Բլոտը մոլեխաղ չի

21/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նարդու ֆեդերացիայի մասին մենք գիտեինք։ Գիտեինք նաեւ, որ առաջնություններ են անցկացվում, ունենք չեմպիոն, մեր նարդիստները մասնակցում են միջազգային մրցաշարերի։ Սակայն Բլոտի ֆեդերացիայի մասին ոչինչ չէինք լսել։ Մինչդեռ պարզվում է, որ Հայաստանում 2002 թվականից ի վեր գործում է Բլոտի ֆեդերացիա։

Ինչպես նշեց Ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Խաչատրյանը՝ Ֆեդերացիան կա, գիտի` ինչ է ուզում անել եւ ինչպես, սակայն դժվար է ասել, որ այն կայացած է. «Այդպես ասելու համար, իմ կարծիքով, մենք պետք է որոշ արդյունքների հասած լինենք։ Իսկ այդ արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, այդ թվում նաեւ` ֆինանսական»։

Գաղտնիք չէ, որ հայերը տաքարյուն ազգ են ու շահումով խաղերի նկատմամբ էլ սեր ունեն՝ լոտոներ, բինգոներ եւ այլն։ Իսկ թղթախաղը միշտ էլ եղել է մոլեխաղերի «արքան»։ Այդ իսկ պատճառով հասարակության կողմից այն բացասական վերաբերմունքի է արժանանում։ Օրինակ, կան ծնողներ, որոնք իրենց երեխաներին ընդհանրապես արգելում են խաղաթղթերին ձեռք տալ։ Ֆեդերացիայի հիմնական նպատակը, ըստ Գ. Խաչատրյանի, այդ ընկալումը փոխելն է. «Մեզ մոտ ինչպե՞ս է՝ հավաքվում ենք մի 4 հոգով ու բլոտ ենք խաղում՝ ժամանակ անցկացնելու համար։ Բլոտը, որպես մարզաձեւ, հասարակության մեջ դեռ չի ընկալվում։ Մեզանում շատերը թղթախաղ ասելով հասկանում են մոլեխաղ, որտեղ անպայման խաղում են գումարի վրա։ Մինչդեռ կան շատ մարդիկ, ովքեր խաղում են զուտ հաճույքի, ժամանակ անցկացնելու համար»։

Հիմա էլ կան ակումբներ, որտեղ, օրինակ, պրեֆերանս են խաղում, սակայն դրանք փակ են, մուտքը նեղ շրջանակի մարդկանց համար է։ Գ. Խաչատրյանի կարծիքով, մարդկանց մոտ դեռ մի տեսակ վախ կա, չեն ուզում ուրիշներն իմանան, որ իրենք թղթախաղով են զբաղված։ Մանավանդ կանայք։ Ֆեդերացիայի նախագահը համոզված է, որ այդ բացասական վերաբերմունքը փոխելու գործում մեծ դեր ունեն նաեւ ԶԼՄ-ները. «Այստեղ անց էր կացվում բրիջի առաջնություն, որին հրավիրված էին նաեւ արտասահմանցի մասնակիցներ։ Դիմեցինք հեռուստաընկերություններին, որ գան-լուսաբանեն, սակայն միայն մեկ-երկուսին դա հետաքրքրեց»։

Հայաստանում բլոտը շատ ավելի մեծ մասսայականություն է վայելում, քան բրիջը։ Սակայն այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ են այստեղ բրիջի մրցաշարեր անցկացվում, իսկ բլոտի՝ ոչ։ Ըստ Գ. Խաչատրյանի, այստեղ էական դեր ունի այն հանգամանքը, որ, ի տարբերություն բրիջի, բլոտի ընդհանուր, մշակված կանոններ չկան։ «Բլոտի այն կանոնները, որով մենք խաղում ենք, շատ աղավաղված են։ Անգամ Հայաստանում տարբեր տեղեր տարբեր ձեւով են խաղում։ Իսկ մարդիկ սովորաբար հակված չեն ուրիշ կանոններով խաղալ, քանի որ դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում»,- ասում է Գեւորգ Խաչատրյանը։

Ընդհանրապես, մեզ մոտ բլոտը խաղում են 301-միավորից. հաղթում է այն զույգը, որն առաջինն է հասնում 301-ի։ Մինչդեռ Գ. Խաչատրյանի կարծիքով, մրցաշարի ժամանակ 301-ից խաղալն անիմաստ է, այն չի կարող ի հայտ բերել ուժեղ խաղացողներին։

«Հասկանալի դարձնելու համար կոպիտ օրինակ բերեմ։ Օրինակ, մի զույգը «հիսուն» ունի՝ նույն երանգից 4 հաջորդական խաղաթուղթ, եւ այդ խաղաթղթերով հայտարարում է 12։ Ինչպես մեզ մոտ ասում են՝ քիչ լինի, մերը լինի։ Մյուս զույգն այդ նույն խաղաթղթերով հայտարարում է 19 եւ «հանում է» (հավաքում է 19 եւ ավելի միավոր)։ Այ, այս դեպքում կարող ենք ասել, որ երկրորդ զույգն ավելի լավ է խաղացել, որովհետեւ նույն խաղաթղթերով ավելի շատ միավոր է վաստակել։ Ֆեդերացիայի հիմնական նպատակներից մեկն էլ հաշվարկի համար այսպիսի ստանդարտների մշակումն է», – նշում է Գ. Խաչատրյանը։

Վերջինս հավաստիացրեց, որ իրենց ֆեդերացիան մշակել է խաղերի անցկացման, կանոնների, հաշվարկի ստանդարտներ։ Այսինքն՝ Ֆեդերացիան կա, կանոնները կան, իսկ բլոտ խաղացողներ՝ ինչքան ուզես։ Ի՞նչն է խանգարում կազմակերպված մրցաշարերի անցկացմանը։

Գ. Խաչատրյանի հավաստմամբ, առաջին խոչընդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն է։ Իսկ հովանավորներ գտնելուն իր հերթին խանգարում է նաեւ այն, որ թղթախաղի նկատմամբ բացասական նախատրամադրվածությունը դեռ մնում է։ «Թեթեւ, անլուրջ են նայում թղթախաղին։ Ասում ես՝ «Բլոտի ֆեդերացիա», պատասխանում են՝ յա, տենց բան էլ կա՞»,- սրտնեղում է Գ. Խաչատրյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ դիմել են տարբեր պետական եւ մասնավոր կառույցների՝ կոնկրետ առաջարկություններով, սակայն մերժում են ստացել։ «Նախեւառաջ չեն հավատում, որ բլոտը, որպես մարզաձեւ, մեր երկրում կարող է կայանալ։ Չեն հավատում, որ կարող է կայանալ նաեւ որպես բիզնես։ Ընդ որում, երբ ասում ես, որ բլոտի մրցաշարեր կազմակերպելը կարող է շահութաբեր բիզնես լինել, շատերն այն նույնացնում են կազինոյի հետ։ Սակայն դա կազինո չէ։ Ինչպե՞ս են մարդիկ ժամավճար տալիս եւ բիլիարդ խաղում։ Նույն ձեւով էլ կարող են բլոտ խաղալ, հաճույքի համար»։

Ինչ վերաբերում է թղթախաղի նկատմամբ բացասական վերաբերմունքին, ըստ Գ. Խաչատրյանի, դա հիմնավորված չէ։ Ավելին, Գ. Խաչատրյանի կարծիքով, թղթախաղը կարող է նպաստել երեխայի մտավոր զարգացմանը. «Հայաստանում պետք է թղթախաղի դպրոցներ բացվեն, ինչպես, օրինակ, շախմատի կամ շաշկու դպրոցներն են։ Ճապոնացիները գիտության ու տեխնիկայի ոլորտում իրենց հաջողություններով շարունակում են աշխարհին զարմացնել։ Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ նրանց ուղեղը փոքր ժամանակվանից ճկուն է։ 5-6 տարեկանից բրիջ են խաղում, որը զարգացնում է տրամաբանությունը»։

Բլոտի ֆեդերացիայի նախագահը նաեւ նշեց, որ որքան էլ զարմանալի հնչի, թղթախաղը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Օրինակ, Եվրոպայում ամիսը մի քանի անգամ բրիջի մրցաշարեր են անցկացվում, որոնց նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է։

Ֆեդերացիան մեզ մոտ էլ ցանկանում է մրցաշարեր անցկացնել։ Ընդ որում, Գ. Խաչատրյանը կարեւորում է, որ զույգերը լինեն խառը, այսինքն՝ աղջիկ-տղա։ «Բացի այդ, մրցաշարը պետք է լինի փառատոնային՝ ավելի մեծ ուշադրություն գրավելու եւ հետաքրքրություն առաջացնելու համար»,- նշում է պրն Խաչատրյանն ու վստահեցնում, որ դա ապագայի հարց է։

Իսկ մինչ այդ մրցաշարեր կազմակերպում են առանձին ակումբները։ Օրինակ, նոյեմբերի 10-ին «Սպիտակ Ագռավ» (“ըպսՈ