենք կասկածելու, որ միջազգային այդ մասնագետներն ուղղակի անաչառ չեն եղել: Վկան նորից այդ քանդված ճանապարհահատվածն է: Բացի այդ, միջազգային տարբեր աուդիտորների դրական, բայց ոչ օբյեկտիվ եզրակացությունների կարելի է հանդիպել մեր տնտեսության տարբեր ոլորտներում: