«Մութ ու ցուրտ» տարիների սերունդը գնում է բանակ

21/10/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2006 թվականին աշնանային զորակոչ անցկացնելու մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հրաման է արձակել: Հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարողները, որոնք մինչ այդ հաշվառված են եղել իրենց տարածքային զինկոմիսարիատներում, ներկայումս մի քանի փուլերով անցնում են բժշկական զննումներ: 18 տարին լրացած պատանիների համար բուժհաստատությունում տրված բժշկական եզրահանգումից բացի, վճռորոշ են համարվում հանրապետական զինվորական հանձնաժողովի եւ զորակոչային կետի կողմից տրված բժշկական եզրակացությունները:

Այս օրերին մայրաքաղաքի գրեթե բոլոր հիվանդանոցների նախասրահներում բազմաթիվ զինակոչիկներ կան: Օրեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնի առաջին հարկի նախասրահում իրարանցում էր: Լաբորատորիայի մուտքը հսկող օրինապահ-հսկիչը բղավում էր մուտքի մոտ հավաքված զինակոչիկների եւ նրանց ծնողների վրա` հրահանգելով հեռու կանգնել դռան մոտից: Բայց նրանց համար կանգնելու այլ տեղ նախատեսված չէ: Հսկիչի կոպիտ վերաբերմունքը ծնողների համապատասխան վրդովմունքին արժանացավ, որոնք, առանց իրար հերթ տալու, սկսեցին դժգոհել արհեստականորեն ստեղծված հերթերից: «Սրանց տեսեք, վախեցնում, ահաբեկում են, ասում են` գնացեք, ծառայեք: Ժամը 9-ից էստեղ ենք: Զինկոմիսարիատի ակտով ենք եկել, որ կոմիսիա անցնենք, տղաս ստամոքսաաղիքային տրակտի պրոբլեմ ունի, աղիքը դեֆորմացված է, տասներկումատնյա աղիքի էլ խոց ունի, երեխան այստեղ երկրորդ կոմիսիան է անցնում: Բայց դուք սրանց վերաբերմունքը, հիվանդանոցի ընդունելությունը տեսեք: Ժողովրդին ոչխարի տեղ են դրել: Ծանոթների անկետաներն անցկացնում են, անծանոթները ոչխարի պես ժամերով կանգնում են, սպասում ու տուն են գնում»,- մատնացույց անելով բուժանձնակազմի սպասարկման որակը, ասում էր ծնողներից մեկը: Հաջորդն էլ կողքից միջամտելով` հավելում էր, թե` «Ծանոթին տերն է տարել, անտերին էլ` պիտի գելը տանի: Առանց այդ էլ ծնողի սիրտը ցավում է, կրկնակի անգամ ստիպում են, որ ավելի ցավա: Բա սա վիճա՞կ է, ժամը 10-ից այստեղ ենք: Արդեն մի ամիս է, գալիս ենք, գնում: Թող առողջ լինեին մեր երեխեքը, գնային ծառայեին: Տղաս սրտի առիթմիա ունի, ասում են՝ հիվանդությունն անցողիկ է: Գալիս, կանգնում ենք, մինչեւ ժամը 5-ը սպասում ենք ու թողնում ենք, գնում: Սա վերջին կոմիսիան է, նոյեմբերին երեխուն պիտի տանեն: Ասում են՝ մի ապարատ է, մեր հիվանդները պիտի անցնեն: Բա մի ապարատով զինակոչիկները քանի՞ օր պիտի գնան-գան: Չեմ էլ աշխատում, ամեն օր ճանապարհածախսին 300 դրամ եմ տալիս: Չեն էլ ամաչում: Զինակոչիկներին անվճար, պետպատվերով են ստուգում, դրա համար էլ ժամերով, օրերով սպասեցնել են տալիս, իսկ եթե «շնորհք» ցույց տանք, կանցկացնեն: Այտեղ կանգնած տեսնում ենք, ովքեր գրպանները 500 դրամ են դնում, սուսուփուս ներս են թողնում»,- վրդովված դժգոհում էր զինակոչիկի մայր Սուսաննան: Իսկ զինակոչիկ Ա. Թաթուլյանը, որը պարբերական հիվանդությամբ էր տառապում, ասում էր. «Ժամերով սպասեցնել են տալիս: Սպասելուց մեջքս կոտրվում է: Այստեղ բոլորս էլ հիվանդ ենք, բայց ո՞վ է հաշվի առնում»:

«Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Սերգեյ Պողոսյանի հավաստմամբ, զինկոմիսարիատների «խելամտության» շնորհիվ իրենց հիվանդանոցում օրական 150-200 երեխա է գալիս: «Յուրաքանչյուր երեխայի հետազոտության համար պահանջվում է առնվազն 15 րոպե: Բժիշկները պետք է ընդունեն նաեւ սովորական հիվանդներին: Բնական է, որ հերթեր կգոյանան, որտեղ միշտ դժգոհողներ են լինում: Նրանք ոչ մի ծանր ֆիզիկական աշխատանք էլ չեն կատարում, միայն սպասում են, մենք էլ ենք շահագրգռված արագ վերջացնել այդ հետազոտությունները»,- ստեղծված իրավիճակն այսպես է պարզաբանում Ս. Պողոսյանը: Նրա ասելով, շատ հաճախ քաղաքացիները հիվանդությունն ու հիվանդացությունը շփոթում են: Սակայն, ըստ պրոֆեսոր Պողոսյանի, մի բան միանշանակ է, որ ընդհանուր վիրաբուժության տեսանկյունից` այս սերունդն ակնհայտ առողջության խնդիրներ ունի, ինչը «մութ ու ցուրտ տարիների թերսնման, սեռական հասունացման շրջանում ապրած սթրեսների» արդյունք է: «Վերջին տարիներին մեծ խստապահանջություն է ցուցաբերվում զինակոչիկների նկատմամբ, շատ խիստ է դրված այն հարցը, որ եթե զորակոչիկի մոտ կան ինչ-որ խնդիրներ, մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, փորձաքննություն անցկացնենք: Եթե խնդիր կա, մենք մեր խղճի դեմ չենք գնում, ախտորոշումն ի օգուտ զինակոչիկի է: Թեպետ, այս դեպքում օգուտ կոչելը ճիշտ չէ, որովհետեւ այն հօգուտ հիվանդության է: Կարող եմ ասել, որ այս փորձաքննությունը շատ ծանր, ծավալային, ժամանակատար եւ քրտնաջան աշխատանք է: Կարող եմ ասել, որ մեր զինկոմները հասկանալով են մոտենում այս խնդրին: Մենք ժամանակ առ ժամանակ նրանց հետ ուղիղ կապով բացատրում ենք որոշ հետաձգումների պատճառները, հստակ պատասխան ենք տալիս այն հարցադրումներին, որ գալիս են զինկոմիսարիատից, քանի որ իրականում զինակոչիկների շատ մեծ հոսք է գալիս: Բավականին պրոբլեմներով զինակոչիկներ կան, ասենք` հաճախակի պատահող հիվանդություն է գիշերամիզությունը, որը կարող է ժամանակի ընթացքում անցնել, կամ էլ մնալով` լուրջ հոգեբանական հետեւանքներ առաջացնել: Այնքան դեպքեր են լինում, որ զինակոչիկներն ուղղակի «սիմուլյացիա» են անում, որը շատ դժվար է հասկանալ, քանի որ հիվանդությունը շատ դժվար է ախտորոշվում: Առողջապահության նախարարության տված ցուցումների համաձայն, մենք նրանց մի քանի օր խիստ հսկում ենք` եւ գիշերը, եւ ցերեկը: Իհարկե, ցանկալի է ունենալ ժամանակակից ուռոլոգիական լաբորատորիաներ, որը կհեշտացներ մեր աշխատանքը: Ինչ վերաբերում է ազգային գենոֆոնդին, ես կարծում եմ, որ տղաներին ուշադրության կենտրոնում պետք է պահել վաղ հասակից: Այս սերունդն արդեն ունի որոշ խնդիրներ, ինչը 90-ականի սկզբների, անցումային շրջանի բժշկական հսկողության բացթողումների անմիջական հետեւանքներից է: Տեսնում ես, առողջ տղա է, նորմալ կառուցվածքով, բայց խնդիր ունի վերարտադրողության հետ: Մենք չպետք է որոշենք՝ նրանք պիտի զորակոչվե՞ն բանակ, թե՞ ոչ: Դա համապատասխան ատյաններն են որոշում: Մեր աշխատանքը նրանում է, որ փաստենք՝ կա՞ այդ հիվանդությունը, եւ ինչպե՞ս է այն արտահայտված»,- նշում է ուռոլոգիական կլինիկայի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Հ.Գ. Զինակոչիկների հետ տարիներ շարունակ աշխատող մի բուժաշխատող, անտեսելով իր կոլեգաների զգուշավոր «հեռատեսությունը»՝ ասում էր, որ զինակոչիկների բժշկական հետազոտությունները շատ հաճախ ձեւական բնույթ են կրում, որովհետեւ գալիս են ակնհայտ մտավոր եւ ֆիզիկական թերություններով երեխաներ, որոնց համար պարզապես ավելորդ են սահմանված փորձաքննությունները: