Վագրենավորների նոր թվերն ու վերլուծությունները

21/10/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանն ակնհայտորեն հակասությունների երկիր է: Հատկապես տնտեսության ոլորտում: Պարզ մարդկային տրամաբանությամբ երբեմն անհնար է որեւէ բան հասկանալ: Անկախ նրանից, թե ովքեր են խոսում մեր տնտեսության մասին: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչնե՞րը, թե՞ մեր տնտեսական ոլորտի իշխանավորները: Համաշխարհային բանկը մեր երկրի տնտեսության մասին գրելիս օգտագործում է «վագր» տնտեսագիտական տերմինը: Մյուս կողմից՝ խոսում մաքսային համակարգում բարեփոխումների դանդաղ տեմպի եւ կոռուպցիայի մակարդակի մասին: Մեր մաքսային պետական կոմիտեի նախագահն էլ նկատում է այս հակասությունը ու զայրանում: Պարոն Ավետիսյանն այս գնահատականների հետ չհամաձայնելով` մատնանշում է Համաշխարհային բանկի մի զեկույց-ուսումնասիրություն: Այնտեղ նշված է՝ հարցմանը պատասխանող գործարարների միայն երեք տոկոսն է մաքսային ոլորտը համարում կոռումպացված: Ասուլիսի ժամանակ այս ուսումնասիրությանը հղում անելուց հետո, Մաքսային պետական կոմիտեի նախագահն ավելացնում է. «Այս տարվա ինն ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել են 121 մաքսային ծառայողներ» (մեջբերումն արված է մամուլից): Համաձայնեք՝ բարդ է հասկանալը, թե ինչո՞ւ է 121 աշխատակից հեռացվել մի համակարգից, ուր կոռուպցիա չկա: Գուցե հեռացվել են մասնագիտական ցածր որակավորմա՞ն պատճառով: Սա, իհարկե, տրամաբանական ենթադրություն է: Բայց սա ավելի շուտ մեղադրանք կընկալվի, քան ենթադրություն: Հեռացվածներին աշխատանքի Պուշկինը չի ընդունել, այլ պարոն Ավետիսյանը, ով այդ ոլորտը ղեկավարում է 2001թ.-ից: Նրան այս տարի հաջողվել է անել այն, ինչ չի արել պաշտոնավարման նախորդ հինգ տարիներին: Տեսեք, թե ինչ հետաքրքիր թվեր է հրապարակում Մաքսային ծառայությունը: Այս տարվա ինը ամիսների ընթացքում ներմուծումներն ավելացել են: Մոտ 90 մլրդ դրամի չափով: Նույն պաշտոնական տվյալներով` ներմուծումների ֆիզիկական ծավալն աճել է ընդամենը մեկ տոկոսով: Աճը պաշտոնապես ավելացել է մաքսային արժեքների ճշգրտման արդյունքում: Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունեցել: Հայաստանում տարադրամի փոխարժեքն ինն ամիս շարունակ անշեղորեն նվազում է: Այս առիթով Մաքսային ծառայության ղեկավարն ասում է, որ դրամի արժեւորումն իրեն ի պաշտոնե չի ուրախացնում: Որովհետեւ՝ «Ուղղակիորեն ազդում է մուտքերի վրա: Ներկրվող ապրանքների մաքսային արժեքները ներկայացվում են դոլարով եւ եվրոյով, ըստ այդմ էլ հաշվվում են վճարվելիք գումարները»: Բայց ի հեճուկս այս գործընթացի` Մաքսային ծառայությունները կարողացել են պարզել, որ ներկրողներն իրենց տարիներ շարունակ խաբել են: Այսինքն` ներկրվող ապրանքների գներն անընդհատ ցածր են ցույց տվել: Հիմա մեր մաքսավորները ճշտել են գները եւ բարձրացրել մաքսային արժեք-մուծումները: Այսքանից հետո, չգիտես ինչու, որոշել են զբաղվել ինքնաձաղկմամբ եւ աշխատանքից հեռացրել են եռանիշ թվով աշխատակիցների: «Դրանցում կան նաեւ կոռուպցիայի դեպքեր»,- բացատրում է պարոն Ավետիսյանը: Ցավոք՝ չնշելով պետության կրած վնասների ծավալը: Նա որպես քաղաքացի` հայտնում է իր ուրախությունը դրամի արժեւորման առիթով: Սակայն որպես տնտեսագետ կամ տնտեսական ոլորտի ղեկավար` իրեն ուրախացնող փաստը չի փորձում վերլուծել իր իսկ հրապարակած հաջորդ փաստի հետ: Նախորդ տարվա հետ համեմատած` արտահանումը նվազել է՝ մոտ 25 մլրդ դոլարով:

Սեփական արտադրությունը դրամի կուրսի տատանման պատճառով թանկանում է: Հետեւաբար՝ արտաքին շուկայում դառնում պակաս մրցունակ: Այս պարզ տրամաբանությունը չտեսնելու տալով՝ մեր տնտեսության ղեկավարները գերադասում են մեղադրել արտադրողներին: Առայժմ պաշտոնական շրջանակներն ուշադրության չեն արժանացնում այն փաստը, որ շատ գործարարներ դրամի արժեւորումից խուսափելու հեռանկար գտել են: Մեր արտադրական կապիտալը սկսել է արտահոսել: Որոշ գործարարներ արդեն իսկ արտադրական ձեռնարկություններ են հիմնում անգամ Վրաստանում: Գյումթերքներ վերամշակող շատ ձեռնարկատերեր մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ արտադրության տեղափոխման բիզնես-ծրագրերն արդեն մշակման փուլում են: Այս ամենն անտեսելով` մեր իշխանավորները փորձում են տրամաբանական բացատրություններ հորինել տնտեսական կյանքում արձանագրվող անտրամաբանական փաստերի համար: Պաշտոնական վիճակագրությունն, օրինակ, արձանագրում է. 1997թ.-ից սկսած բենզինի ներկրումը նվազում է: Այս փաստը կոռուպցիայի եւ մենաշնորհային իրավիճակի հաստատման օրինակ դիտարկելու փոխարեն` հարցը նենգափոխվում է: Մեր ղեկավարներն ասում են, որ շատ մեքենաներ գազով են աշխատում: Պարոն Ավետիսյանը նույնիսկ հիմնավորում է. «Ես տեղեկանք եմ ստացել «ՀայՌուսգազարդից», որի համաձայն` այս տարի գազի սպառումն ավելացել է շուրջ 48 տոկոսով»: Մարդը երեւի շատ զբաղված է եւ չի հասցնում անգամ «Հայլուր» դիտել: Ափսոս: Այլապես կտեսներ խրոխտ ռեպորտաժներ գազիֆիկացված հերթական բնակավայրի կամ թաղամասի մասին: Ընդունեք, որ գազով աշխատող ջիպն ավելի գերբնական արարած է, քան ջրահարսը: Բայց մինչեւ օրս հեքիաթներ հորինվում էին միայն ջրահարսերի մասին: