«Կուսակցություն բացելը դախլա բացելու պես բան ա»

21/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քաղաքական կուսակցությունների թեմայով տաքսու վարորդների հետ մեր զրույցը հիմք է տալիս մտածելու, որ կուսակցություններն, այնուամենայնիվ, շարքային քաղաքացու մոտ, բացի զայրույթից, ուրիշ ոչինչ չեն առաջացնում:

Ո՞ւմ են պետք օրեցօր շատացող կուսակցություններն, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին թքած ունի դրանց գոյության, գործունեության եւ նախընտրական ծրագրերի վրա: Ինչի՞ համար են կուսակցությունների լիդերները հսկայական գումարներ ծախսում, բրոշյուրներ տպագրում, գրասենյակներ վարձակալում, երբ ժողովուրդը նրանց չի հավատում:

Այս թեմայի շուրջ տաքսու վարորդների հետ մեր զրույցը, որպես կանոն, սկսվում էր դժգոհություններով:

Խաչիկն արդեն լավ տիրապետում է կուսակցություն բացելու եւ ընտրություններին թեկնածություն առաջադրելու մեխանիզմներին: Նա հավատացնում է, որ բոլորն էլ նույն էժանագին տրամաբանությամբ են մուտք գործում քաղաքական դաշտ: «Ով փող ունի՝ կուսակցություն ա բացում: Դախլա բացելու պես մի բան ա, էլի, բացում են, ու առեւտուրը գնում ա: Մեկին մի երկու հատ սիգարետ են տալիս՝ ձայն են առնում, մեկին մի 2 կիլո մակարոն են տալիս՝ ձայն են առնում, այ տենց առեւտուր ա գնում: Եթե մի օլիգարխ սկսում ա մեկին մի 2 կիլո բանով օգնել, ես բարձրաձայն հայտարարում եմ, որ սա փորացավ ունի, ու տենց էլ լինում ա: Մերոնք արդեն վրես ծիծաղում են, ասում են, որ ես հոռետես եմ, բայց, երբ ընտրությունները գալիս են, մանթրաշ են ընկնում: Ճոյտի արեւով իրա տարածքի բնակիչները երդվում էին, որովհետեւ տոն օրերին տոպրակներով ալյուր ու պեսոկ էր բաժանում: Ես սաղին ասում էի, որ ժողովրդի փողերով ժողովրդին լավություն ա անում: Բարեկամ ունեինք, որ իրա ընտրատարածքից էր, կռվում էր հետս, բայց հիմա գլուխը կախ ա հետս խոսում: Երբեք չհավատաք, որ հարուստները հենց ընենց մարդկանց լավություն անեն: Ձայն են առնում, դրանում դու կասկած չունենաս: Էսօր ինչի՞ համար են ընկել գյուղերը, որովհետեւ գյուղացին ողորմելի վիճակում ա, իսկ էդ գելերը լավ գիտեն, թե ում կոկորդն են բռնում: Հիմա կբաժանեն, իրանց ձայներով կընտրվեն ու մի 4 տարի կթալանեն, իրանց տվածի հնգապատիկը կդիզեն: Խոստումների դարն էլ անցավ, որովհետեւ ժողովուրդը համոզվեց, որ դրանք ստախոսներ են, ու էդ խոստումները կտեր են, դրա համար էլ հիմա կիլոների միջոցով են ձայներն առնում: Ես մի բան չեմ հասկանում, որ ամեն մի կուսակցության նախագահ ամբիոնից ասում ա` էսքան անդամ ունենք, ախր էդ անդամներն ովքե՞ր են: Եթե սովորական մարդիկ կուսակցական չեն, ուրեմն՝ ովքե՞ր են էդ անդամները, իրանց շրջապատը, իրանց ընկերները եւ այլն… Իմ շրջապատում չկա մի հատ մարդ, որ կուսակցական ա: Իմ բարեկամների, հարեւանների շրջապատում էլ չկա, ուրեմն՝ էդ կուսակցությունների անդամներն ովքե՞ր են: Բա, եթե իմ նման քրտինքով ապրող, օրուգիշեր աշխատող, ազնիվ մարդիկ կուսակցական չեն, ուրեմն էդ կուսակցությունների անդամներն ովքե՞ր են, թալանողնե՞րը»:

«Ախր, ես ուռելու ժամանակ կամ փող ունե՞մ»

23 տարեկան Վարդանը գտնում է, որ ներկայումս փող ունեցող ամենաանգրագետ մարդն էլ կուսակցություն է բացում. «Սուտ բան ա, ժողովուրդն էսօր իրանց չի հավատում: Ես առավոտից իրիկուն աշխատում եմ, ջահել տղա եմ, բայց ոչնչի չեմ հասնում: Եթե ես գնում եմ տուն, ընտանիքս խաղաղ ա, չքավորություն չկա ու իմ ընտանիքում ինձ հանգիստ եմ զգում, ուրեմն իմ կուսակցությունն իմ ընտանիքն ա: Բայց 24 ժամ աշխատում ես, էլի պակասություն ա, ոչ մի բանի չես հասնում: Եթե տանդ մեջ մի լավ բան չի լինում, կուսակցությունն ինչի՞դ ա պետք: Կուսակցություն բացողը թող օգնի, որ քրտինքով աշխատող մարդը մարդավարի ապրի, ոչ թե…»,- վրդովված ասում է Վարդանն ու հավատացնում, որ հայ ժողովուրդը հուսալքված վիճակում է, եւ մարդիկ այլեւս ոչ ոքի չեն հավատում: «Էսօր էդ կուսակցություն բացող հարուստների թուլեքը տաքսի նստելուց փռվում են ու հրահանգներ են տալիս, չես պատկերացնում` ինչ հոռացած են: Հայաստանը հիմա ուժեղների երկիր ա դառել: Ուժեղները տակնուվրա են անում երկիրը ու նստում են խեղճերի ուսերին: Մեր թաղի քաղմասը լավ գիտի, որ ես օր ու գիշեր տաքսի եմ քշում, գլուխս կախ իմ աշխատանքն եմ անում: Էն օրը կանչել են քաղմաս ու ուզում են վրես սարքեն, որ աշխատածս փողն իրանց տամ: Ասում են՝ ուռում ես: Ծիծաղս էլ ա գալիս, ախր ես ուռելու ժամանակ կամ փող ունե՞մ: Ջահել տղա եմ, երեխա եմ պահում, տաքսու փողով մի կերպ ուտելիք եմ ապահովում, 1000 դրամ չենք կարում հետ գցենք: Այ տենց խելոք, աշխատող մարդ են ման գալիս, որ մի բան գլխին սարքեն, փող աշխատեն: Բայց էդ իսկական ուռողների, գողացողների հետ կարա՞ն տենց վարվեն: Իհարկե, չեն կարա, որովհետեւ իշխանությունն իրանցն ա: Հեն ա, էն օրը մեր վարորդներից մեկին տարել, էնքան են ծեծել, որ սատկացրել են: Չես կարա մաքուր ապրես, պիտի մեկին ծախվես, որ էդ մեկը քեզ տիրություն անի, թիկունք լինի, որ ինչ ուզենաս անես՝ քեզ չկարենան բան ասեն, որովհետեւ կռիշա ունես: Մեր ծառայությունից պատվեր են տվել: Էն օրը մի քանի հոռացած լակոտներ նստել են, վարորդին սաղ քաղաքը ման են տվել՝ վերջում էլ ֆալշ 10.000 դրամանոց են տվել: Էդ խեղճը ոտով-գլխով քաշվել ա, տունը քանդվեց: Դե հիմա ինքն իրան ո՞նց պաշտպանի, ասա՛, այ տենց հոռացածները խեղճերին քաշում են»,- ասում է Վարդանը՝ երդվելով, որ միեւնույն է՝ ինքը չի հավատում, որ Հայաստանում շարքային քաղաքացու կենսակերպը դեպի լավը կգնա:

«Ընտրությունը մերն ա, բայց ընտրություն անելու սիրտ չկա»

Վարորդ Սերյոժան մեքենա վարելու ընթացքում պարբերաբար ցույց է տալիս շինությունների վրա փակցրած կուսակցությունների տարածքային կառույցների պաստառները. «Դու նայի, թե ամեն քայլափոխին քանի կուսակցության գրասենյակ կա: Հայաստանում միակ բանը, որ առատ ա՝ էդ կուսակցություններն են: Ուզածդ գույնի, ուզածդ գաղափարով, ուզածդ մարդկանցով ու գնով կարաս կուսակցության մեջ մտնես: Ընտրությունը մերն ա, բայց ափսոս ընտրություն անելու սիրտ ու ցանկություն չկա: Հիմա էլ հեռուստատեսության ալիքներն են առնում, որ իրանց արածները ռեկլամ անեն: Դե՛, եթե հարգում են ժողովրդին, ուրեմն՝ թող տենց ողորմելի վիճակում չներկայացնեն: Նայում եմ էդ մարդկանց ու զզվելս գալիս ա: Մուրացկանի պես մեշոկներն են կրում, բայց ես ժողովրդին չեմ մեղադրում, այլ էդ բաժանողին, որ տենց ստորացնում ա մարդկանց: Եթե մեծ մարդ ա, ուզում ա մարդկանց լավություն անի, ուրեմն՝ աշխարհով մեկ էդ մարդուն տենց մուրացկանի պես թող ցույց չտա: Ես, որ սոված մեռնեմ էլ՝ դրանցից մի գրամ բան չեմ վերցնի, որովհետեւ էն Աբիսողոմ աղայի օրն էն գցելու: Նայում ես՝ հաղթանդամ տղամարդը մեշոկն ուսին դրած կրում ա, հաղորդավարն էլ նենց սյուժե ա պատմում, որ էդ տղամարդը փալասի ա հավասարվում: Ողորմություն են բաժանում ու օրվա մեջ 10 անգամ հաղորդում են, որ փրկիչը մահվան դուռը կանգնած մարդկանց կյանքը փրկեց: Ամոթ ա էլի, ամոթ, ինչքա՞ն կարելի ա ժողովրդին ստորացնել: Կամ էլ էն ԱԼՄ-ն, ժողովրդի աչքին փրկիչի կերպար ա ստեղծել: Ստորություն ա էդ: Անում ա, լավ ա անում, բայց թող էդ ժողովրդի վրա ծիծաղեցնել չտա: Մոդա ա դառել, ամեն մեկը մի ալիք զավթել ա, իրան ա քարոզում»,- ասում է Սերյոժան ու խորհուրդ տալիս իր ասածները չսրբագրել, այլապես կարծիք կկազմի, թե թերթն էլ իր փրկիչն ունի:

«Մարդիկ սիմպատիայով են ընտրում»

62-ամյա Նորայրը համարում է, որ ժողովուրդն ընտրություններին մասնակցելիս նախընտրական ծրագրերով չի առաջնորդվում. «Կուսակցություններն արդեն ստանդարտ տեքստեր ունեն: Բոլորը նույն բանն են գրում տարբեր ձեւերով ու դիզայնով: Մարդիկ ընտրում են առանց նայելու կուսակցության կամ թեկնածուի ծրագրին: Սիմպատիայով են ընտրում, ու ասեմ քեզ՝ չաղերին չեն ընտրում: Մենք հարեւան ունենք, որ միշտ նիհար թեկնածու ա ման գալիս, որովհետեւ չաղերին համարում ա գռփողներ: Է, ես էլ ասում եմ, ավելի վատ` քո համար, ընտրվելու ա, նոր սկսի չաղանալ,- կատակում է Նորայրն ու թեման լրջացնելով կարծիք հայտնում,- Գաղափար չկա` հասկանո՞ւմ ես: Կուսակցությունը մարդկանց պիտի գաղափարի շուրջ հավաքի, բայց էսօր իրանք էլ չգիտեն՝ ինչ գաղափարով են ուզում ժողովրդին տանել: Մեկը նժդեհական ա, մեկը մարքսիստական ա, մեկը կոմունիստական ա, բայց անուններն են շահարկում, իսկ գաղափար գոյություն չունի: Էն ժամանակ գոյություն ուներ մի հատ Կոմունիստական կուսակցություն, բայց ամեն մարդ հո չէ՞ր կարա դառնար կուսակցական: Նրանք հատուկ սկզբունքներ ունին, որ պիտի ենթարկվեիր, իսկ եթե խախտեիր՝ կհեռացնեին կուսակցությունից: Հիմիկվա կոմունիստը Սանատրուկը չէ՞ր, որ սաղ աշխարհին իրա վրա ծիծաղեցնել տվեց: Քամելիոնի պես էս կուսակցությունից էն կուսակցություն են քոչում: Էսօր հանցագործը, գողն ու ավազակը կարան մտնեն իրանց նախընտրած կուսակցությունն ու գործունեություն ծավալեն: Դե՛, մարդն էլ նայում ա, ասում ա՝ էս գողն էլ ա՞ էս կուսակցությունից: Էլ էդ կուսակցությանը ո՞նց կհարգես»,- հարցնում է Նորայրն ու վստահեցնում, որ ինքը երդվյալ անկուսակցական է:

«Հիմա կուսակցական լինելն ամոթ բան ա»

Վարորդ Արմենն էլ կուսակցությունների վերաբերյալ իր կարծիքը հայտնելու փոխարեն խորհուրդ է տալիս տարեց վարորդներին հարցուփորձ անել, որովհետեւ երիտասարդներն ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ. «Ես շատ անտարբեր եմ էդ ամեն ինչի նկատմամբ: Երբեք ընտրություններին չեմ մասնակցել ու չեմ էլ մասնակցելու: Իսկ ընդհանրապես լավերն էլ կան, վատերն էլ: ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը (նրա համար Հրանտ Խաչատրյանն է ՍԻՄ նախագահը: -Լ.Ս.) մշտապես անցնելիս վարորդներին բարեւում ա, չի ասում՝ ինձնից ցածր մարդիկ են: Ճիշտ ա, չի օգտվում տաքսուց, բայց միշտ շատ ուշադիր ա, տարբերություն չի դնում, որ ինքը բարձր պաշտոնի ա, իսկ մենք՝ սովորական վարորդներ ենք: Իսկ էն նորը (խոսքը Հայկ Բաբուխանյանի մասին է: – Լ.Ս) ոչ մեկ, ոչ երկուս` արդեն երեք հատ հսկա ախրաննիկներով ա ման գալիս: Ախրանան գալիս, ասում ա՝ ախպեր, հլը մի հատ ավտոտ քաշի էն կողմ: Ոնց որ թե եսիմ ով ա անցնում, էլի»,- վրդովված ասում է Արմենը: Վարորդ Միշիկը թեեւ 60-անց է, բայց իրեն տարեց չի համարում. «Ես քեզ մի հատ պարզ ճշմարտություն կասեմ: Դու նայի, թե էդ կուսակցությունների նախագահներն ովքե՞ր են, ի՞նչ բարոյական արժեքների տեր մարդիկ են, ու հաշիվդ առ: Էսօր մեկը չի ասում՝ լավ, էս մարդն իրավունք ունի՞ կուսակցության նախագահ դառնալու: Նայում ես՝ մեկը քցող ա, մեկը նստած-հելած ա, մյուսը նարկոմանիայի անցյալ ունի, էն մյուսը պիվա խմելու թուլություն ունի, էն մեկն էլ կնանիքի թուլություն ունի: Բա դրանք ամբողջ մի թվաքանակ իրանց հետեւից են տանում, էդ ո՞ւր են տանում: Գոնե դրանց հետեւից գնացողները հասկանո՞ւմ են՝ ուր են գնում: Հո մենակ շահով չի՞: Իմիջիայլոց, հիմա ոչ մեկը պրիզնատ չի գալիս, որ ինքը կուսակցության անդամ ա: Ես մի հատ ընկեր ունեմ, որ կուսակցություններից մեկում անդամագրված ա: Վերջերս եմ իմացել, որովհետեւ չէր ասում: Հիմա էդ ամոթ բան ա, որովհետեւ կողքից ասելու են՝ շահի համար դառել ա կուսակցական: Իսկ առաջ, եթե մեկին ընդունում էին կուսակցություն՝ դրանով մարդը հպարտանում էր, իրա համար ճանապարհներ էր բացվում, հարգանք կար»: