Երեւանի ժամանակակից սուպերմարկետների կողքին այսուհետ կգործի հենց այսպիսի հետաքրքիր կահավորանքով խանութ։ «Ամուր կորիզ» անունը կրող այս խանութը, որի բացումը տեղի ունեցավ երեկ, տարբերվում է ոչ միայն իր արտաքին հարդարանքով, այլեւ բովանդակությամբ։ Այստեղ վաճառվելու է բացառապես օրգանական եղանակով ստացված մթերք։ Ըստ մասնագետների՝ օրգանական եղանակով ստացված սննդամթերքն առաջին հերթին առողջարար է, այն չի առաջացնում ալերգիաներ, կանխում է թունավոր նյութերի կուտակումն օրգանիզմում։ Սննդամթերքն աճեցված է Հայաստանի տարբեր շրջաններում։ Օրինակ, կարտոֆիլը բերվելու է Բռնակոթից, Վարդենիսից, Գանձաքարից, ծառի սունկը, հոնը, ընկույզն ու տխիլը` Գանձաքարից, ազնվամորին՝ Ալափարսից, մեղրը՝ Վարդենիսից եւ այլն։ Հայր Տաթեւ սրբազանի օրհնությամբ երեկ տեղի ունեցավ խանութի հանդիսավոր բացումը։ Ներկա էր նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ով իր ելույթում շատ կարեւորեց նման խանութի առկայությունը՝ ասելով, որ ժամանակն է, որ հայ հասարակությունն էլ սնվի էկոլոգիապես մաքուր սնունդով։ Մեր հարցին՝ իսկ մինչ այդ մենք ի՞նչ էինք ուտում, Դ. Լոքյանը պատասխանեց. «Մեր խաղողը, ծիրանը, խնձորն աճում են` օգտագործելով պարարտանյութեր, սա նորմալ երեւույթ է։ Ընդհանրապես բույսն աճում է այդ սկզբունքներով։ Իսկ օրգանական գյուղատնտեսության սպեցիֆիկան այն է, որ բացառվում է այդ կարգի նյութերի օգտագործումը։ Եթե նույնիսկ մրգատու ծառի բերքի կեսը որդնած է, միեւնույն է՝ դրա համար թունաքիմիկատ չի օգտագործվում։ Իսկ այն, ինչ մենք օգտագործում ենք, դա էլ է նորմի մեջ, բայց օրգանական գյուղատնտեսության այս ճյուղը նոր զարգացող ուղղություն է։ Աշխարհում այսպիսի սննդամթերքի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել։ Եվ ինչո՞ւ մենք հնարավորություն չտանք մեր գյուղացուն` զարգացնել այս ուղղությունը»։
Թունաքիմիկատներով սնվող մեր ժողովուրդը գուցե միանգամից չվազի այս խանութ, քանզի գներն այստեղ սովորականից մի քիչ բարձր են, սակայն առողջ սննդի համար ոչ այնքան թանկ։ Ասենք, խնձորն արժե 600 դրամ, իսկ դդմի մեկ կիլոգրամը՝ 200 դրամ։ Ենթադրվում է, որ խանութից հիմնականում կօգտվեն դիվանագիտական աշխատողները, արտասահմանցիները, չի բացառվում, որ հայ օլիգարխներին էլ գրավի այս խանութը։ «Բայց ժամանակի ընթացքում, երբ մարդկանց կենսամակարդակը բարձրանա, նրանք էլ կսկսեն օգտվել այս խանութից»,- վստահեցնում է Դավիթ Լոքյանը։ Իսկ թե ե՞րբ կբարձրանա մարդկանց կենսամակարդակը՝ հայտնի չէ, ուստի առայժմ էկոլոգիապես մաքուր սնունդ կարող են ուտել միայն հարուստները:
Չի բացառվում, որ հետագայում այս խանութն ունենա նաեւ իր ցանցը, այսինքն՝ տարբեր խանութներում կբացվեն հատուկ բաժիններ, որոնք կսպասարկեն օրգանական եղանակով աճեցված բանջարեղեն։ Ինչպես տեղեկացանք «Շէն» կազմակերպության (խանութի հիմնադիրներից է:) ներկայացուցիչ Օշին Եղիազարյանցից՝ նման օրինակ արդեն եղել է ԳՈՒՄ-ի շուկայում։
«Օրգանական եղանակով աճեցված սննդամթերքը 30 տոկոսով թանկ էր մնացածից, սակայն օրվա վերջում ամենը սպառվեց»,- ասաց Օշին Եղիազարյանցը։