Մոտավորապես այսպիսի խոստումներ էր տալիս ամերիկյան ծագմամբ եւ ռուսական գրանցմամբ «Տոյչի ընկերներ» ակումբը կամ ոմն դոկտոր Տոյչի իդեալ-մեթոդի վեց հոգուց բաղկացած խումբը։ Նրանք նախորդ օրն ասուլիսում հայտարարեցին, թե ծրագրավորել են 2007 թվականի ապրիլին Հայաստանում երեք սեմինար անցկացնել: Ասուլիսը նրանց քարոզարշավի մեկնարկը կամ, ինչպես նկատեց «Գիտություն եւ տեխնիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Խաչատրյանը, «դաշտի տնտղումն» էր: Կազմակերպիչների մտքով, թերեւս, չէր էլ անցնում, որ Հայաստանում հետնորդներ փնտրելու իրենց առաջին փորձը կարող էր տապալվել: Նրանք հիացական խոսքեր էին շռայլում հայաստանյան ջերմ ընդունելության, այս օրերին Հայաստանում գտնվող Արմեն Ջիգարխանյանի եւ ամենուր վաճառվող ծաղիկների մասին: Տոյչի մեթոդի պարագլուխների ներկայացմամբ, իրենց իդեալ-մեթոդը հիմնված է հոգեբանական գենետիկայի վրա: «Դա մեթոդ է, որը խաղաղություն կարող է բերել ձեր տան, սրտի ու երկրի մեջ»՝ սա նրանց կարգախոսն է, եւ պարզվում է, Ամերիկայի նախագահներ Լ. Ջոնսոնը, Ռ. Ռեյգանը, Ջ. Բուշը հենց «հաջողության հրահանգիչ» դոկտոր Տոյչի շնորհիվ են նախագահ դարձել: Իսկ Էլիզաբեթ Թեյլորը, Սթիվեն Սպիլբերգն ու Էնթոնի Պերկինսն ասել են, ու իրենց հռչակի համար պարտական են միմիայն դոկտոր Տոյչին: Եթե հավատանք նրանց գովագդին, ապա, մասնակցելով սեմինարներին եւ տիրապետելով նրանց կողմից հորինված «խաղի կանոններին», կարելի է խուսափել անձնական, ընտանեկան, մասնագիտական ցանկացած անհաջողությունից եւ մեծ ցանկության դեպքում ամենաքիչը դառնալ նախագահ: Ասուլիսի մասնակիցների կարծիքով, «Տոյչի ընկերներ» ակումբի ներկայացուցիչների այցը Հայաստան կարելի է ուշացած համարել, որովհետեւ վաղուց անցել է կաշպիրովսկիների եւ չումակների ժամանակաշրջանը: Ավելին, ըստ նրանց, մարդկանց «դատարկ» ժամանակը վաղուց արդեն լցրել են բազմաթիվ աղանդները, բախտագուշակներն ու աստղագուշակները:
«Նրանց ասածը ստերի տարափ էր, գիտական առումով չհիմնավորված, նույնիսկ ակումբի անվանումը` «Կլուբ դրուզեյ Տոյչա» այսօր Ռուսաստանում տարածված աֆերիստական հնարքներից է, որոնք փորձում են անգամ մեռածներին հարություն տալ: Ուղեղի, հոգեբանության վրա ազդելով` հիպնոսի միջոցով կարող է նրանց համակարգն աշխատել: Սա կամ խաբեություն է, կամ բացարձակ թյուրիմացություն, որովհետեւ կենսաբանության, բժշկագիտության հետ նրանց ասածը ոչ մի կապ չունի: Փսիխոգենետիկայից էին խոսում, սակայն այդ ժամանակակից գիտության հիմնադիրների անուններն անգամ նրանց ծանոթ չէին: Եթե բնագավառն ինձ այդքան ծանոթ չլիներ, ես այդքան չէի ընդդիմանա: Դեռեւս Հին Հռոմի փիլիսոփաներն են ասել, որ մարդու վարքագիծը կառավարելի է, իսկ նրանք դա հայտնագործություն են համարում ու վերագրում իրենց: Միգուցե նրանք ապրիլին այլեւս չգա՞ն Հայաստան: Կարող են անմիջական չգործել, սակայն կարող են ցանցային մարքեթինգի տարբերակով մուտք գործել եւ տարածվել»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Հայկ Խաչատրյանը: Իրենց մեթոդի առանձնահատկությունը ներկայացնելիս, Ռուսաստանից ժամանած հյուրերի ընտրած գործելաոճը, իրոք, հիշեցնում է ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունների ձեռագիրը: Որպես կանոն, նրանք էլ, խոսելով իրենց առավելությունների մասին, «կլիենտներին չխրտնեցնելու» համար, ծրագրի արժեքի մասին չեն նշում: Տոյչի իդեալ-մեթոդի ակադեմիայի ներկայացուցիչների ասելով, դեռեւս հստակեցված չէ, թե Հայաստանում իրենք ո՞ր ընկերության հետ կհամագործակցեն, եւ ի՞նչ կարժենան իրենց խորհրդատվությունները: