Ռուսաստանի վերջնագիրն անիմաստ է

21/10/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տեղ հասանք։ Ռուսաստանը Կոնստանտին Զատուլինի շուրթերով Հայաստանից պահանջում է վերջապես կողմնորոշվել` ռուս-վրացական հակամարտությունում Ռուսաստանի՞ կողմն է, թե՞ Վրաստանի։ Իհարկե, «մուննաթը» քաղաքական կատեգորիա չէ, բայց Կոնստանտին Զատուլինի վերջնագիրը որեւէ այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Բանից պարզվում է` Ռուսաստանը խիստ դժգոհ է, որ Հայաստանի ռուս-վրացական առճակատման հարցում իրեն չի օգնում եւ աշխատում է չեզոք դիրք գրավել։ Ավելին` քանի որ «մուննաթի» ժանրը ենթադրում է նաեւ, որ պետք է արած լավությունը երեսով տալ, ռուս պատգամավորը հիշեցնում է, որ գազի սակագների հարցում իրենք մեծ լավություն են արել Հայաստանին։ Իհարկե, իրականում այդ «մեծ լավությունը» ձրի չեն արել։ Ավելին` օգտվելով Հայաստանի անելանելի վիճակից, պլոկել են շատ ավելին, քան արժեր «գազի սուբսիդավորումը»։ Դրա դիմաց ռուսները վերցրել են ոչ միայն Հրազդանի ՊՇԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, այլեւ Հայաստան-Իրան գազամուղի 40 կիլոմետրանոց հատվածը։

Բայց սա արդեն էական չէ։ Կարեւորն այն է, որ ռուսներն իրենք պնդում են, թե մեզ մեծ լավություն են արել (չի բացառվում, որ նրանք իսկապես էլ այդպես են մտածում)։ Եվ այդպես պնդելով` առաջնորդվում են նոր ռուսների հորինած ասացվածքով. «ԽՑՏ ՊպՉցՔՍց ցՋՌվՈպՑ, ՑՏՑ պպ Ռ ՑՈվՓցպՑ»։ Եվ Հայաստանից պահանջում են կողմնորոշվել։ Ավելին. մեզ կոչ են անում առաջնորդվել ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի շահերով։ Այլ կերպ ասած, նրանց կարծիքով, եթե մենք խիստ լարված հարաբերություններ ունենանք Վրաստանի հետ, դա կբխի Հայաստանի շահերից (հասկանալի է, որ «Հայաստանի շահեր» ասելով` նրանք նկատի ունեն Ռուսաստանի շահերը, որովհետեւ ֆորպոստն, ինչպես հայտնի է, սեփական շահեր ունենալ չի կարող)։

Իհարկե, իրականում սրանք զուտ էմոցիոնալ գնահատականներ են, մինչդեռ Ռուսաստանը մեր առջեւ կոնկրետ հարց է դրել, որը պրագմատիկ եւ սթափ հաշվարկների վրա հիմնված լուծում է պահանջում։ Ընդ որում, այստեղ բացարձակապես որեւէ կապ չունի` սիրո՞ւմ ենք մենք ռուսներին, թե՞ ոչ, Հայոսն ու Քարթլոսը հարազատ եղբայրնե՞ր են եղել, թե՞ ոչ, արդարացի՞ է աբխազների պայքարը, թե՞ ոչ, եւ այլն։ Խնդիրը պրագմատիկ լուծում է պահանջում, եւ տվյալ դեպքում Հայաստանը երեք հնարավոր տարբերակ ունի. կողմնորոշվել հօգուտ Ռուսաստանի, կողմնորոշվել հօգուտ Վրաստանի կամ շարունակել չեզոք դիրք գրավել։ Ինչի՞ կհանգեցնի այս տարբերակներից յուրաքանչյուրը։

1. Կողմնորոշվել հօգուտ Ռուսաստանի։ Գործնականում սա նշանակում է Ռուսաստանին սատարող հայտարարություններ անել, աջակցել Աբխազիային եւ Հարավային Օսեթիային (հարկ եղած դեպքում` նույնիսկ ճանաչել նրանց անկախությունը), անհրաժեշտության դեպքում բարձրացնել Ջավախքի ինքնավարության հարցը, եւ այլն։ Ի՞նչ կտա դա Հայաստանին։ Դրական հետեւանք. Ռուսաստանում գուցե սկսեն ավելի լավ վերաբերվել հայերին։ Բացասական հետեւանքներ. Հայաստանը կզրկվի Սեւ ծովով դեպի Ռուսաստան եւ Եվրոպա միակ ճանապարհից, կտրուկ կվատանան Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, կծանրանա ջավախահայության եւ ընդհանրապես Վրաստանի հայերի (Թբիլիսի, Բաթումի եւ այլն) վիճակը։ Բացասական հետեւանքներն ակնհայտորեն գերակշռում են։ Հետեւաբար` հօգուտ Ռուսաստանի կողմնորոշվելը քաղաքական սխալ կլիներ։

2. Կողմնորոշվել հօգուտ Վրաստանի։ Գործնականում սա նշանակում է ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, դեմ արտահայտվել աբխազների եւ օսերի պայքարին, հայտարարություններ ընդունել Ռուսաստանի կողմից իրականացվող շրջափակումների դեմ, եւ այլն։ Ի՞նչ կտա դա Հայաստանին։ Դրական հետեւանքներ. Արեւմուտքի հետ հարաբերությունների ջերմացում, հայ-վրացական ջերմ հարաբերություններ, անխափան ելք դեպի Սեւ ծով։ Բացասական հետեւանքներ. դատապարտել աբխազների եւ օսերի պայքարը` նշանակում է երկակի ստանդարտներ կիրառել ղարաբաղյան հարցում, ինչը լրջորեն հարված կհասցնի Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Բացի այդ, կվատանա Ռուսաստանի մոտ 2 միլիոնանոց հայկական գաղութի վիճակը, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, չի դիմանա ռուսական շրջափակմանը, որովհետեւ այլընտրանքային ուղիներ չի գտնի։ Մի խոսքով, ակնհայտ է, որ այս դեպքում եւս բացասական հետեւանքները գերակշռող են։ Հետեւաբար` կողմնորոշվել հօգուտ Վրաստանի նույնպես չի կարելի։

3. Շարունակել չեզոք դիրք գրավել։ Գործնականում սա նշանակում է համբերությամբ սպասել, թե երբ վերջապես կկարգավորվեն ռուս-վրացական հարաբերությունները, ժամանակ առ ժամանակ դժգոհել, որ Ռուսաստանը հաշվի չի առնում Հայաստանի շահերը, եւ զուգահեռաբար Վրաստանին հասկացնել, որ մենք կարող ենք հարկ եղած դեպքում նաեւ Ջավախքի խաղաքարտն օգտագործել, բայց չենք անում։ Այս տարբերակի միակ «դրականն» այն է, որ ոչ մի կտրուկ բացասական հետեւանք չի ունենում։ Այսինքն` պատանդի վիճակում հայտնված Հայաստանը ստիպված է անկյունում կուչ գալ եւ սսկվել, մինչեւ «ահաբեկիչների» եւ «ոստիկանների» միջեւ հարաբերությունները պարզվեն, որովհետեւ ոչ ոստիկանների կողմն անցնելն է մի բան, ոչ ահաբեկիչների։ Մեր մեջ ասած` Հայաստանը հենց այդպես էլ վարվում է։

Բայց արդյո՞ք Ռուսաստանը թույլ կտա, որ շարունակենք մեր չեզոքությունը։ Այս առումով Զատուլինի «վերջնագրից» վախենալ պետք չէ։ Ի վերջո, Ռուսաստանը Հայաստանին ինչ վատություն կարող էր անել` արդեն արել է։ Մնացել է միայն Ռուսաստանի հայերին զանգվածաբար հալածելը, բայց վստահ ենք, որ նրանք այդպիսի քայլի չեն դիմի։ Ոչ թե նրա համար, որ մենք նրանց «ռազմավարական դաշնակիցն» ենք, այլ` որովհետեւ միջազգային աղմուկը չափազանց մեծ կլինի։ Առանց այն էլ Վրաստանի շրջափակումից հետո այս առումով Ռուսաստանի «հալը հալ չէ»։

Այնպես որ, ռուսների հերթն է։ Հիմա էլ նրանք պիտի ըմբռնումով մոտենան մեր դիրքորոշմանը։ Բա էլ ո՞ր օրվա համար է «ախպերությունը»։