Երեւանի կենտրոնում իրար վրա լցված շենքերը գնորդների մոտ կորցրել են իրենց հմայքն այն պատճառով, որ շատ թանկ արժեն, որ իրար շատ մոտիկ են կառուցված: Մի բնակարանից մյուսի անցուդարձին կարելի է հանգիստ հետեւել, եւ շատերը չեն համարձակվում ապրել այդ բնակարանում, ուր այլ բնակիչներ չկան, եւ առանց ներքին հարդարման վաճառելու պատճառով շենքը երկար տարիներ գտնվելու է վերանորոգման փուլում: Բայց եթե հանկարծ այդ շենքերի բնակարաններն ունենան բարձր պահանջարկ, շուտ վաճառվեն ու շուտ բնակեցվեն, ապա Երեւանի կենտրոնում կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ: Խոսքս այն մասին չէ, որ այդ հատվածում կավելանա բնակիչների ու նոր բիզնես-կենտրոններում աշխատողների քանակը: Դրան զուգահեռ` կշատանան նաեւ մեքենաները: Այսինքն` նեղ փողոցներն ու սուղ կայանատեղիները չեն բավարարի մեքենաների ավելացող քանակին, ու կխաթարվի Կենտրոնի երթեւեկությունը: Պայթյունավտանգ վիճակ առաջացնելու է այդ հատվածի խարխլված ու հետզհետե աճող պահանջներին չբավարարող կոմունիկացիոն համակարգը:
Սկսենք էներգամատակարարման համակարգի հնարավորությունից: Բազմիցս ենք լսել, որ փոքր Երեւանը կամ Թամանյանի Երեւանը կառուցված է եղել ընդամենը 400.000 բնակչի համար: Բացի այդ, խորհրդային վերջին տարիներին էլ այս հատվածում չեն կառուցվել էլեկտրաէներգիա ծախսող խոշոր օբյեկտներ՝ գործարաններ, կամ թեկուզ բազմաթիվ սաունաներ: Խորհրդային Երեւանի ղեկավարներն ու կառուցապատողները Կենտրոնին էլեկտրաէներգիայով ապահովելու համար շատ բարձր լարման հոսանքագծեր չեն անցկացրել: Կառուցել են այնպիսի հզորության ենթակայաններ, որոնք բավարարել են այն ժամանակվա պահանջներին: Իհարկե, խորհրդային ղեկավարների մտքով անգամ չի անցել, թե անկախ Հայաստանի իշխանությունները Կենտրոնը կլցոնեն բոնբոներկաների նման երկնաքերներով ու սաունաներով: Եթե գուշակեին, գուցե ավելի հզոր բաշխիչ ցանցեր կառուցեին: Այնպես, ինչպես կառուցել են Երրորդ մասում, որտեղ կան բազմաթիվ գործարաններ: Բայց, ինչպես ասում են, ունենք այն՝ ինչ ունենք: Ճիշտ է, վերջին տարիներին ու մեծ կոնֆլիկտների գնով Կենտրոնի ենթակայանները մի փոքր հզորացվեցին, բայց ոչ այն չափի, որ բավարարի աճող պահանջներին: Ձմռան ամիսներին քիչ չեն լինում գերբեռնվածության պատճառով հոսանքազրկումներն ու վթարները: Այդ պատճառով նույնիսկ մի նախարար կորցրեց իր պաշտոնը: Երբ էլիտար շենքերն ամբողջապես բնակեցվեն, այդ գերբեռնվածությունն ավելի կշատանա, բնականաբար, կշատանա նաեւ հոսանքազրկումների ու վթարների քանակը:
Երկրորդ խնդիրը վերաբերում է ջրամատակարարմանը: Շատ է գրվել ու խոսվել, որ Երեւանի ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, որ Կենտրոնի ջրամատակարարման ցանցն ունի կեսդարյա վաղեմություն: Ճիշտ է, վերջին 5-6 տարիներին համակարգը կառավարող իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը որոշ կոսմետիկ վերանորոգումներ արեց, բայց դա շատ քիչ է խարխլված ու ցանց դառած խողովակներով նորմալ ջրամատակարարում ապահովելու համար: Իսկ ֆրանսիացի նոր կառավարիչն էլ խոստացել է Երեւանի ջրամատակարարումը հասցնել Լիոնի ջրամատակարարման մակարդակին միայն 10 տարի հետո: Այնպես որ, Կենտրոնի էլիտար շենքերի բնակիչները պետք է 10 տարի էլ համբերեն, որ նորմալ ջրամատակարարում ունենան:
Երրորդ եւ ամենապայթյունավտանգ իրավիճակն առաջացնելու է Կենտրոնի կոյուղու համակարգը: Խորհրդային Երեւանի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի պատասխանատուները ժամանակին նորից չեն կարողացել գուշակել, որ անկախ Երեւանի կենտրոնը գերբնակեցվելու է: Որ կոյուղագծերը կառուցեին ոչ թե իրենց ժամանակների պահանջներին համապատասխան, այլ մեր ժամանակների ախորժակին համապատասխան: Այստեղ արդեն նորօրյա կոսմետիկ միջամտությունները չեն փրկի: Ջրահեռացումը ջրամատակարարման հետ միասին մտնում է «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության համակարգում եւ այսօր գտնվում է նույն ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության կառավարման ներքո: Նաեւ անցել է իտալական նույն «Էյ Յութիլիթի» ընկերության վերականգնողական ծրագրով, բայց ջրահեռացման համակարգում խնդիրներն ավելի շատ են, քան ջրամատակարարման համակարգում: Օտարերկրացի կառավարիչների ծրագրերում աշխատանքների մեծ մասը պլանավորված է երկրորդ հերթում: Եթե նկատել եք՝ երկու կառավարիչներն էլ, նաեւ համակարգի տեղական պատասխանատուներն ավելի շատ խոսում են որակյալ եւ շուրջօրյա ջրամատակարարումից, քան որակյալ ու առանց վթարների ջրահեռացումներից: Եվ Կենտրոնի էլիտար շենքերն ամբոջությամբ բնակեցվելու դեպքում կոյուղագծերի ներկա հնարավորությունները չեն բավարարի: «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության տարեց մասնագետները հավատացնում են, որ այդ հատվածի թեկուզ կիսատ բնակեցումը բերելու է կոյուղագծերի գերբեռնվածության, ինչի հետեւանքով ոչ թե վթարներն են հաճախակի լինելու, այլ ամբողջ ցանցն է շարքից դուրս գալու: Պատկերացրեք, որ ամեն մի շենքի փոխարեն եղել է 5-6 սեփական տուն: Այսինքն, այդ տարածքում ապրել են 5-6 ընտանիք կամ 25-30 մարդ: Իսկ հիմա այդ տարածքում 1 շենք է կառուցվել, որտեղ ապրելու են 20-30, նույնիսկ 40 ընտանիքներ, կամ 100-200 մարդ: Սա նշանակում է, որ կոյուղագծերի ծանրաբեռնվածությունը մեծանալու է 5-6 անգամ: Հնարավո՞ր է արդյոք, որ թույլ տարողունակության կոյուղին սպասարկի իր հնարավորությունները 5-6 անգամ գերազանցող պահանջները: Իհարկե ոչ:
Ի՞նչ է պետք անել: Կասեք՝ փոխել կոյուղագծերը: Բայց՝ ո՞վ: «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության օտարերկրյա կառավարիչներն այդպիսի ծրագրեր չունեն: Կառուցապատողներն էլ իրենց շենքերը կառուցել են, իսկ այդ խնդրի մասին չեն էլ մտածել: Միգուցե մտածե՞լ են, բայց չեն ուզեցել ավելորդ ծախսեր անել: Իրենք չորս պատ են վաճառում, եւ ոչ թե բոլոր հարմարություններով բնակելի համալիր: Ո՞վ պետք է նորոգի Հյուսիսային ու Բուզանդ փողոցների կոյուղու գծերը կամ ընդհանուր կենտրոնի կոյուղին: Այդտեղ շենքեր կառուցող Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկո՞վը, «Նորդ Այլենդ» ընկերությո՞ւնը, որը համարվում է ռուս միլիարդատեր Միխայիլ Խոդորկովսկու բիզնեսը, թե՞ սփյուռքահայ դաշնակցականներն ու մեր կառուցապատող պաշտոնյաները: Առայժմ` ոչ մեկը: Թե՞ կառուցապատողները հուսով են, որ, միեւնույն է, նորակառույց շենքերն ամբողջությամբ չեն բնակեցվի: Այդ բնակարանների մեծ մասը կգնեն սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք տարին ընդամենը 1-2 ամիս Հայաստան կգան եւ շատ չեն ծանրաբեռնի մեր թույլ համակարգերը: Բայց դա հարցի լուծումը չէ, ընդամենը հույս է: