Ազատել են աշխատանքից

18/10/2006

Մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Նախարարության լրատվական բաժնից մեզ փոխանցեցին, որ Ա. Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Մինչդեռ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կալանավայրի պետի աշխատանքի հետ կապված դժգոհություններ է ունեցել: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ցմահ ազատազրկված կալանավորների կողմից արձանագրվել էր փախուստի փորձ, բացի դա, հանձնուքների միջոցով թմրանյութեր էր փոխանցվել: ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակվել է ԱՆ Քրեակատարողական տեսչության գլխավոր մասնագետ Վահան Մարգարյանը: Հուսանք, որ ՔՀ նոր պետի պաշտոնավարումն ավելի երկարատեւ կլինի, այլապես «Նուբարաշեն» ՔՀ-ում անընդհատ պետերի էքսպերիմենտներ են անում: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանն էլ վերջերս էր նշանակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: