Այս տարի հունիսի 16-ին ՀՀ Կառավարությունը հիմք ընդունելով իր 2002թ.1151-Ն համարի որոշումը՝ կայացրել է մեկ այլ որոշում. «հատկացնել Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի «Եվրոպա» հյուրանոցի հարակից հատվածում 282.12 քմ մակերեսով տարածք՝ «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին, ինչպես նաեւ նույն թաղամասի 50476.55 քմ մակերեսով տարածքը՝ «Սիթի սենթր դեւելըփմենթ» ՓԲԸ-ին»: Այսպես կոչված՝ Ֆիրդուսնոցի տարածքի իրացման մասին շատ է խոսել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Իսկ այս տարեսկզբին այդ տարածքի բնակիչներին են այցելել դեռեւս հասարակությանն անհայտ եւ կենտրոնում այդքան ահռելի տարածք ստացած «Սիթի սենթր դեւելըփմենթ» ընկերության ներկայացուցիչները, ծանոթացել նրանց սեփականության իրավունքների հետ եւ եզրակացրել, որ «այստեղ վիճակն ավելի բարդ է»: Իսկ այդ հատվածի բնակիչների կարծիքով` այդտեղ վիճակը բարդ է, որովհետեւ ապրողների մեծ մասն ունի իր զբաղեցրած տարածքի սեփականության վկայական:
«Այսինքն` նրանք մեզ շատ չեն կարողանա խաբել ու քցել, ոնց որ արեցին Հյուսիսային պողոտայում ու Բուզանդում»,- եզրակացնում է այդ տարածքի բնակիչ Միշան:
Ֆիրդուսնոցի բնակիչները հիշում են նաեւ տարիներ առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքը, թե՝ «Հարիր չէ, որ մեր քաղաքացիներն ապրեն 20-ական թվականների տներում: Կտեսնեք, թե շինարարական ինչ բիզնես կծաղկի»:
Տարածքի բնակիչները գոհ են նախագահի «բարի կամեցողությունից» եւ ուզում են ապրել 20-ական թվականների իրենց տներում, որովհետեւ չեն ուզում արժանանալ Հյուսիսային պողոտայի ու Բուզանդի բնակիչների ճակատագրին: Որովհետեւ շինարարական բում կամ բիզնես ասածն իրենց օգուտ չի բերի: Կօգտվեն մի քանի կառուցապատող օլիգարխները, իսկ իրենց կտան բնակարանի արժեքի կեսն ու դուրս կշպրտեն: «Իմ բնակարանը զբաղեցնում է մոտ 180 քմ,- ասում է Ալլա Մարտիրոսյանը: -Մեզ հաջողվեց սեփականացնել միայն 120 քմ: Հիմա վաղը որ գան ու քանդեն, հույս չունեմ, որ ինձ գոնե 120 քմ տարածք կտան: Հետո՝ ես չեմ էլ ուզում իրենց էլիտար շենքերում ապրել: Ինձ այստեղ ավելի ձեռ է տալիս, որովհետեւ օգտվում եմ շուկայի ընձեռած հնարավորություններից՝ առեւտուր եմ անում: Որ գնացի էլիտար շենքում ապրեցի, որտե՞ղ եմ աշխատելու: Այստեղ իմ օրվա ապրուստը կարողանում եմ հոգալ»:
Ֆիրդուսնոցում բնակարան ունենալը բնակիչների համար նաեւ աշխատանք ու եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս: Նրանք առեւտուր անելուց բացի, իրենց տարածքներն ու բակերը որպես պահեստ վարձով են տալիս մյուս առեւտրականներին: Պարզ է, որ այդտեղից տեղափոխվելով եւ այլ տեղ ապրելով՝ կկորցնեն իրենց ապրուստի միջոցը: Դրա համար էլ այդ բնակիչների համար իրենց 20-ական թվականների տներն ավելի ձեռնտու են: Նրանք չեն ուզում ապրել մեկ այլ համայնքում, կամ թեկուզ կենտրոնում եւ էլիտար բնակարանում ու չունենալ ապրուստի միջոց: Այդ տարածքում բնակիչներ կան, որոնք իրենք են դուրս եկել եւ վարձով են ապրում, որպեսզի իրենց բնակարանները որպես պահեստ մաս-մաս վարձով տան:
«Գիտեք, այս շուկայում 1 սեղանը մի քանի ընտանիք է պահում,- ասում է տիկին Ալլան: -Մի տունը 5-6 ընտանիքի համար ապրելու հնարավորություն է ստեղծում: Ես էլ ունեմ: Բա որ գնամ, ինչո՞վ եմ ապրելու: Խնդրեմ՝ տան հետ միասին թող 10-15 քմ տարածք էլ տան, որ աշխատացնեմ, 2-3 աշխատատեղ ստեղծեմ ու ապրեմ»: Իսկ Միշայի երկհարկանի տունը բակի հետ միասին զբաղեցնում է մոտ 300 քմ տարածք: Նա առաջին հարկը վերանորոգում է, որովհետեւ մեկ-երկու շաբաթից միանգամից երկու հարս է տուն բերելու, առանձին սենյակներ են պետք: Նա լսել է, որ իրենց տունը վերցնելու են եւ քանդելու են, սակայն ուրիշ ելք չունի: «Երբ կքանդեն՝ դուրս կգանք,- ասում է Միշան: -Բայց մինչեւ դուրս գալը պետք է տան իմ բնակարանի ամբողջ գումարը եւ 2 ամիս էլ ժամանակ, որ կարողանամ տուն գնել ու տեղափոխվել: Հակառակ դեպքում իմ տունը նրանց չեմ տա: Պետք է նախօրոք գան, պայմանագիր կնքեն, պետք է մենք համաձայնենք իրենց տված գումարի չափի հետ: Բա 2 հարկանի տուն եմ տալիս: Մենք Բուզանդի բնակիչների դաժան օրինակն աչքներիս տակ ունենք, թույլ չենք տա, որ մեզ էլ նրանց օրը գցեն»:
Միշան ու իր հարեւաններն այդ տարածքում կառուցվող շենքերից բնակարան չեն ուզում: Գումարն են ուզում, իսկ բնակարանը իրենք էլ կգնեն: Նրանք չեն ուզում ապրել էլիտար բնակարանում, որովհետեւ այդտեղ ծախսը շատ է:
«Նախ` ինձ ձեռ է տալիս, որ այստեղ՝ իմ տանն էլ ապրեմ,- ասում է Միշան: -Բայց եթե պետք է դուրս գամ, թող իմ տունն արժանի գնահատեն ու փողն ինձ տան: Ես ուր ուզեմ, այնտեղ էլ տուն կգնեմ: Էդ էլիտար շենքերում ամիսը 200-300 դոլար անվտանգության ու զանազան այլ բաների համար գումար է պետք, ինձ պետք չի այդպիսի շենքում ապրել: Ես չեմ կարող էդ ծախսի տակից դուրս գալ: Միգուցե ես մի էժան տուն կառնեմ, իսկ մյուս փողով ինչ-որ գործ կդնեմ: Երկու ամուսնացած տղա ունեմ, երկուսն էլ աշխատանք չունեն: Էս շուկան էլ որ չեղավ, բա ինչո՞վ պետք է ապրենք»:
Այս մարդկանց կարծիքով` Ֆիրդուսի շուկան խորհրդային տարիների մի մեծ գործարանի դեր է կատարում: Այդ շուկայի մոտ 500 տաղավարներ 2-2,5 հազար աշխատատեղեր են ստեղծել ու այդքան ընտանիք պահելու հնարավորություն են տալիս: Փակվելուց հետո այդքան ընտանիք մնալու են առանց ապրուստի միջոցի: Նրանք հույս չունեն, թե կառավարությունը մեկ այլ որոշում էլ կընդունի եւ այդ շուկային մեկ այլ տեղ տարածք կհատկացնի: Բայց քանի դեռ շուկան չեն փակել՝ կաշխատեն: Չեն ուզում ուրիշ տեղ գնալ, որովհետեւ իրենց մոտ վարձավճարները համեմատաբար էժան են, ու իրենք կարողանում են իրենց առեւտուրը մի փոքր էժան կազմակերպել: Այնուամենայնիվ, նրանք հույս ունեն, որ մինչեւ 2008թ. կեսերը շուկան դեռ կաշխատի, որովհետեւ այդ տարիներին երկու՝ Ազգային ժողովի ու նախագահի ընտրություններ կան: Մեր իշխանությունները չեն ուզենա, որ այդքան ժողովուրդ իրենցից դժգոհ մնա ու միանա Բուզանդի, Կոզեռնի բնակիչներին ու Դալմայի այգիների վարձակալներին: Իսկ ապահովության համար ֆիրդուսցիներն իրացված գոտիների բնակիչների հետ միասին բողոքի ակցիաներ կկազմակերպեն եւ իշխանություններից կպահանջեն հարգել իրենց մարդկային ու սեփականության իրավունքները: