Բժշկական գիտությունների թեկնածու, սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի բժշկական գծով տնօրեն Մարինա Օրդյանը վերջերս է վերադարձել Բարսելոնում տեղի ունեցած Սրտաբանների ամենամյա միջազգային կոնգրեսից: Մ. Օրդյանի կարծիքով, սրտաբանությունը Հայաստանում բժշկագիտության ամենազարգացած ճյուղերից է: Դրա վկայությունը Հայաստանում գոյություն ունեցող մոտ չորս տասնյակ սրտաբաններն են, որոնք սրտաբանների եվրոպական համայնքի անդամներ են:
– Սրտային հիվանդությունը Հայաստանում մահացությունների թիվ մեկ պատճառն է, ինչո՞ւ:
– Ամբողջ աշխարհում է այդպես: Կհարցնեք՝ եթե սրտաբանությունն այդքան զարգանում է, ինչո՞ւ մահացությունը չի պակասում: Պատճառն այն է, որ չեն վերանում այն գործոնները, որոնք բերում են սրտային հիվանդությունների: Այդ գործոնները գնալով ավելանում են: Դրանք են սթրեսները, արյան բարձր ճնշումը, գիրությունը, որը համարվում է այս դարի հիվանդությունը: Գիրությունը բերում է վաղաժամ աթերոսկլերոզի, որը ախտահարում է սրտի, վերջույթների, ուղեղի անոթները: Դիտարկումների համաձայն, այն մարդիկ, որոնք սոցիալապես ապահովված են ու գիտակցում են, որ գիրությունը հիվանդություն է, կարող են ընտրել էկոլոգիապես մաքուր եւ թանկ սնունդ, որից իրենց քաշը չի ավելանա, իսկ սոցիալապես անապահովներն այդ հնարավորությունը չունեն, դրա համար նրանց սննդակարգում հացը չարաշահվում է, որովհետեւ այն ամենաէժան մթերքն է: Այն ազգերի մոտ, որտեղ սոցիալապես անապահով խավը մեծ տոկոս է կազմում, գիրությունն ավելի տարածված է: Սթրեսների պատճառով ավելանում է նաեւ շաքարային դիաբետիկների թիվը, որոնց մոտ սրտի իշեմիկ հիվանդությունները 5-6 անգամ հաճախակի են հանդիպում: Վերջին տարիներին կյանքի միջին տեւողությունը ավելանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Եթե մի քանի տարի առաջ կյանքի միջին տեւողությունը համարվում էր 60-67 տարեկանը, հիմա դա 72 տարեկանն է: Այս վերջին տարիներին մեզ դիմում են 78-84 տարեկան մարդիկ: Մի կողմից` դա ուրախացնող փաստ է, մյուս կողմից` ավելանում է հիվանդությունների քանակը տարիքով մարդկանց շրջանում: Սրտաբանների կոնգրեսում քննարկվեց նաեւ այն հարցը, թե ինչպե՞ս բուժել սրտային հիվանդությունները շատ ծեր մարդկանց, այսինքն` 80-ն անց մարդկանց մոտ: Այն արդեն առանձին գիտություն է եւ կոչվում է գերեատրիա:
– Գիտությունը գտե՞լ է արդյունավետ միջոցներ նման մարդկանց բուժելու համար:
– Դա Հայաստանի համար այդքան արդիական չէ, ուղղակի պետք է հաշվի առնել, որ մեզ մոտ էլ է ավելացել այդ մարդկանց թիվը:
– Սրտաբանության բնագավառում գիտական ինչպիսի՞ նորություններ կան:
– Հայաստանում ոչ թե գիտությունն է շատ զարգանում, այլ մենք հնարավորություն ունենք միջազգային սրտաբանների խորհուրդներն այստեղ գործնականում կիրառել: Դա կոչվում է «ապացուցողական» բժշկություն, այսինքն՝ ընդունվում են այն բուժումներն ու սխեմաները, որոնք հաստատված են ամբողջ աշխարհում: Ներկայումս նաեւ սրտային հիվանդության նոր ուղղություն կա, որը կոչվում է գենային ինժեներիա կամ ցողունային բջիջների պատվաստում`կլոնավորում: Դրա համար մի քանի տարի առաջ նույնիսկ մեծ աղմուկ բարձրացավ, թե մարդու կլոն են ուզում ստեղծել: Հիմա գիտությունը զարգանում է այն ուղղությամբ, որ տարբեր օրգաններ կլոնավորեն, ենթադրենք` ինչ-որ մեկի լյարդը հիվանդ է, նրա կրծոսկրի ողնուղեղից վերցնում են ցողունային բջիջներ եւ պատվաստում են, տեղադրված բջիջները զարգանում են եւ դառնում լյարդի բջիջներ: Նույնը սրտի դեպքում է: Սա դեռեւս գտնվում է գիտական փորձարկումների փուլում: Այսօր Եվրոպայի, Ամերիկայի գիտաբժշկական լաբորատորիաներում կլոնավորման փորձերը կատարվում են կենդանիների օրգանիզմի վրա:
– Ե՞րբ այս ամենը կդառնա իրական բժշկություն:
– Գիտությունը շատ արագ է զարգանում: Այն, ինչ տեսականորեն հիմնավորվում է, սովորաբար գործնականում կիրառվում է 10 տարի անց: Երեւի 7-8 տարի հետո օրգանների, գեղձերի կլոնավորումը կներդրվի այն երկրներում, որտեղ կա համապատասխան գիտական բազա:
– Կա՞ն սրտի հիվանդություններ, որ անբուժելի են համարվում:
– Դրանք չի կարելի անբուժելի համարել, որովհետեւ այսօր այնպիսի հզոր դեղամիջոցներ կան, որոնք օգտագործելով կարելի է հիվանդի կյանքը երկարացնել, նրա կյանքի որակը բարձրացնել:
– Բայց որակյալ դեղամիջոցները, ծառայությունները, նաեւ ախտորոշիչ սարքավորումներն` իրենց բարձր գնի պատճառով անհասանելի են շատերի համար:
– Մեր կենտրոնի աշխատանքի 30-40 տոկոսը պետպատվերով է կատարվում: Կան արտոնյալ խմբեր, որոնք պոլիկլինիկայից ուղեգրով գալիս են եւ անվճար հետազոտվում են: Իհարկե, լավ դեղերը թանկ արժեն: Արտասահմանում, որտեղ գոյություն ունի ապահովագրական բժշկություն, հիվանդը նման հարցերով մտահոգված չէ: Հայաստանում մի քանի անգամ նման փորձեր արեցին, բայց չստացվեց: Ես հույս ունեմ, որ մեզ մոտ նույնպես ապահովագրական բժշկությունը կներդրվի, որը կհեշտացնի հիվանդին բուժելը, վիրահատելը: Հաշվի առնելով հիվանդի վճարունակությունը, շատ հաճախ ընտրում ես ամենաէժան դեղերը, որոնց կողմնակի ազդեցությունները բազմաթիվ են: Սրանք պրոբլեմներ են, որ կլուծի միայն ապահովագրական բժշկությունը:
– Սրտի ո՞ր հիվանդություններն ավելի մեծ տարածում ունեն:
– Սրտի իշեմիկ հիվանդությունները եւ անոթային հիպերտոնիան, ժողովրդի լեզվով ասած՝ բարձր ճնշումը: Սրանք ամենատարածված հիվանդություններն են, որոնց բուժումը ոչ թե կուրսով, այլ ամբողջ կյանքի ընթացքում է: Այդպիսի հիվանդները պարտավոր են փոխել իրենց ապրելակերպը, սահմանափակել աղի, ճարպերի օգտագործումը: Հայերը սովոր են բժշկի դիմել միայն այն դեպքում, երբ հիվանդությունը հասնում է ոսկորին, այսինքն՝ ճնշումն այնքան բարձր է լինում, որ մի դեղով հնարավոր չի լինում բուժել, ստիպված միաժամանակ մի քանի խմբի դեղեր ես նշանակում: Սրտային հիվանդություն ունեցողները պետք է հասկանան, որ իրենց բուժումը մշտական է, եւ միշտ պետք է համագործակցել բժիշկների հետ, որպեսզի բարդությունները լինեն մինիմալ: Սա թոքաբորբ չէ, որ բուժես ու անցնի: Սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում, եթե կա անոթի խցանում, Հայաստանում գործում է սրտի վիրաբուժական կենտրոն:
– Բայց դարձյալ շատ թանկ են եւ մատչելի չեն շատերի համար:
– Այո, թանկ են, բայց դա ելք է: Հայերի բախտը բերել է, նրանց հարազատները արտասահմանից գումարներ են ուղարկում:
– Քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ մարդիկ վիրահատությունների համար բնակարաններ են վաճառում ու դրսում հայտնվում: