Ովքե՞ր են կանգնած թիկունքում

18/10/2006

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարություն է տարածել, ուր իր դժգոհությունն է արտահայտում «Ընտրական համակարգերի կենտրոնից», որն իր կայքէջից նախորդ շաբաթ նախագահի թեկնածուների վարկանիշային քվեարկությունից հանել է Վազգեն Մանուկյան անուն-ազգանունը՝ պատճառաբանությամբ, թե նրա համախոհների կողմից ոչ կոռեկտ քվեարկություն է իրականացվել:

 «Ընդգծեմ, որ այս ամիսների ընթացքում ընտրողների քվեարկության արդյունքում` կայուն ձեւով ձայների քանակով միշտ առաջին հորիզոնականում եմ եղել եւ 2 անգամ ավելի քվե եմ ունեցել 2-րդ տեղը զբաղեցրած փոփոխվող թեկնածուներից: Այսինքն` իմ կողմնակիցներից որեւէ մեկը հիմք չուներ դիմելու տարբեր ապօրինի միջոցների եւ փորձելու անպատշաճ քվեարկություն իրականացնել (հասկանալի էլ չի, թե դա ի՞նչ է նշանակում): Բացի այդ,- նշում է Վազգեն Մանուկյանը,- վերոհիշյալ կազմակերպության նմանօրինակ հայտարարությունն ու կողմնակալ դատավորի կեցվածք ընդունելը հակասում է ինտերնետային կայքի գործունեության ընդունված միջազգային սկզբունքներին, եւ նշանակում է` կասկածի տակ դնել ու ոտնահարել հազարավոր ընտրողների իրավունքը, նաեւ` վիրավորել այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Այս իրավիճակում կարելի է կարծել, որ կազմակերպության ղեկավարությունն էլեկտրոնային կայքում տեղադրված նախագահի թեկնածուների դիմաց նաեւ կարող է գրել այն թիվը, որը կհամընկնի սեփական ցանկությանն ու տրամադրությանը: Ի՞նչ միտում կա այս պատմության մեջ, ովքե՞ր են կանգնած այս մարդկանց թիկունքում, արդյո՞ք կատարվածը սեփական կողմնորոշման կամ կարծեցյալ «սեփականատիրոջ» քմահաճույքի դրսեւորում է, թե՞ որոշակի շրջանակների պատվեր. իսկ գուցե այստեղ դեր են խաղացել որոշակի ֆինանսական հարցե՞ր: Սրանք ընդամենը ենթադրությունների դաշտից են, որտեղ մտնել առանձնապես չեմ ուզում»: Վ. Մանուկյանն այս հայտարարությամբ դիմում է նաեւ միջազգային այն կազմակերպություններին, որոնց դրամաշնորհներով ֆինանսավորվում է «Ընտրական համակարգերի կենտրոնը»՝ կոչ անելով նրանց` ուշադրություն դարձնել այս ամենին եւ համապատասխան եզրակացություններ անել:

Վ. Մանուկյանը դիմել է նաեւ լրատվամիջոցներին՝ առաջարկելով հետաքննություն իրականացնել եւ կենտրոնի տնօրինությունից պահանջել համապատասխան փաստեր եւ ապացույցներ: «Առաջարկում եմ լրագրողներին` էլեկտրոնային քվեարկության այս գործընթացը պահել ուշադրության կենտրոնում, դրանով իսկ վերահսկելով այն մարդկանց գործունեությունը, ովքեր իրենք են փորձում անպարկեշտ ձեւերով եւ միջոցներով ազդել հասարակական կարծիքի վրա»,- նշել է ԱԺՄ նախագահը: