Սենյակ: Սեղան, գրքեր, պատերին եւ գրադարանին՝ բեմարվեստի շնչով նկարներ,
դիմանկարներ, բազմոց՝ իր բարձիկներով: Եվ գրասեղան, հատկապես գրասեղան՝
ծանրաբեռնված գրքերով, թղթերով… եւ էլ ոչինչ. այսպիսին է Գարեգին Նժդեհի
թոռնուհու՝ դերասանուհի, բեմադրող-ռեժիսոր Գոհարինե Նժդեհ-Տրդատյանի
սենյակը:
– Ե՞րբ եք իմացել, որ Գարեգին Նժդեհի թոռնուհին եք:
– Միշտ էլ իմացել եմ: Ինձ ասում էին, որ նա ֆաշիստ է եղել, Հայաստանի
թշնամի, քանդել է Հայաստանը: Ինստիտուտում սովորելու ժամանակ հաճախ էի
լսում՝ ֆաշիստի թոռ, Նժդեհի թոռ: Լաց էի լինում, գնում էի մորս մոտ,
հարցնում, թե ո՞վ է Գարեգին Նժդեհը: Նա էլ ասում էր, որ իրեն ասել են, որ
նա, դժբախտաբար, վատ մարդ է եղել, ազգի թշնամի: Որ հետո վերածվեց ազգային
հերոսի:
– Ինչպե՞ս է եղել Նժդեհի ամուսնությունը:
– Այնքան էլ շատ բան չգիտեմ: Տատիկս սարսափից չէր խոսում այդ մասին: Գիտեմ
միայն, որ տատիկս՝ Գոհարիկ Դադայանը, աղի հանքերի տեր Պողոս
Մելիք-Դադայանի աղջիկն էր: Մելիք անվանումը հանել էր իր ազգանունից, քանի
որ սովետի ժամանակ ընդունելի չէր: Եղբայրներ ուներ, որոնք դաշնակցական
էին, սակայն եղբայրները Նժդեհին չէին սիրում, կապված իրենց քրոջ հետ,
նաեւ, որ նա Դաշնակցության հետ տարաձայնություններ ուներ: Տատիկս
Երեւանում էր ապրում, այժմյան կ/թ Մոսկվայի ամառային դահլիճի դեմացը:
Թաքուն ամուսնանում են, երբ 19 թվին ծնվում է մայրս՝ Լիլյա Գարեգինի
Դադայանը, որոշ ժամանակ միասին են ապրում, սակայն հետո՝ չգիտեմ: Տատս
արդեն նորածին աղջիկ ուներ, երբ մի գիշեր ձիու սմբակի ձայներ են լսում,
Նժդեհը գալիս է: Տատիկս դուրս է գալիս, Նժդեհի հետ խոսում է, թե ի՞նչ,
հայտնի չի: Սակայն հետը չի գնում: Դա պատահում է մի գիշեր մինչ Նժդեհի 21
թվի Պարսկաստան անցնելը: Այդպես էլ Նժդեհը աղջկան չի տեսնում:
– Ինչպիսի՞ն էր Գոհարիկ Մելիք-Դադայանը:
– Գիտեմ, որ սովորել է Երեւանի Օրիորդաց վարժարանում: Երեւանում բացել է
առաջին մանկապարտեզը: Շատ էր անհանգստանում փոքրիկ երեխաների համար:
Աշխատել է մանկատներում, դաս է տվել: Ասեմ, որ տատիկիս եւ պապիկիս մի նկար
է պահպանվել, այն էլ՝ պատռված: Նկարում տատիկս կա, իսկ Նժդեհը՝ ոչ:
Կտրել-հանել է: Անցյալից ոչինչ չէր խոսում, լռում էր: ԿԳԲ-ն տատիկիս
ստիպում է ամուսնանալ: Ամուսնանում է Աշոտ Ալավերդյանի հետ, նա տատիկիս
շատ էր սիրում: Մայրիկիս համար էլ հայր է եղել, քանի որ աղջկան ամեն
կողմից ասում էին, որ Գարեգին Նժդեհը դավաճան է, Սովետին դեմ է: Երեւանում
բոլորն էլ գիտեին, որ սա Գարեգին Նժդեհի կինն է, Լիլյան էլ՝ աղջիկը: Սիլվա
Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը գալիս էին մեր տուն, խոսում տատիս հետ,
գիտեին, որ նա Նժդեհի կինն է: Տատիկիս մահից հետո նրա բարձի տակից հայ
հեղինակների գրքեր գտանք, որի մասին չգիտեինք: Տատիկս մահացավ 1975թ. հետո
պատառիկներ գտանք, որտեղ մի քանի տող էր գրել Նժդեհի մասին, որ «Մի օր
տանը հաց ուտելու ժամանակ պատառը կուլ չի գնում, Նժդեհը ասում է.«Ո՞նց
ուտեմ, ինչքա՞ն հայ մարդ է հիմա սոված»: Ու դուրս է գնում, քանի որ չէր
ծխում, սկսում է ետ ու առաջ անել»:
– Ինչպե՞ս է ապրել Նժդեհի ընտանիքը խորհրդային ժամանակներում:
– Սոսկալի պայմաններում: 30-ականներին մայրս ընդունվել է Բժշկական
ինստիտուտ, որտեղից հեռացրել են, քանի որ նա Նժդեհի աղջիկն էր: Հետո
ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է
ռադիոյում, թատրոնում, մեքենագրություններ է արել: Մանկավարժականը
ավարտելուց հետո պիտի անպատճառ գնային գյուղերում աշխատելու: Մայրս չի
կարողացել գնալ, քանի որ փոքր երեխա է ունեցել: Դրա համար դատել են:
Դատարանից նրան Ավետ Ավետիսյանն է ազատել: Եկել ինչ-որ բան է ասել
դատավորի ականջին, հավանաբար, որ նա Նժդեհի աղջիկն է, եւ հենց դատարանի
դահլիճից դուրս է հանել: Հետո էլ մորիցս ներողություն է խնդրել
«Զանգեզուր» ֆիլմում այդպիսի Նժդեհ կերպավորելու համար: Քանի անգամ տատիս
եւ մորս կանչել են ԿԳԲ: Հետո եմ իմացել: Անընդհատ հալածում էին: Մայրս շատ
հպարտ կին էր: Երեւի հորից էր ժառանգել: 80-ականներին իմացանք, որ մի որոշ
ժամանակ գործարանում աման լվացող է աշխատել, թաղման ժամանակ գործարանի
դիրեկտորը եկավ, ասում էր. «Եթե իմանայի, որ Նժդեհի աղջիկը մոտս աման
լվացող է աշխատում… ասում էր ու լալիս»:
– Ի՞նչ կարող եք ասել Նժդեհի ճակատագրի մասին:
– 21 թ. անցել է Իրան, հետո՝ Բուլղարիա, եղել է Ամերիկայում: Զբաղվել է
հայանպաստ աշխատանքով, հրատարակել է «Ցեղակրոնը»՝ հատուկ ամերիկահայերի
մեջ հայկական ոգին բարձր պահելու համար: Բուլղարիայում ամուսնացել է: Մեր
հաշվարկներով, ԿԳԲ-ն նրան 1944 թ. լավ չեմ հիշում Բուլղարիայում բռնում
են, բերում նախ՝ Ուկրաինա, հետո՝ Հայաստան հարցաքննությունների: Խնդրում է
Երեւանը տեսնել: Թույլատրում են: Զինված մարդկանց ուղեկցությամբ շրջում է
Երեւանում, տեսնում Ստալինի արձանը: Ասում է՝ Ստալինի արձանը ավելի մեծ է,
քան Հայաստանը: Ի դեպ, չեն թողնում անգամ պատուհանը բացի: Մի անգամ
հիվանդանոցում էի, ինչ-որ մեկը ինձ ասաց, որ իր քեռին իրեն պատմել է, որ
Նժդեհին թողել են մի քանի վայրկյանով տեսնել ընտանիքը, գիշերով նա առաջին
ու վերջին անգամ տեսնում է մեզ, երբ մենք միգուցե քնած ենք եղել: Մտածում
եմ, կարծես կինո լինի՝ մենք տանը քնած՝ Նժդեհը պատուհանից մեզ է նայել:
Կինո «Մոսկվայի» դիմացի մեր բնակարանի պատուհանները ցածր էին: Աքսորել են
Վլադիմիրի բանտը, «Ցենտրալկա» էր կոչվում, որտեղ բանտարկում էին խիստ
վտանգավոր քաղաքական հանցագործներին: Այնտեղից նամակներ է գրել: Նամակներ
է գրել նաեւ կնոջը, սակայն դրանք մեզ չեն հասել: Հայաստանում էր ապրում
նաեւ Նժդեհի եղբայրը: Եղբորն ուղարկված նամակները հասել են, իսկ իր
ընտանիքինը՝ ոչ: Մի քանի տարի առաջ ամուսինս՝ Պավել Անանյանը, Նժդեհի
եղբոր արխիվներում գտնում է Նժդեհի նամակը, որտեղ գրված է լինում, որ
բանտից 11 նամակ է գրել կնոջը: Այս նամակը միակ վկայագիր-փաստաթուղթն է:
«Իմ թանկագին դուստր Լիլյա
Ստացա քո առաջին պատվերային, 3.4. 55 թ. գրած նամակը:
Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է
ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ: Չէ՞ որ, սիրելիս, ես
քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երեւանում չեմ եղել: Ինչպես է քեզ
մեծացրել մայրդ, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան՝
մորդ, երախտապարտ եմ հավետ: Նա անկարելիության աստիճանի բարի էր,
բնույթով՝ քնարական, իդեալներով կին, մի խոսքով հրաշալի մարդ, սակայն մեզ
ճակատագրով վիճակված չէր միասին ապրել: Համբուրիր մորդ եւ ասա նրան, որ 7
տարի սրանից առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց
պատասխան չեմ ստացել: Նաեւ քո առաջին նամակները չեմ ստացել: Երջանիկ
կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո եւ իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները:
Համբուրում եմ բոլորիդ:
Քո հայր Գարեգին
Հ. Գ. Մեզ հե՞տ է ապրում արդյոք մայրդ:
12 ապրիլի, 55 թ.:»
Ենթադրում եմ, որ ԿԳԲ-ի ճնշման տակ մայրս Գարեգին Նժդեհին նամակ է
ուղարկում, երեւի հրաժարվել է հորից կամ էլ նման բան, նամակի
բովանդակությունից եմ կռահում: Բայց մայրս մեզ ոչինչ չի ասել:
53 թ. Ստալինի մահից հետո գրեթե բոլորին արդարացնում են, սակայն Նժդեհին՝
ոչ: Դատապարտված էր 25 տարվա ազատազրկման: Նժդեհից վախենում էին, նա լավ
հռետոր էր եւ Սովետի թշնամի, ազգային գաղափարախոս: Չէ՞ որ, նա էր, որ
ջարդեց 11-րդ Կարմիր բանակը: Բանտում էլ մահացավ 55 թ.: Իսկ ոսկորներն
ամուսինս 1983 թ. գնաց-բերեց:
– Ե՞րբ ճշմարտությունը իմացաք Նժդեհի մասին:
– 80-ականներին: Լիբանանից ինձ ուղարկեցին դաշնակցական Ավոյի «Նժդեհ»
գիրքը: Կարդացի, հասկացա ով է եղել պապս: Սակայն զգում եմ, որ ոչինչ չի
փոխվել: Այն ժամանակ էլ էինք վատ ապրում, հիմա էլ: Տանը վեց հատ դիպլոմ
կա, բայց ոչ ես, ոչ ամուսինս աշխատանք չունենք: Խոսում են, գովում են
Նժդեհին, գրքեր են հրատարակում, վերահրատարակում: Ինձ կանչում են
հարցազրույցների եւ այլն: Բայց զգում եմ, որ այս երկրին պետք չեն
պրոֆեսիոնալ մարդիկ: Գուցե աֆրիկյան ցեղերին ավելի պետք լինենք: Ես
պրոֆեսիոնալ եմ, ցանկանում եմ բեմադրությամբ զբաղվել, սակայն ոչ ոքի պետք
չեմ: Ես նախ եւ առաջ դերասանուհի եմ, հետո՝ Նժդեհի թոռնուհին: Անցյալ տարի
պայմանագրով աշխատում էի Կոմեդիայի թատրոնում: Այս տարի Երվանդ Ղազանչյանը
կրճատեց: Մի քիչ պոռթկուն եմ, ընդդիմացող: Տատիկս ժամանակին ասում էր, որ
պապիս եմ քաշել: Սիրում եմ ճշմարտությունն ասել, որ ամեն մեկին դուր չի
գալիս:
– Ի՞նչ կասեք մեր իրականության մասին:
– Գորշ մարդկանց ժամանակներ են: Կանայք տեղ չունեն: Ասիական մտածելակերպ
է, կանանց վերեւից են նայում: Իսկ խելացի կանանց տեղ չեն տալիս: Նժդեհը
էջեր ունի, որտեղ արժանին է մատուցում հայ կանանց: Կարծում եմ, որ Նժդեհի
թոռը չլինեի՝ ավելի հանգիստ կապրեի:
Մտածում եմ՝ այս երկրից գնալ, ոչ ոքի պետք չեմ, աշխատել եմ ուզում, ուզում
եմ բեմադրություններով զբաղվել, ախր պրոֆեսիոնալ եմ, բայց… չգիտեմ՝
ինչպես եմ ապրելու, աղջիկս գալու է, տանը ոչ ոք աշխատանք չունի, եւ
սարսափելին այն է, որ ով որ պետք է, գիտի այդ մասին, բայց…