Այս օրերին Փարիզում քննարկվող քաղաքական ամենաթեժ թեման Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ կիրառելու մասին օրենքի ընդունումը եւ այդ կապակցությամբ Թուրքիայի բարձրացրած աղմուկն է:
Այս թեման մի քանի օր շարունակ «չէր իջնում» ֆրանսիական մամուլի առաջին էջերից: Թեեւ Ֆրանսիայում արդեն մեկնարկել է Հայաստանի տարին, սակայն Փարիզի մշակութային կյանքում Հայաստանի անունը դեռ չի շոշափվում: Փոխարենը` Եվրոպայի «մայրաքաղաքում» իսկական իրադարձություն էր դարձել «Ավտոմեքենաների համաշխարհային ցուցահանդես 2006»-ը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:
Ավտոմեքենաներ վաճառող միջազգային խոշորագույն ընկերությունների տվյալներով` այս տարվա սեպտեմբերին Եվրոպայում վաճառվել է 1848112 ավտոմեքենա: Ամենաշատը վաճառվել են Ford, Fiat, Alfa-Romeo, Lancial, Volvo, Land Rover, Jaguar մակնիշների ավտոմեքենաները:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 15-ը Փարիզի Պորտ դը Վերսայի Սպորտի պալատում բացվել էր ավտոմեքենաների համաշխարհային այս ցուցահանդեսը, որին իրենց նոր, բայց արդեն ավտոշուկա մուտք գործած արտադրանքներով մասնակցում էին աշխարհի 26 երկրների խոշորագույն, թվով 400 ընկերությունները: Այստեղ էին Ford-ը, FIAT-ը, BMW-ն, Aston Martin-ը, Bentley-ն, Dodge-ը, Chrysler-ը, Jeep-ը, Chevrolet-ն, Cadillac-ը, Jaguar-ը, Honda-ն, Mercedes – Benz-ը, Skoda-ն, Nissan-ը, Opel-ը, Volvo-ն, Mitsubishi-ն, Ferrari-ն, Volkswagen-ը, Suzuki-ն, Alfa Romeo-ն, Smart-ը, Toyota-ն, Land-Rover-ը, Peugeot-ն, Renault-ն, Citroen-ը, Rolls-Royce-ը, Mazda-ն, Porsche-ը եւ հարյուրավոր այլ ընկերություններ: Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչ Տիերի Հեսի խոսքերով` նախորդ ցուցահանդեսի համեմատ այս անգամ մեծացվել էր ցուցասրահը, քանի որ ավտոմեքենաշինական ընկերություններն այս ցուցահանդեսում որոշել էին ներկայացնել նորագույն 70 մոդելների տեսականի: Այս ցուցահանդեսը, որի մուտքի տոմսն արժեր 12 եվրո, ամեն օր հազարավոր մարդիկ էին այցելում: Սպորտի պալատի երկհարկանի հսկայական սրահներում մեծ տոնակատարություն էր: Իսկ հայտնի մի քանի ընկերությունների նոր ավտոմեքենաների ցուցադրությանը պարզապես անհնար էր մոտենալ. մարդիկ շրջապատել էին դրանք, գրեթե բոլորը տեխնիկայի հնարավոր բոլոր միջոցներով (հեռախոսներով, տեսախցիկներով, լուսանկարչական սարքերով) լուսանկարում էին ավտոմեքենաները, մանրամասն զննում, նստում ղեկին, լուսանկարվում էին ավտոմեքենաների կողքին…
Սպորտի պալատի նկուղային ավտոկանգառներում դժվար էր կայանելու տեղ գտնել, իսկ պալատի առջեւ ծփում էր մոտոցիկլետների բազմազանությունը:
Ցուցասրահի հենց սկզբնամասում ներկայացված էր ավտոմոբիլներ արտադրող ֆրանսիական երեք խոշոր ընկերությունների նոր տեսականին` «Citroen», «Peugeot», «Renault»: Ֆրանսիական ընկերությունները դեռեւս մեկ ամիս առաջ էին իրենց տեսականին լուսանկարներով ներկայացրել հանդիսատեսին: «Citroen»-ը ներկայացնում էր նաեւ իր C4 արտադրատեսականին, որոնցից առավել մեծ ուշադրության էր արժանացել «Պիկասո» անունով յոթ տեղանոց ավտոմեքենան, որին ֆրանսիական մամուլն անվանում է «սպասված աստղ»: Եթե «Պիկասոյի»` հինգ տեղանոց տարբերակն արժեր տասնինը հազար եվրո, ապա այս նոր մոդելն արժե քսանչորս հազար:
Առավել մեծ ուշադրության էր արժանացել «Peugeot» մակնիշի նոր 908 RC գեղեցիկ մոդելը, որը շրջապատող մարդկանց բազմությունը չէր թողնում լուսանկարել: Եթե այս ավտոմեքենայի վրա նշված չլիներ արտադրող ընկերության անունը, ապա ոչ ոք չէր մտածի, թե այն «Peugeot»-ի ստեղծագործությունն է: Մեքենայի շարժիչն, ի դեպ, գտնվում է հետնամասում: Շարժիչի 700 ձիաուժ հզորությամբ այս ավտոմեքենան Automobiles Peugeot-ի դիզայնի եւ ոճական հարցերով տնօրեն Gerard Welter-ի գաղափարն է: Ցուցահանդեսի պրոֆեսիոնալ այցելուների կարծիքով` այս մեքենան մեծ ապագա է ունենալու: Այցելուներից շատերն այս մոդելն անվանում էին «երազանքի ավտոմեքենա», որի ոճը նման է սպորտային, հարմարավետ, շքեղ եւ գործնական լիմուզինին: Ունի դիզելային շարժիչ HDi FAP:
Բոլոր ընկերությունները ներկայացված էին մի քանի մոդելներով: Ի դեպ, ֆրանսիացիներն առհասարակ իրենց արտադրությանը կառչում են ատամներով: Նրանք ոչ միայն մամուլի բոլոր միջոցներով, հեռուստատեսությամբ են գովազդում իրենց հայրենական արտադրությունը, այլեւ պետական պաշտոնյաները խրախուսում են, որպեսզի պետական գերատեսչությունները եւ մասնավոր ընկերությունները օգտվեն միայն ֆրանսիական ընկերությունների արտադրած մեքենաներից (կապ չունի` ո՞ր մակնիշի): Peugeot-ն հանդիսատեսին ակնհայտորեն զարմացրել էր նաեւ կուպե-կաբրիոլետ Epure 207 CC մակնիշի ավտոմեքենայով: Այս մակնիշի ավտոմեքենայի ջրով աշխատող շարժիչը նաեւ այրվող նյութերի հետ շփվելիս վնասակար որեւէ նյութ չի արտանետում:
Իտալական «Ֆեռարի» ընկերության բոլոր` թե դասական, թե սպորտային ոճի մոդելներն էին ուշադրության կենտրոնում: «Ֆեռարիի» ղեկավարությունը, որ ներկա էր ցուցադրությանը, իրենց մակնիշի մեծահարուստ սիրահարների հետ շամպայն էին խմում եւ տեղում գործարքներ կնքում: Այս մակնիշի մեքենաները բավական թանկարժեք են, օրինակ, «Ֆեռարիի» 360 MODENA ավտոմեքենան արժե 87000 եվրո: Փարիզի կենտրոնում, Շանզ-էլիզե պողոտայի մերձակայքում, թույլատրելի ավտոկանգառների մոտ այս ընկերությունն անցորդների համար նույնպես փոքրիկ ցուցադրություն-վաճառք էր կազմակերպել: Ընկերությունը ջանքեր չի խնայում ֆրանսիական շուկայում մեծ տեղ գրավելու համար, քանզի դա արտասահմանյան ընկերությունների համար այնքան էլ հեշտ չէ:
Գերմանական «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների ցուցասրահը շատ շքեղ էր: Այս մակնիշի նոր տեսականին հիացրել էր բոլորին: «Մերսեդեսն» իր ամրությամբ, գեղեցկությամբ եւ պրակտիկությամբ աշխարհի բոլոր երկրներում է մեծ շուկաներ գրավել: Ի դեպ, Փարիզի փողոցներում անգամ տաքսի ծառայություններն էին «Մերսեդես» մակնիշի C դասի ավտոմեքենաներով աշխատում:
«VOLVO»-ն նաեւ ներկայացրել էր իր XC90 մոդելի ավտոմեքենան, որի գինն սկվում է 44150 եվրոյից: Այն ունի յոթ նստատեղ:
«PORSCHE»-ը ներկայացրել էր դասական եւ սպորտային իր նոր մոդելները: Այս ընկերության 911 CARRERA 2 մոդելն արժե 190000 եվրո:
Ցուցահանդեսի երիտասարդ այցելուները հատկապես հիացած էին Ford արտադրատեսակի մատուցման ձեւով, այն է` ներդաշնակ երաժշտություն եւ ցուցադրվող ավտոմեքենաների հետեւում գտնվող խոշոր էկրանների վրա ներկայացվող գեղարվեստական, պարային տեսահոլովակներով: Իսկ, օրինակ, «Նիսսան» ընկերությունն իր ցուցասրահի կենտրոնում ներկայացրել էր նաեւ իր նոր մոդելներից մեկի սառույցից պատրաստված մանրակերտը, որը կաթ-կաթ հալվում էր: Ford-ը ներկայացնում էր Casino Royale-ի իր նոր ծագող աստղը` ապագա Ջեյմս Բոնդը: Այդ նոր մոդելի անունը Ford Mondeo SW է:
Ի դեպ, Ford ընկերությունը շուտով կավարտի Բելգիայում իր գործարանի վերակառուցման, տեխնիկական մոդեռնիզացման աշխատանքները: Այդ ծրագրի իրականացման համար Ford-ը ներդրել է 715 միլիոն եվրո:
Արքայական «Ռոլս Ռոյս»-ը երկու մոդելով էր ներկայացել:
Աշխարհահռչակ «BMW»-ն իր Z4 M Roadster մոդելը ներկայացնում էր «Ամենահզոր ուղերձն աշխարհին»` կարգախոսով: Իսկ BMW M6 Cabriolet-ը պարզապես հմայիչ էր: Հայերին շատ սիրելի «Jeep»-ի տաղավարն այդքան էլ մարդաշատ չէր, թեեւ ամերիկյան այս ընկերությունը ջանացել էր հետաքրքիր շատրվանների միջոցով գրավել այցելուների ուշադրությունը: Նոր, չորս դռնանի Jeep Wrangler Unlimited մոդելը 52 սանտիմետրով ավելի երկար է նախորդ` երկու դռնանի մոդելից:
Lamborghini-ի ցուցատախտակի ներքո բոլորի հայացքներն իր վրա էր ուղղել Murcielago LP640-ը, որի թյունինգային դիզայնն իրականացրել էին աշխարհահռչակ Versace-ի դիզայներները: Սեւ եւ սպիտակ գույների համադրությամբ այս ավտոմեքենաները սահմանափակ քանակությամբ են արտադրվելու: Versace-ի եւ Lamborghini-ի համագործակցությամբ ստեղծված այս ավտոմեքենայի գինն այժմ սկսվում է 320.000 դոլարից:
Ցուցադրվող յուրաքանչյուր ավտոմեքենայի մոտ տվյալ ընկերության մեկ-երկու ներկայացուցիչներ էին աշխատում, որոնք իրենց մոդելներով հետաքրքրվող այցելուներին ուղեկցում էին ավտոմեքենայի մոտ եւ մանրամասն ծանոթացնում դրանց տեխնիկական հնարավորություններին: Որոշ ընկերությունների արտադրատեսակներ ներկայացվում էին բացառապես գեղեցիկ կանանց` մոդելների մասնակցությամբ: Նկատենք, որ ցուցասրահներում եւ առհասարակ Սպորտի պալատի ողջ տարածքում բացի ավտոմեքենա արտադրող ընկերությունների եւ ավտոմեքենաշինության հետ առնչվող այլ կազմակերպությունների գովազդից, որեւէ այլ ապրանքատեսակի գովազդ չկար: Օրինակ, ցուցասրահի առաջին հարկում անվադողերի արտադրությամբ զբաղվող Le Bibendum de Michelin ֆրանսիական ընկերությունը ներկայացրել էր իր տեսականին: Երաժշտության, ձայնային հաղորդագրությունների եւ գեղեցիկ ցուցադրության միջոցով այս ընկերությունը տեղեկատվություն էր տարածում նույնիսկ իր տաղավարից շատ հեռու գտնվող այցելուների շրջանում: Ցուցահանդեսի ընթացքում հատուկ DJ (դիջեյ)-ներ էին աշխատում, որոնք կենդանի երաժշտություն էին ապահովում առանձին ավտոմեքենաների ցուցադրման համար:
Ավտոմեքենաների դիզայնը եւ տեխնիկական հնարավորությունները չէին զիջում միմյանց: Դրանցից ամեն մեկն առանձին ստեղծագործություն էր, որոնց ստեղծմանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ: