Բառարան մի փնտրեք։ Լատիներեն այս բառակապակցությունը նշանակում է «Անդրկովկասյան գորշ արջ»։ Մինչ մենք նախորդ համարում փորձում էինք համեմատության եզրեր գտնել հայկական դրամի եւ «տուզիկ» մակնիշի շան միջեւ, ՀՀ Կենտրոնական բանկը մեր փառապանծ ազգային արժույթին վայել շատ ավելի վեհ կենդանի է գտել։ ԿԲ-ն շրջանառության մեջ է մտցրել անդրկովկասյան գորշ արջին նվիրված արծաթե հուշադրամ՝ 100 դրամ անվանական արժեքով: ԿԲ-ն նաեւ «Լայնականջ ոզնուն» նվիրված հուշամեդալ է թողարկել։ Սա, ըստ երեւույթին, ոչ թե խորհրդանշում է մեր ազգային դրամի հզորությունը, այլ պատկերավոր ներկայացնում է այն, ինչ սպասվում է դրամի արժեքավորումից չափից դուրս շատ բողոքողներին։ Խելոք չմնացողներին նստեցնել ոզնու վրա։ Որքան գիտենք, այս մեթոդի հեղինակային իրավունքը պատկանում է դաշնակներին։ Երեւի փորձի փոխանակում է եղել։
Իսկ մինչ մեր դրամը «արջավայել» քայլերով նվաստացնում է բոլոր համաշխարհային արժույթները, Ազգային ժողովը փորձում է լսումների միջոցով պարզել նրա կատաղության պատճառներն, ավերածության մասշտաբներն ու հանգստացնող դեղամիջոցներ գտնել։