Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը չի ժխտում, որ իր ղեկավարած կառույցում կոռուպցիա կա: Նա նույնիսկ կզարմանար, եթե ասեին` համակարգում կոռուպցիա ընդհանրապես չկա, որովհետեւ կոռուպցիա կա ամբողջ աշխարհի մաքսային համակարգերում:
Նա նույնիսկ հիշեց Ամերիկայի մաքսային տեսուչի մասին, որին համակարգից հեռացրել էին, որովհետեւ 6,5 մլն դոլարի կաշառք էր վերցրել: Սակայն համաձայն չէ, որ Հայաստանի Մաքսային ծառայությունը շատ է կոռումպացված: Եվ զարմանում է, որ Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, թե Հայաստանի մաքսային համակարգում բարեփոխումները բավականին դանդաղ են տեղի ունենում, եւ բավականին մեծ է կոռուպցիայի մակարդակը: Արմեն Ավետիսյանի ասելով, իր ղեկավարած կառույցն անշեղորեն կատարում է ՀԲ-ի բոլոր պահանջները: Ա.Ավետիսյանը նաեւ նշեց, որ նույն ՀԲ զեկույցում ներկայացված է հարցում, ուր հարցվածների միայն 3 տոկոսն են մաքսային ոլորտը համարում կոռումպացված: Այս տարվա 9 ամիսներին աշխատանքից ազատվել են 121 մաքսային ծառայողներ: Ա.Ավետիսյանի ասելով, այդ աշխատակիցների մեջ կան նաեւ կոռուպցիայի պատճառով ազատվածներ:
Ա.Ավետիսյանը նաեւ համաձայն չէ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարության հետ, թե իր տեղակալ Գագիկ Խաչատրյանը 11 բիզնես ունի եւ եթե չցանկանա էլ՝ կխոչընդոտի շուկայում իր մրցակիցներին:
«Ես այս պաշտոնում աշխատում եմ 2001 թվականից` եւ առայսօր
Խ. Սուքիասյանի բիզնեսներն ավելի են ծաղկել,- ասաց Ա.Ավետիսյանը: -Ինձ թվում է, նրա աշխատողներն են որոշ հարցերում թերացել եւ, որպեսզի արդարանան, ներկայացրել են, թե Մաքսայինում խոչընդոտներ կան»,- երեկվա ասուլիսում ասաց Ա. Ավետիսյանը:
Իսկ իր տեղակալ Գ.Խաչատրյանի բիզնեսից էլ միայն «Գալաքսի» սուպերմարկետի մասին գիտի, այն էլ թերթերում է կարդացել: «Այն էլ ոչ թե իմ տեղակալինն է, այլ նրա բարեկամինը: Վերջիվերջո, եթե դու Մաքսային կոմիտեում պաշտոն ես զբաղեցնում, քո բոլոր բարեկամները հո միայն գրադարանավարներ չե՞ն լինի»,- ասաց Ավետիսյանը:
Իսկ այս զրույցից առաջ Մաքսային պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց անցած 9 ամիսների արդյունքները: Նրա ասելով՝ մաքսային եկամուտները գումարային արտահայտմամբ նվազել են, բայց արտահանման ծավալներն աճել են: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, մաքսային եկամուտները կազմել են 320 մլրդ դրամ, այս տարի նվազել են մինչեւ 296 դրամի: Այս տարի ֆերոմոլիբդեն ավելի շատ է արտահանվել, սակայն համաշխարհային շուկայում դրա գնի անկման պատճառով պակասել է դրանից ստացվող եկամուտը: 7000 տոննայով նվազել է նաեւ ներկրվող բենզինի քանակը, բայց դրան հակառակ ավելացել է գազի ներկրման ծավալը: Ա.Ավետիսյանը «ՀայՌուսգազարդից» տեղեկացել է, որ գազով աշխատող մեքենաներն այս ընթացքում 46 տոկոսով ավելի վառելիք են սպառել: Իսկ դրամի արժեւորման համար պարոն Ավետիսյանը որպես քաղաքացի` հպարտ է, բայց որպես Մաքսային կոմիտեի նախագահ` դժգոհ, որովհետեւ իրենց մուտքերն են նվազել: Մաքսային մուտքերն ավելացրել են միայն վարչարարության շնորհիվ: Նա վստահեցրեց, որ հագուստի, կահույքի, շինանյութի եւ սննդի ներկրման ոլորտում նվազեցրել են ստվերային գործունեությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում բացահայտել են մեծ թվով մաքսանենգության դեպքեր: Անցած տարվա 43-ի դիմաց 2006 թվականին բացահայտվել է 202 դեպք՝ 835 մլն դրամ ծավալով, որից 22-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: