«Ա1+»-ը տեղեկացնում է, որ Գյումրիի Աղյուսի թաղամասում արձանագրվել է հերթական փլուզման դեպքը։ Այս անգամ փլվել է ոչ թե բնակարան ու շենք, այլ գետինը։ Թաղամասի բնակչուհի Ծաղիկ Խաչատրյանը մեկ ակնթարթում հայտնվել է 2.5 մետր շառավղով խոր փոսի մեջ։ Մութ փոսում Ծաղիկը ձեռքերով փորձել է փորել պատերն ու մագլցել դեպի վեր, բայց հայտնվել է թունելի մեջ։ Աղյուսի թաղամասի ստորգետնյա հատվածով անցնող թունելը տարիների պատմություն ունի եւ սկսել է փլուզվել դեռեւս մի քանի տարի առաջ: Ծաղիկին օգնության են հասել հարեւանները, ովքեր լվացքի պարանի օգնությամբ կարողացել են Ծաղիկին փոսից դուրս բերել: Դեպքի վայր ժամանած փրկարարները բնակիչներին խորհուրդ են տվել փլուզված տարածքից տեղափոխվել ավելի ապահով վայր: